Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկել են ժամանակներ, երբ մենք պետք է ազատվենք «նյու ֆիդայականությունից». «Իմ քայլի» պատգամավորը՝ Սերգեյ Բագրատյանի նախաձեռնության մասին

Նոյեմբեր 12,2019 13:24

ԱԺ այսօրվա նիստում քննարկվեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը հարկային արտոնություններ է սահմանում այն բարերարների համար, որոնք բանակին նվիրաբերելու նպատակով ինչ-ինչ ապրանքներ եւ ռազմական տեխնիկա են ցանկանում բերել ՀՀ: Մասնավորապես, օրինագիծն առաջարկում է նշյալ ապրանքների համար ավելացված արժեքի հարկ չսահմանել: ԱԺ համապատասխան հանձնաժողովում այս օրինագիծը բացասական եզրակացություն է ստացել՝ պատճառաբանությամբ, որ գործող իրավակարգավորում կա, բացի այդ՝ երկակի նշանակության ապրանքների դեպքում խնդիրներ կարող են առաջանալ:

Սերգեյ Բագրատյանը հիշեցրեց՝ ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ անհատներն ուզում էին ռազմական տեխնիկայով օգնել բանակին, բայց մաքսակետերում նրանցից ԱԱՀ էին պահանջում:

«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը Բագրատյանի մտահոգության հետ համաձայնեց, բայց նշեց. «Եկել են ժամանակներ, երբ մենք պետք է ազատվենք «նյու ֆիդայականությունից»: Եթե զինվորը տեսնի, թե ինչպես են «տուշոնկա», տանկեր ու «կալբաս» բերում, չի հարցնի՞ բա պետությո՞ւնն ինչ է անում»:

«Իմ քայլի» պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին ֆիդայականության մասին ասվածը դուր չեկավ. «Մի համեմատեք պետությունն ու ֆիդայիններին, մի բերեք նրանց այս դաշտ: Սխալ է, որ ինչ-որ բան առանց հարկվելու գնա ռազմաճակատ: Հարկն էլ է օգնում բանակին, բայց չի կարելի այդպես խոսել ֆիդայիների մասին: Այդ ֆիդայիներն են թուրքի մաման լացացրել, ծնկի բերել, ու նրանք այսօր ոռնում են, թե Խոջալուում ցեղասպանություն է եղել: Ինձ էլ մի օր դրա համար կդատեք, որ մասնակցել եմ դրան»:

Պատգամավորների մեծամասնությունը «դեմ» քվեարկեց, ուստի օրինագիծը չի քննարկվի լիագումար նիստում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930