Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում սրտանոթային հիվանդությունների տարածվածությունը լուրջ խնդիր է, որի պատճառով երիտասարդ շատ մարդիկ են մահանում. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 12,2019 12:10

Հայաստանում հիմնականում մահանում են սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից։ Իհարկե, արյան շրջանառության համակարգի հիվանդությունները տարածվածության եւ մահացության ցուցանիշով առաջին տեղում են ամբողջ աշխարհում:

Հայաստանում գրանցված մահացության դեպքերի կեսից ավելիի պատճառն եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ՝ հիպերտոնիկ հիվանդությունները։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանում այս տարվա հունվար- սեպտեմբերին մահացածների քանակը կազմել է 19 հազար 655։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մահացածների թիվը 414-ով ավելացել է։ Սակայն ամենամտահոգողն այն է, որ գրանցված մահվան դեպքերի մեծ մասի հիմնական պատճառը արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են։ Օրինակ, Հայաստանում այս տարվա 9 ամիսների ընթացքում սրտանոթային հիվանդություններից մահացել է 10 հազար 346 մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 10 հազար 757։ Թեեւ անցած տարվա համեմատ փոքր-ինչ նվազում կա, այդուհանդերձ սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ մահվան դեպքերի պատճառների ցանկի առաջատար դիրքերում։

Հայաստանում սրտանոթային հիվանդությունների տարածվածությունը լուրջ խնդիր է, որի պատճառով երիտասարդ շատ մարդիկ են մահանում։ Ըստ մասնագետների՝ գլխավոր «մեղավորները» զարկերակային բարձր ճնշումը, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը, ֆիզիկապես ոչ ակտիվ կյանքն ու անառողջ՝ հիմնականում ճարպերի վրա հիմնված սնունդն են։

Ըստ մասնագետների՝ Հայաստանում արյան շրջանառության համակարգի ամենատարածված հիվանդություններն են գերճնշումային համակարգի հիվանդությունները, սրտի իշեմիկ հիվանդությունը, ստենոկարդիան, սրտամկանի սուր ինֆարկտը։ Մասնագետները նաեւ պնդում են, որ այս հիվանդությունների կանխարգելումն ավելի էժան եւ արդյունավետ է, քան դրանց բուժումը։ Սրտանոթային հիվանդությունների 80 տոկոսը կանխարգելելի է, եթե վարեն առողջ ապրելակերպ, ճիշտ պայքարեն ռիսկի գործոնների դեմ։ Դրանք են՝ ծխախոտի ամենօրյա օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, կերակրի աղի քանակի ավելցուկային օգտագործումը, թերշարժունակությունը, քաշի ավելցուկը, բարձր զարկերակային ճնշումը:

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930