ԱԺ հերթական նիստում այսօր քննարկվեց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հեղինակած՝ «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը լիագումար նիստում քննարկելու հարցը: Այս օրինագիծն արգելում է միասեռականների եւ սեռափոխների ամուսնության գրանցումը:
ԱԺ համապատասխան հանձնաժողովում այն բացասական եզրակացության էր արժանացել՝ պատճառաբանությամբ, որ գործող Սահմանադրությունը տալիս է այդ արգելքը:
Գեւորգ Պետրոսյանը, սակայն, գտնում է, որ օրենքի տարընթերցման խնդիր կա:
Նա այսօր հայտարարեց՝ Սահմանադրությունն ասում է, որ «կինը եւ տղամարդը» կարող են ամուսնանալ, բայց եզակի թվով տերմինի տակ կարող է նաեւ հոգնակի թիվ հասկացվել. «Վաղը մյուս օրը մի սեռափոխված անձ գա ու ուզի իր սերը գրանցե՞լ…Եթե իսկապես ուզում ենք արգելել, իրավական տարընկալումներով հարցը մի լուծեք: Ինձ ասում են՝ «ո՞նց ես ստուգելու, որ սեռափոխված է»…հիմա ես այստեղից ո՞նց ցույց տամ»: Պատգամավորները ծիծաղեցին:
Կարդացեք նաև
Պետրոսյանն անդրադարձավ նաեւ «Իմ քայլի» պատգամավորների նկատառմանը, թե ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մուննաթով է խոսում ԱԺ ամբիոնից: Պետրոսյանը հեգնեց. «Ես ԱԺ ամենաանգրագետ պատգամավորն եմ, որի որեւէ նախագիծ չի ընդունվել: Որեւէ մեկը մուննաթ գալու մտադրություն չունի»,-ապա շարունակեց,-«Դուք էլ հասկացեք՝ եթե դժգոհ եք, դժգոհության մասին երբեւէ պարելով, ժպտալով կամ ծափ տալով եք խոսո՞ւմ: Հասկացանք, որ մեծամասնություն եք, բայց հո բոլոր հարցերն այստե՞ղ չեն լուծվում: Եթե այլ հարցեր կան, կարող ենք հանդիպել դրսում»:
Պատգամավորների մեծամասնությունը «դեմ» քվեարկեց, ուստի օրինագիծը չի քննարկվի ԱԺ լիագումար նիստում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ