Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Աբրահամյանը պատասխանում է, թե ինչպե՞ս է կառավարությունը հայերենը գիտության լեզու դարձնելու, եթե այն դուրս է բերվելու բուհական պարտադիր կրթական ծրագրերից

Նոյեմբեր 12,2019 13:14

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր. « Նիկոլ Փաշինյանի այս կառավարության ծրագիրն եմ նայում, «Կրթությունը և գիտությունը» բաժնում գրված է. ստեղծել անհրաժեշտ պայմաններ հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար։ Հիմա հարց. Ինչպե՞ս է ՀՀ Կառավարությունը պատրաստվում հայերենը գիտության լեզու դարձնել, եթե Արայիկ Հարությունյանը պատրաստվում է դուրս բերել այն բուհական պարտադիր կրթական ծրագրերից։ Չլինի՞ թե ԿԳՄՍ նախարարն ու վարչապետը մտածում են, որ դպրոցներում պիտի կարողանան հայերենը ժամանակակից գիտության լեզու դարձնել։

Ամեն պատեհ և անպատեհ առիթով Փաշինյանը հայտարարում է, թե ինքն է ժողովուրդը, որովհետև ժողովրդի վստահության քվեն ստացած կառավարության ղեկավարն է։ Հիմա թող բացի իր իսկ Կառավարության ծրագիրը և կարդա, թե ինչ է այնտեղ գրված եղել։ Ինչ խոստումներ են տվել։ Հնարավոր է, այդպես հասկանա, որ այն ինչ անում են հիմա, իրենց խոստումների ճիշտ հակառակ ծրագիրն է»։

Aravot.am-ը այս մասին մեկնաբանություն խնդրեց ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանից: «Ինչպես արդեն սովորական է դարձել խեղաթյուրվում է ողջ նախագծի գաղափարը, որի հիմնական շեշտադրումը մասնագիտական մրցակցայնության եւ բուհական ինքնավարության բարձրացումն է, որի մասին տարիներով խոսվել է, պարզապես այսօր շահարկման ու զգայուն լարերի վրա խաղալու հարմար թեմա է։

Այո, մեր նախընտրական ծրագրով առանձնացրել ենք Հայոց լեզվի ու պատմության՝ որպես գիտական ուղղություններ զարգացնելու նպատակը, եւ դա նաեւ այս նախագծում է արտացոլված, որում հստակ ամրագրված են հայագիտական հետազոտությունների գերակայությունը, սփյուռքի համար հայագիտության զարգացման ու հայ մշակութային ժառանգության ճանաչման տարածման նպատակով մասնագետների պատրաստումը, ազգային ինքնության և համամարդկային արժեքների արմատավորումը, որի համար նաեւ ֆինանսավորման հնարավորություն է տրված, ինչը նախկինում, նույն իրենց կառավարման տարիներին չէր իրականացվել երբեք։

Նախագծով նախատեսված է բազային ֆինանսավորման տրամադրում բուհերին` ազգային արժեք ներկայացնող գիտական ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման նպատակով, սա շատ ավելի կարևոր է Հայոց լեզվի ու պատմության տարածման համար, քան զուտ առարկայական կրկնությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930