Բնավ զարմանալի չէ, որ այժմ էլ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է թարմացնել իրեն սպասարկող ինքնաթիռը՝ փոխարենը մտածելու արտասահմանյան ուղևորությունների հետ կապված ծախսերն արդյունավետ դարձնելու մասին։ Չպետք է զարմանալ նաև, եթե մի գեղեցիկ օր պարզվի, որ վարչապետն արդեն իրականացրել է իր այդ երազանքը։
Հիմա Հայաստանում «ժողովրդի իշխանություն» է։ Քաղաքական մեծամասնությունը ընտրություններով վաստակել է ժողովրդի բացառիկ վստահությունը և կարող է իրեն թույլ տալ ոչինչ չանել ու պետության հաշվին ճամփորդել՝ ինչքան ուզենա։ Ժամանակին ընդդիմությունը հոխորտում էր նախկինների գործուղումների ծախսերի վրա, հիմա ինքը կրկնակի ու եռակի ավելին է անում։ Իսկ թե ի՞նչ է ստանում ժողովուրդը, կարևոր չէ։ Կառավարությունը որոշել է մի քանի հազար դրամով ավելացնել կենսաթոշակներն ու կարծում է, թե մեծ լավություն է արել կենսաթոշակառուներին։ Նախարարների աշխատավարձերը բարձրացնում է 700- 800.000 դրամով, իսկ կենսաթոշակառուների թոշակը՝ 3500 դրամով։
Սա՞ է ժողովրդի կառավարության բերած արդարությունը, թե՞ ժողովրդի իշխանությունն արդեն ժողովրդի համար չէ՝ ժողովուրդը կարող է կերակրվել լուսավոր ապագայի խոստումներով ու տնտեսական հեղափոխության հույսերով։
Քանի կար՝ վարչապետը թռիչքային աճեր էր խոստանում, հիմա արդեն պահպանողականի մասին է խոսում։ Եթե սա է տնտեսական հեղափոխությունը, ու դրա հետ է կապված ժողովրդի հույսերի իրականացումը, ապա այն հաստատ շուտ չի լինելու։ Մարդիկ դեռ երկար պետք է սպասեն, որ հերթն իրենց էլ կհասնի, որ իրենք էլ լավ կապրեն, որ կառավարությունը կկրկնապատկի թոշակներն ու աշխատավարձերն այնպես, ինչպես նախարարների աշխատավարձերն է կրկնապատկել։
Կարդացեք նաև
Այն գումարները, որոնք ժողովրդի իշխանությունը ծախսում է ոչնչով չարդարացված ճոխությունների վրա, հաստատ կարելի է ուղղել բազմաթիվ այլ առաջնային խնդիրների լուծմանը։ Հասարակության հատկապես աղքատ հատվածը դրանց կարիքը շատ ունի։ Մեծ բան չէ, երբ վարչապետի ծառայողական մեքենան ոչ թե վերջին, այլ նախավերջին դասի է, երբ վարչապետին սպասարկող ինքնաթիռը չի կարող տրանսատլանտյան թռիչքներ իրականացնել։ Այսքան տարի եթե այդպես է եղել, ինչո՞ւ հիմա չի կարող լինել։ Առավել ևս, երբ վարչապետին սպասարկող ինքնաթիռը դեռ առնվազն 5-6 տարվա շահագործման ռեսուրս ունի։
Ի վերջո, այն, որ իշխանափոխությունից հետո կառավարությանը հաջողվել է պետությունից գողացված որոշ գումարներ վերադարձնել, դա դեռ նրան իրավունք չի վերապահում նման շռայլություններ թույլ տալ իրեն։
Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում