Ի՞նչ քաղաքականություն էին իրականացնում նախկիններն Արցախի հարցում, եւ ի՞նչ քաղաքականություն են իրականացնում այսօրվա իշխանությունները։ Որպեսզի հասկանանք՝ ճի՞շտ քաղաքականություն է (էր) իրականացվում, թե ոչ, նախ պիտի պարզենք՝ ո՞րն է մեր նպատակը, մենք ուզում ենք կարգավորե՞լ հակամարտությունը, թե՞ հնարավորինս երկարաձգել ներկա վիճակը։ Սա կարեւորագույն հարցն է, որովհետեւ իրականացվող քաղաքականության ճիշտ կամ սխալ լինելը նպատակից է կախված։ Եթե մեր նպատակը ներկա վիճակը պահպանելն է, ապա դրան հասնելու համար պետք է ձգձգել բանակցությունները, զուգահեռաբար հզորացնել երկիրը (տնտեսություն, բանակ եւ այլն), եւ հույս ունենալ, որ դաշնակիցները հակառակորդին թույլ չեն տա նոր պատերազմ սկսել, սկսելու դեպքում էլ՝ կաջակցեն մեզ։ Իսկ եթե մեր նպատակը վերջնական խաղաղության հասնելն է, պիտի հայտարարել, որ վերջնական կարգավորումը պիտի ընդունելի լինի նաեւ դիմացինի համար, ստիպել, որ դիմացինը նույնպես ընդունի այդ սկզբունքը (ավելի կոնկրետ՝ պաշտոնապես համաձայնվի, որ Արցախի վերջնական կարգավիճակը որոշվելու է պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով), եւ միայն դրանից հետո սկսել վերջնական փաստաթղթի շուրջ բանակցությունները։
Հիմա տեսեք՝ նախկին իշխանությունները երեւի համարում էին, որ ճիշտը վերջնական կարգավորումը հնարավորինս երկարաձգելն ու առկա վիճակը պահպանելն է։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ դա հնարավոր չէ։ Հատուկ շեշտում ենք ոչ թե ճիշտ է կամ սխալ, այլ գործնականում հնարավոր չէ։ Արտաքին աշխարհը (այդ թվում՝ մեր հիմնական դաշնակիցը) դա չի հանդուրժում ու նույնիսկ զինում է Ադրբեջանին, եւ ի վերջո ամեն ինչ հանգելու է նոր «ապրիլյան պատերազմի», որում մենք ոչ մի դաշնակից չենք ունենալու (ինչպես չունեցանք երեքուկես տարի առաջ)։ Հիմա հարց է ծագում՝ պետք է շարունակե՞լ այն քաղաքականությունը, որն իրականացվել է նախորդ իշխանությունների օրոք եւ մի անգամ արդեն ձախողվել է, թե՞ պետք է ակտիվացնել բանակցային գործընթացը՝ այնպես, որ Ադրբեջանը կամ միջազգային հանրության ճնշման տակ ավելի կառուցողական դառնա, կամ էլ գոնե ակնհայտ դառնա, որ ապակառուցողականն Ադրբեջանն է։ Վերջին հաշվով՝ ամբողջ աշխարհն ընդունում է, որ Արցախի վերջնական կարգավիճակը պիտի որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտմամբ, բացի Ադրբեջանից։ Հայկական կողմն էլ հենց այդ ուղղությամբ է ճնշում, որովհետեւ դիմացինի «թույլ տեղը» գտել է։ Ու զուգահեռաբար՝ ամրապնդում է բանակը։
Որեւէ մեկը կբացատրի՞ թե այս քաղաքականության որ մասն է «պարտվողական»։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում