«Ազդային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Արա Գասպարյանի հետ Aravot.am-ը զրուցել է հայոց լեզու, հայոց պատմություն եւ ռազմագիտություն առարկաների դասավանդման շուրջ առաջացած խնդիրների եւ բյուջեում ռազմական ծախսերի նվազեցման մասին
– «Բարձագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը վերջին շրջանում հանրային հուզումների առիթ է տվել`ընդհուպ մինչեւ դասադուլներ եւ նախարարի հրաժարական: Ժամանակին ներկայիս ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը «Դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնության անդամ էր եւ պայքարում էր Հայաստանում մայրենի լեզվի դիրքերի ամրապնդման եւ լեզվական կրթական մակարդակի բարձրացման համար, հիմա կողմ է, որ ԲՈՒՀ-երում հայոց լեզվի եւ հայոց պատմության դասավանդումը պարտադիր չլինի: Մյուս կողմից`հիրավի, ԲՈՒՀ-երում այն մակարդակով, ինչ մակարդակով դասավանդվում են այդ առարկաները, ոչինչ չի տալիս: Ձեր կարծիքով, ո՞րն է այս թվացյալ պարադոքսի լուծումը:
– Ես մի փոքր այլ տեսանկյունից կանդրադառնայի այս խնդրին. մենք ինչպիսի՞ միջավայրում ենք հայտնվել, ի՞նչ մարտահրավերներ ունենք: Մենք, որպեսզի այս տարածաշրջանում կարողանանք գոյատեւել, ապրել եւ զարգանալ, որպես պետություն, անպայման մեր տարբեր գործառույթների եւ գործառնությունների տեխնոլոգիական զարգացվածության մակարդակը պետք է բարձրացնենք: Հիմա խնդիրն այն է, որ ԿԳՍՄ նախարարությունը պետք է զբաղվի առաջին հերթին`հայկական ինքնության եւ տեխնոլոգիաների համադրման խնդիրներով: Այսինքն, նոր տեխնոլոգիական միջավայրում`ինչպե՞ս պետք է զարգանա հայկական ինքնությունը, ինչպե՞ս պետք է համադրվեն դրանք, ինչպե՞ս պետք է հայկական ինքնության հենասյուները խոսեն նոր տեխնոլոգիական զարգացումների հետ: Բայց նախարարությունը զբաղված է տարբեր տեսակի գործառույթներով, որոնք այդքան էլ չեն բխում մեր ազգային շահերից:
Եթե խոսում ենք հայոց լեզվի մասին, պետք է նկատի ունենանք, որ մեր նախորդ սերունդները հայացրել են կենսաբանությունը, քիմիան, ֆիզիկան, մաթեմատիկան: Հիմա խնդիր ունենք ինֆորմացիոն տեխնոլոգիաներում տարբեր տեսակի տերմինների հայացման: Հայոց լեզուն չպետք է դառնա խոհանոցային լեզու: Հայոց լեզուն մեր ռազմավարական ակտիվն է, մեր ինքնության կարեւոր հենասյուներից եւ հայոց լեզուն պետք է կարողանա համահունչ զարգանալ տեխնոլոգիական տարբեր փոփոխությունների ընթացքին: Ընդհակառակը, ԲՈՒՀ-երում հայոց լեզվի դասավանդումը պետք է բերվի նոր մակարդակի: Հայոց լեզվի մասնագիտական ուսուցում պետք է իրականացվի:
Կարդացեք նաև
Կա նաեւ երկրորդ խնդիրը`հաճախ ԲՈՒՀ-երն են գալիս ոչ բավարար մակարդակի գիտելիքներով դիմորդներ`տարբեր պատճառներով, դպրոցներում մասնագետների խնդիր կա եւ այլն: Ես կարծում եմ, որ բակալավրիատի մակարդակում նաեւ այս խնդիրը պետք է լուծվի: Հայոց լեզվի դասավանդումը հանելը մեթոդ չէ:
– Ի՞նչն է խանգարում դա անել կամավորության սկզբունքով, ինչպես նախագծում է գրված:
– Հայոց լեզվի դասավանդումը պետք է լինի ոչ թե կամավոր, այլ պարտադիր սկզբունքով եւ դա պետք է լինի մասնագիտական ուսուցում. ֆիզիկայի ֆակուլտետում այլ շեշտադրումներով, մաթեմատիկայի ֆակուլտետում՝ այլ: Հայոց լեզուն ինքը նաեւ դինամիկ օրգանիզմ է, պետք է հարստացվի տարբեր գիտություններում տեղի ունեցող փոփոխություններով`նոր տերմիններ մշակելով կամ եղածները հայացնելով:
– Այսինքն, նախարարության քայլերը`գիտակցաբար կամ անգիտակցաբար, ուղղված են ազգային ինքնությունը վնասելո՞ւն:
– Տեսեք`նախարարի առաջին քայլերը`առաջին հարվածն «Այբ» դպրոցին էր, երկրորդը`«Արարատյան բակալավրիատին», փակեցին Կրթության ազգային ինստիտուտը`դրա դիմաց որեւէ համարժեք բան չառաջարկելով: Նախարարությունը, փոխարենը զբաղվի իմ թվարկած հարցերով, զբաղված է տարբեր տեսակ անհասկանալի ենթամշակույթների քարոզով:
Ակնհայտ է, որ այդ նախարարությունն ազգային օրակարգ չի սպասարկում: Իրենք ունեն իրենց օրակարգը եւ ես տեսնում եմ, որ հետեւողականորեն հետամուտ են լինում այդ օրակարգին:
– Իսկ հայոց պատմությա՞ն ինչպիսի ուսուցում պետք է լինի ԲՈՒՀ-երում:
– Հայոց պատմության ուսուցման մոդելների հետ կապված քննարկումները նեղ մասնագիտական են: Եթե ինչ-որ բաներից դժգոհ են, դա չի նշանակում, որ հայոց պատմությունը պետք է ԲՈՒՀ-երից հանել:
Այստեղ խնդիրն այլ է, խնդիրը քաղաքական է, նորից քաղաքականացվում է. բանն այն է, որ հայոց պատմությունը մեր ինքնության ամենակարեւոր հիմնատարրերից է, ընդհանուր պատմության գիտակցումը մեր միասնականության երաշխավորներից է եւ ամեն ինչ արվում է, որպեսզի մեր միասնականության, մեր ազգային ինքնության կարեւոր տարրերը հայտնվեն հարվածի տակ: Նախարարության գործողությունները հենց դրա մասին են վկայում, խնդիրը մասնագիտական դաշտից տեղափոխել են քաղաքական դաշտ եւ արհեստական հակադրություն են ստեղծում տեխնոլոգիական առաջընթացի, հայոց լեզվի եւ հայոց պատմության ուսումնասիրման համար:
– Նախարարի հրաժարականը պահանջող ուսանողների բողոքի ցույցերը կվերաճե՞ն քաղաքական խնդրի:
– Սա արդեն քաղաքական խնդիր է, որովհետեւ նախարարի գործողությունների համար, ի վերջո, պատասխանատու է կառավարությունը, Նիկոլ Փաշինյանը: Սրանք կվերաճե՞ն լայնածավալ քաղաքական անհնազանդության`դժվարանում եմ ասել, բայց հասարակության մեջ խորանում են բաժանարար գծերը: Ինչին, իմիջիայլոց, այս կառավարությունը պարբերաբար հետամուտ է լինում եւ այս կառավարության բոլոր քայլերը բերում են հասարակությունը համախմբելու փոխարեն, հասարակության պառակտման:
– Նախատեսված է նաեւ ռազմագիտություն առարկան դպրոցական ծրագրերից հանելը: Նախարարն ասաց, որ դպրոցական ծրագրերը 2023 թվականից են փոփոխվելու: Պատերազմում գտնվող երկրի համար ի՞նչ տրամաբանություն եք տեսնում նման քայլում, մինչդեռ ենթադրվում էր, որ ռազմահայրենասիրական կրթությունն ու դաստիարակությունն առաջ մղվեր:
– Այս խնդիրը ես կշաղկապեի մեկ այլ հարցի հետ: Բանակում հանցագործությունների վերլուծությունը, շատ դեպքերում ցույց է տալիս, որ դրանք կապված են զինվորների կամ նորակոչիկների`ոչ բավարար հոգեբանական պատրաստվածության հետ: Ռազմագիտություն առարկան ինքնին բավարար չէ այդ խնդիրը լուծելու համար: Մենք պետք է ձեւավորենք նախադպրոցական ռազմական կրթության բավականին մեծ համալիր, որն իր մեջ պետք է ներառի տարբեր տեսակի ճամբարային հավաքներ, ռազմամարզական մրցումներ, զորախաղեր, որոնց ընթացքում պետք է ամրացվեն նորակոչիկների ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածությունը, որպեսզի նրանք գիտակցեն իրենց առաքելությունը:
Երբ ռազմագիտություն առարկան դպրոցից հանում ենք, պետք է դրա փոխարեն այլ բան ձեւավորենք:
– Իսկ մինչ այժմ, Ձեր կարծիքով, ինչո՞ւ նման համակարգ չի ձեւավորվել:
– Նախկին իշխանությունների կողմից դրա կարեւորությունը պարբերաբար շեշտվում էր, բայց խնդիրը շատ դանդաղ էր տեղից շարժվում. փորձում էին ռազմագիտություն առարկայի դասավանդումը բարելավվել, սպաների խնդիր կար, ֆինանսական միջոցների: Ընդհանուր առմամբ, բավարար ուշադրություն այս խնդրին չէր դարձվում եւ բավարար ռեսուրսներ այս խնդրին չէր հատկացվում: Իսկ հիմա, ռազմահայրենասիրական կրթությունը միանգամից թիրախավորվել է նոր իշխանությունների կողմից. ռազմահայրենասիրական դաստիարակությունն այլեւս չի խրախուսվում, այլ խրախուսվում է տոլեռանտությունը`սեռական փոքրամասնությունների նկատմամբ, Ստամբուլյան տարբեր տեսակի կոնվենցիաներ, որոնք որեւէ ընդհանրություն չունեն մեր ազգային խնդիրների, նպատակների հետ: Դրանք մանյովրներ են`հասարակության ուշադրությունը շեղելու հիմնական խնդիրներից:
– Վերջերս շատ քննարկվեց նաեւ 2020 թվականի բյուջեում ռազմական ծախսերի կրճատման հարցը: Մինչդեռ Ադրբեջանի 2020 թվականի բյուջեով ռազմական ծախսերը 21 տոկոսով ավելացել են: Որո՞նք են մեր առաջնահերթությունները ռազմական բնագավառում, առաջնագծում: Սահմանվել ե՞ն դրանք կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով: Կամ առհասարակ, ի՞նչ խնդիր ենք դնում ԶՈՒ առջեւ: Արդյոք մեր ունեցած գումարները ճի՞շտ առաջնահերթությունների են ուղղվում:
– Ձեր ասածը բավական դինամիկ պրոցես է. բանակի ղեկավարությունը պարբերաբար պետք է այդ խնդիրները դնի բանակի առջեւ, բանակն էլ կարողանա դրանք լուծել: Իսկ քաղաքական ղեկավարությունն իր ֆինանսական հատկացումներով, պետք է ապահովի, որ բանակը կարողանա այդ խնդիրները պատշաճ լուծել: Պետք է հաշվի առնենք, որ մենք առանձնացված կղզում չենք գտնվում, մենք ներքաշված ենք ադրբեջանցիների հետ սպառազինությունների մրցավազքի մեջ: Այլ խնդիր է, որ այդ մրցավազքում, մենք շատ դեպքերում, ստիպված ենք կամ պետք է գնանք ասիմետրիկ պատասխանների ճանապարհով: Բայց մեր գործողությունները, ռազմական բյուջեն ավելացնելու մեր քայլերը, այսօր դրա մասին չեն խոսում: Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն մենք`չենք ավելացնում, կարծես թե մենք պատերազմի խնդիր չունենք:
Բանակցային գործընթացում ազդեցիկ դիրքից հադես գալու համար, մենք պետք է հակառակորդին ցույց տանք մեր պատրաստակամությունը իր հետ եւ սպառազինությունների մրցավազքին մասնակցելու եւ ռազմի դաշտում նրա հետ դեմ- հանդիման հանդիպելու: Եթե այս խնդիրը չենք լուծում եւ սիմետրիկ չենք պատասխանում Ադրբեջանի ռազմական ծախսերի ավելացմանը, ապա Ադրբեջանն ի՞նչ է մտածում, կամ`այդ ի՞նչ բանակցություններ են, ի՞նչ փուլում են դրանք հայտնվել, որ այլեւս ռազմական ծախսերի խնդիր մենք չունենք:
– Վարչապետը խորհրդարանում հստակեցրեց այդ հարցին`կոռուպցիայի դեմ պայքարից ստացված միջոցները կուղղվեն ռազմական ծախսերին:
– Դա թյուրըմբռնում է. այդ խնդիրները չեն լուծվում կոռուպցիայի դեմ պայքարից եկած գումարներով, լուծվում են բյուջեով: Այդ պատասխանը ցույց է տալիս, որ ռազմական ծախսերի ավելացումը առաջնահերթ չէ. գումարը կլինի`կավելացնենք, չի լինի`չենք ավելացնի:
– Նախկինում էլ ընդունված պրակտիկա կար, որ արտաբյուջետային միջոցների հաշվին էին ռազմական ծախսերի մեծ մասն իրականացվում:
– Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ դրանք ընդամենը խոսակցություններ էին: Հիմա նորից այդ խոսակցությունների մեջ են մեզ ներքաշում: Կառավարության գլխավոր խնդիրն է`թույլ չտալ ռազմական բալանսի խախտում, դա անխուսափելիորեն բերելու է ռազմական նոր էսկալացիայի:
Զրույցն ամբողջությամբ`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ