«Արջի ծառայություն՝ Գագիկ Ծառուկյանին…ինչո՞ւ եմ այսպես որակում Գեւորգ Պետրոսյանին, որովհետեւ գոյություն չունեցող իրավիճակում գոյություն չունեցող ելքերը վերագրելով քաղաքական մեծամասնությանը՝ կարող է ստեղծվել ֆոն, որը կբերի վատ, ապակառուցողական հետեւանքների: Սրա դեմը պետք է առնել, սա պատիվ չի բերում այն քվեին, որը ստացել ենք այս խորհրդարանում հայտնվելու համար»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի՝ միասեռականներին եւ սեռափոխվածներին վերաբերող օրինագծերի մերժման շուրջ քննարկումներին:
Հակոբյանը խոսքն ուղղեց ԲՀԿ-ին. «Պարոն Պետրոսյանն ամիսներ շարունակ մի քաղաքական գծի մեջ է, որը ձեր հետ կապ չունի: Անընդհատ խոսում է համասեռականներից եւ անհասկանալի կերպարներից, փորձում է ներկայանալ այս երեւույթների դեմ պայքարող միակ մարդը՝ լինելով իրավաբան եւ մոռանալով սեփական գործունեությունն ու մանդատի կարեւորությունն այս դահլիճում: Վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանը հիմա պարոն Պետրոսյանի հետ խոսակցություն է ունենում: Համասեռականների ամենաուժեղ գովազն այս քաղաքական ամբիոնից իրենց մասին բարձրաձայնելն է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ