ԱԺ հերթական նիստում այսօր քննարկվեց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հեղինակած՝ «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը լիագումար նիստում քննարկելու հարցը: Այս օրինագիծը սահմանում է, որ միասեռականներն ու սեռափոխված անձինք չեն կարող ՀՀ-ում երեխա որդեգրել: ԱԺ համապատասխան հանձնաժողովում օրինագիծը բացասական եզրակացություն էր ստացել՝ պատճառաբանությամբ, որ գործող օրենքն արդեն իսկ սահմանում է այդ արգելքը:
Գեւորգ Պետրոսյանը հայտարարեց. «Եթե միասեռականների ամուսնության պարագայում հարցնում էիք, թե ոնց պետք է ստուգել, բա այստե՞ղ ինչը ստուգենք: Եթե նույնասեռական է, կատակը մի կողմ, բայց արժեքները պահենք»:
Պետրոսյանը հիշեցրեց. «Մենք ամենաավանդապաշտ ազգն եք, ինչո՞ւ ենք մոռանում այդ ամենը: Չեմ ասում՝ նրանց տանք սպանենք, բայց արգելենք երեխա որդեգրել: Այս նախագիծը ոչ ինձ, ոչ էլ այստեղ շատերին է սպառնում, բայց ազգային անվտանգության խնդիր կա: Ինձ կեղծ էջերից հայհոյում են, բայց միասին պետք է գործենք: Ես եւ ԲՀԿ-ն, ի դեմս Գագիկ Ծառուկյանի, դեմ ենք դրան: Չեմ ասում՝ դուք կողմ եք, բայց ի՞նչ է նշանակում, որ միասեռականները երեխա որդեգրեն: Նրանց ամուսնությունն արգելող օրինագծիս դեմ եղաք, գոնե որդեգրմանը կողմ քվեարկեք: Հիմա ով որ «դեմ» քվեարկի, կուզենա՞, որ իր ընտանիքում նման երեւույթ լինի»:
Այս արտահայտությունը դուր չեկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: «Ի՞նչ է նշանակում՝ դուք կուզենա՞ք…մի հատ էլ քֆուր տվեք քվեարկելուց առաջ: Ձեր ձեւն արդեն չափ ու սահման չունի: Այս հարցը պետք է կարգավորվի, մի հատ գտեք ինձ տվեք հա այն հոդվածը, որը ձայնից զրկելուն է վերաբերում»,-բղավեց Միրզոյանը:
Կարդացեք նաև
70 պատգամավոր «դեմ» քվեարկեց, ուստի օրինագիծը չի քննարկվի ԱԺ լիագումար նիստում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ