Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարար ուսանող. «Պատրաստ ենք հանդիպել նախարարի հետ միայն իր հրաժարականի օրակարգի շուրջ»

Նոյեմբեր 12,2019 12:14

Ուսանողները շարունակում են բողոքի գործողությունները, նրանք երթով անցնում են բոլոր բուհերի կողքով եւ կոչ են անում միանալ նաեւ իրենց դասախոսներին:

«Մենք պատրաստ ենք հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ միայն իր հրաժարականի օրակարգի շուրջ, ինչպես, ինչ ժամկետներով, մենք մինչեւ վերջ գնալու ենք եւ ինքը հրաժարական է տալու», -հայտարարեց ցուցարար ուսանողներից մեկը: Ուսանողներն ասում են, որ պայքարի տարբեր գործիքների միջոցով հասնելու են իրենց նպատակին, ու հետքայլ չի լինելու:

«Ասում էին, որ եթե ժողովուրդը ցանկանա, մենք կառչած չենք մեր աթոռներից, թող շրջեն բուհերում ու տեսնեն, թե ինչ է ուզում ժողովուրդը»,-ասաց երթի մեկ այլ կազմակերպիչ:

«Այն, ինչ կազմակերպվել է երիտասարդների կողմից՝ արդարացի է եւ արդարացված է, վերջին ամիսներին կրթության եւ մշակույթի ոլորտում տեսնում ենք երեւույթներ, որոնք չպետք է ողջունվեն երիտասարդների կողմից, «Մել» ֆիլմի շուրջ եղած աղմուկը, «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագիծը…Ի դեպ, օրենքին բացասական կարծիք են տվել գրեթե բոլոր բուհերի գիտական խորհուրդները, սակայն կրթության պատասխանատուները ցանկանում են մինչեւ վերջ տանել այն, ինչը բնականաբար առաջացնում է այս արդարացի զայրույթը… Ես իրացնում եմ գործադուլ իրականացնելու իմ իրավունքը, ինչին ոչ մեկ չի կարող բռնանալ` ոչ համալսարանից, ոչ ավելի բարձր օղակներից»,-ասաց ԵՊՀ աշխատակիցներից մեկը:

Նա եւս երթի մասնակից ուսանողների նման ընդգծեց, որ իրենք որեւէ ուժի հետ կապ չունեն, շարժումը ուսանողներն են առաջ տանում, ինքն էլ ուսանողների կողքին է:

«Մենք կապ չունենք բանակից փախածների հետ….Այսօր պայքարին միացած ուսանողներից շատերը Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են առաջնագծում, սա է մեր եւ իրենց տարբերությունը»,-հայտարարեց երթի մասնակիցներից մեկը:

ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող Գեւորգ Գյուլումյանի խոսքով, Հայաստանի Հանրապետության համար պատրաստվող ցանկացած մասնագետ պետք է տիրապետի հայոց լեզվին. «Եթե կարող է դա պարտադիր լինել, ուրեմն ինչու թողնել բուհերի հայեցողությանը, ինչու մտածենք, թե հաջորդ ռեկտորն ով կլինի, ինչ տեսակետ կունենա»,- ասաց նա՝ հայոց լեզվի եւ հայոց պատմության բուհական համակարգի կրթական ծրագրերում հայեցողական լինելու վերաբերյալ հայտնի նախագծի մասին: Շեշտեց նաեւ, որ իրենց բողոքի գործողությունները հակաիշխանական եւ հակակառավարական չեն, իրենք պաշտպանում են ազգային կրթություն ստանալու իրավունքը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930