Լրահոս
Օրվա լրահոսը

Ստանիսլավ Տարասով. Փաշինյանը ցույց է տալիս, որ ինքը ևս վատ ռուսամետ քաղաքական գործիչ չէ, ինչպես Քոչարյանը, և նույնիսկ՝ Սերժ Սարգսյանը. «168 ժամ»

Նոյեմբեր 12,2019 12:01

«168 Ժամի» զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը

– Պարոն Տարասով, նոյեմբերի 10-11-ը տեղի ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջին պաշտոնական այցը ՀՀ՝ մեր երկրում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններից հետո։ Նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում Մնացականյանն ու Լավրովն անդրադարձ կատարեցին երկկողմ օրակարգի հրատապ թեմաներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, ռուս-թուրքական մերձեցմանը, հայաստանյան բիոլաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքին։ Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում այս այցը, ի՞նչ ցույց տվեց այն։

– Այցն անակնկալներով էր, քանի որ այցի նախնական կանխատեսումները զուսպ, հուսադրող էին։ Բայց մինչ Լավրովի այցը՝ կայացավ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Երևան։ Երբ հայտարարվեց ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ներուժի կրկնապատկման մասին, որին ՀՀ իշխանությունները դրական վերաբերվեցին, պարզ դարձավ, որ հայ-ռուսական հարաբերությունները որակապես փոխվում են, տեղի է ունենում բեկում, քանի որ ավելի վաղ հարաբերություններում խնդիրներ կային՝ Հայաստանը բազմավեկտոր քաղաքականության նուրբ ակնարկներ էր անում, Մոսկվան զգուշորեն լսում էր դրանք, բայց ներկայումս, ընդհանուր առմամբ, Փաշինյանի թիմը որոշում է կայացրել, հենց այդ պատճառով Ռուսաստանի հետ երկխոսությունը ստացվեց՝ ինչպես երբևէ անկեղծ և բաց։ Այս իմաստով, առաջին պաշտոնական այցը համարում եմ հաջողված։ Այն նաև բազմապլան էր, ինչպես Դուք նշեցիք՝ քննարկված թեմաների բազմազանությամբ։ Իսկապես, շատ հարցեր են քննարկվել՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակում համագործակցություն, երկկողմ հարաբերություններ, Լավրովը բազմանշանակ հայտարարություններ արեց՝ նշելով, որ Ռուսաստանը կանգնած է Հայաստանի թիկունքին, նա հստակեցրեց իր դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Ի դեպ, նա բացեիբաց խոսեց Լեռնային Ղարաբաղի մասնակցության մասին բանակցային գործընթացում և նշեց, որ այդ որոշումը պետք է կայացնեն կողմերը, սակայն Մոսկվան դրան դեմ չէ։ Նա նաև հիշեցրեց անցյալը, թե ինչպես է Ղարաբաղը դուրս մնացել բանակցություններից։ Ներկայումս հասկանալի է, որ դա սխալ որոշում էր։

– Այսինքն՝ կարծում եք, որ իշխանությունները որոշել են էլ ավելի սերտ քաղաքականություն վարել ռուսական կողմի հե՞տ։ Ինչո՞վ եք դա բացատրում։

– Այո, Փաշինյանը սկսեց ռուսական ուղղությամբ ավելի կիրթ քաղաքականություն վարել, զարգացնել իր հարաբերությունները։ Լավրովի հետ հանդիպմանը նշվեց Փաշինյան-Պուտին հանդիպումների քանակը։ Ասեմ, որ որևէ մեկ այլ երկրի ղեկավարի հետ Փաշինյանը նման ինտենսիվ երկխոսություն չի ունեցել իր իշխանության օրոք։ Առավել ևս ՀՀ-ն անդամակցում է ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին։ Ներկայումս Փաշինյանը խմբագրում է ռուսական ուղղությամբ իր քաղաքականությունը՝ այն պատճառով, որ Արևմուտքում հեղափոխությունը չունեցավ մեծ հեղինակություն։ Նա նշում է, որ նախկին իշխանությունը Ռուսաստանի հետ չունի այն կապերը, ինչ նա, և ըստ էության նա դա ցույց տվեց։  Չկա ներկայումս մի հարց, որ ասենք՝ այդ հարցում հայ-ռուսական հարաբերություններում կա խնդիր։

– Հայ-ոուսական գազային բանակցությունները, Ռուսական երկաթուղիների խնդիրները Հայաստանում խնդիրներ չե՞ն երկկողմ օրակարգում։

– Դրանք դարձել են տեխնիկական հարցեր և դրանք կլուծվեն։ ՀՀ իշխանությունները հասկանում են, որ աշխարհում ավելի սերտ գործընկեր, քան Ռուսաստանն է, Հայաստանն այլևս չունի։ Փաշինյանը սկսեց կառուցել կիրթ, սերտ համագործակցություն Ռուսաստանի հետ, դա հեռանկարային է։ Եթե նա ևս մեկ հարց լուծի և ելք գտնի Քոչարյանի խնդրի հետ կապված, ապա դա կլինի հիանալի, քանի որ Լավրովը ցույց տվեց, որ Մոսկվան չի կառչում Քոչարյանի թեմայից և համարում է, որ դա ՀՀ ներքին գործն է, բայց կարելի է հաշվի առնել, որ Քոչարյանը որոշակի հեղինակություն ունի Մոսկվայում։

Բայց ներկայումս Փաշինյանը ցույց է տալիս, որ ինքը ևս վատ ռուսամետ քաղաքական գործիչ չէ, ինչպես Քոչարյանը, և նույնիսկ՝ Սերժ Սարգսյանը։

 

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930