Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է թիրախավորում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Նոյեմբեր 12,2019 11:15

Ինչպես գիտեք, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հանրային քննարկման է դրվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրերս վերջապես ծանոթացա նախագծին: Ի սկզբանե պետք է ասել, որ նախագծի նպատակի հետ միանշանակ համաձայն եմ, սակայն առանձին դրույթների, մոտեցումների եւ մեխանիզմների հետ կապված ունեմ մի շարք հարցադրումներ:

Նախագծով նախատեսվում է, որ բռնագանձման ենթակա կարող է լինել ապօրինի ծագում ունեցող այն գույքը, որի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 50 մլն. դրամը՝ հետեւյալ հիմքերի առկայության դեպքում.

1)առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, որով հաստատվում է օրենքի նախագծով նախատեսված հանցագործություններից որեւէ մեկի կատարումը.

2)այդ հանցագործություններից որեւէ մեկի հատկանիշներով հարուցված քրեական գործով անձը ներգրավվել է որպես մեղադրյալ.

3)առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որեւէ մեկի կատարման առնչությամբ քրեական հետապնդումը կամ քրեական գործի հարուցումն անհնար է կամ կասեցվել է օրենքի նախագծով նախատեսված հիմքերից մեկով.

4)օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ պաշտոնատար անձի կողմից ձեռք է բերվել ապօրինի ծագում ունեցող գույք։

Սկսենք գույքի շուկայական արժեքից: Փորձենք հասկանալ, թե ում ենք թիրախավորում նախագծով: Այսօր Երեւանի փոքր կենտրոնում նորակառույց շենքերում կառուցապատողների կողմից բնակարանները վաճառվում են 1 ք.մ. 1-1.1 մլն. դրամով, ինչը նշանակում է, որ 50 մլն. դրամով այսօր կարելի է գնել 45 ք.մ.-ոց 1-սենյականոց բնակարան փոքր կենտրոնի նորակառույց շենքում կամ առնվազն 2-սենյականոց բնակարան կենտրոնում ոչ նորակառույց շենքում կամ առնվազն 3-սենյականոց բնակարան կենտրոնին կից թաղամասերում: 50 մլն-ից շատ ավելի թանկ արժե տնամերձ հողամասը Երեւանում, էլ չենք խոսում սեփական տների, հասարակական նշանակության տարածքների, խանութների, արտադրական տարածքների մասին եւ այլն: Նման սեփականություն այսօր ունեն Երեւանի եւ ոչ միայն Երեւանի տասնյակ հազարավոր, միգուցե եւ շատ ավելի բնակիչներ, այդ թվում՝ մեր երկրի միջին խավը կազմող քաղաքացիների զգալի հատվածը:

Արդյոք այս մարդիկ պե՞տք է հայտնվեն այս օրենքի տեսադաշտում:

Նախագծով նախատեսված՝ թվով շուրջ 48 հանցագործությունների շարքում կան նաեւ այսպիսիք՝ կանխիկ դրամական միջոցների մաքսանենգությունը, կաշառք տալը, ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը, վարկը ոչ նպատակային օգտագործելը եւ այլն: Դրանց դեռ կանդրադառնամ: Միաժամանակ, դրանց շարքում բացակայում է օրինակ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը, այսինքն կարելի է պետության եւ թոշակառուների հաշվին հարստանալ, դա «նորմալ» ենք համարում, բայց արտերկրում քրտինքով վաստակած գումարը առանց հայտարարագրելու Հայաստան բերելը կամ վարկը ոչ նպատակային օգտագործելը՝ ոչ: Տրամաբանությունը ո՞րն է:

ՀՀ-ում առանձին տարիներին արտերկրներից, որպես տրանսֆերտներ, ստացվում էր մինչեւ 3 մլրդ. դոլլար գումար, հիմա կանխիկ բերվում է տարբեր գնահատականներով տրանսֆերտների շուրջ 20%-ը , իսկ 90-ականներին՝ անհամեմատ ավելի մեծ մասը, քանի որ Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանված էին սահմանափակումներ՝ արտարժույթի արտահանման համար: Այդ գումարների առյուծի բաժնի ծագումը, իմ համոզմամբ, մեր հայրենակիցները չեն կարող հիմնավորել: Իսկ երբ որ կանխիկ էին բերում, չէին կարող հայտարարագրել մաքսայինում, այսինքն մաքսանենգ ճանապարհով էին բերում: Այդ գումարների զգալի հատվածը նաեւ հայտնվում էր անշարժ գույքի շուկայում կամ բանկային հաշիվներում: 90-ականներին կամ 2000-ականների սկզբին գնված անշարժ գույքը հիմա արժե բազմապատիկներով շատ ավելին:

Հիմա, օրինակ, որեւէ միջին վիճակագրական հայ մարդը, որն օգտվել է ընտանիքի անդամների կողմից ուղարկված այդ տրանսֆերտներից, գնել է անշարժ գույք եւ հայտնվել է օրենքի տրամաբանությամբ կասկածելի մարդկանց ցանկում, ո՞նց հիմնավորի այդ գույքի ծագումնաբանությունը: Չե՞նք կարծում, որ այս դեպքում դա անարդար է: Չե՞նք կարծում, որ որեւէ մեկ մարդու անարդարացիորեն ունեզրկումը կարժեզրկի այս ամբողջ համակարգը եւ որեւէ կերպ չի նպաստի հանրային համերաշխության հաստատմանը: Նախագծով սահմանված է, որ եթե անձը վկայակոչում է երրորդ անձանց կողմից անհատույց տրամադրված գույքը, ապա նա կրում է այդ անձանց կողմից դրա ձեռքբերման օրինականությունը ապացուցելու պարտականությունը: Բա եթե այդ մարդը արդեն չկա, կամ չեն պահպանվել հիմքերը, կամ անհնար է այլ որեւէ պատճառով, օրինակ՝ մարդը աշխատել է արտերկրում, բայց չի կարող հիմքեր ներկայացնել, ուրեմն վե՞րջ, պետք է կորցնի՞ իր սեփականությունը: Սա կնշանակի, որ ՀՀ-ում երաշխավորվում է սեփականության իրավունքի պաշտպանությու՞նը:

Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ նախկինում քչերն են, որ Պետավտոտեսչության աշխատակցին, բժշկին, հարկային ծառայողին եւ այլն «տուգանք», «մաղարիչ» կամ «շնորհակալություն» չեն հայտնել: Այսինքն` ստացվում է, որ տվյալ տարիքային խմբի շատ մարդկանց կարելի է կասկածել կաշառք տալու մեջ՝ դրանով իսկ սկսելով ենթադրաբար ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործընթաց: Կամ ի՞նչ է նշանակում կասկածել մարդուն ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու մեջ: Այսպես օրենքի թիրախում կարող են հայտնվել գրեթե բոլոր ազդեցիկ մարդիկ: Կարելի է բերել նաեւ այլ խնդրահարույց օրինակներ՝ նախագծով սահմանված հանցատեսակներից, բայց կարծում եմ՝ այսքանը բավարար է:

Նախագծով նախատեսված է, որ օպերատիվ-հետախուզական տվյալների հիման վրա, որը իդեպ հրապարակային չէ, ՀՀ դատախազությունը կարող է սկսել ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց, ուսումնասիրություն, կարող է ստանալ դատարանի թույլտվությունը բանկային գաղտնիք ստանալու վերաբերյալ՝ ընդամենը հիմնավորելով, որ դա իրեն անհրաժեշտ է:

Տեղեկատվության ոչ հրապարակային լինելը այս դեպքում խնդրահարույց է նաեւ հանրային վստահության առումով, բա ինչպե՞ս ենք իմանալու օպերատիվ տեղեկություններ կա՞ն, թե՞ չկան, ի՞նչ տեղեկություններ են դրանք: Բա ինչպե՞ս է բողոքարկվելու ուսումնասիրության հիմքերի առկայությունը, թե՞ մարդն այլեւս պաշտպանվելու իրավունք չունի:

Լավ, բա ու՞ր մնաց մարդու մասնավոր իրավունքների պաշտպանությունը, բա ինչպե՞ս ենք օրենքի երկիր կառուցելու, բա ինչպե՞ս ենք ներդրումներ ներգրավելու:

Բանկային գաղտնիքին հասանելիությունը առհասարակ պետք է տրվի միայն ու միայն շատ խիստ սահմանափակ դեպքերում, դատարանի որոշման հիման վրա, օրենքով սահմանված կարգով, որպեսզի այն չազդի ավանդատուների վարքագծի վրա եւ չառաջացնի ֆինանսական կայունության ռիսկ:

Ենթադրենք, մարդը կասկածվում է նախագծով նախատեսված հանցագործության կատարելու մեջ, սակայն մեղադրանքը չի հաստատվում, եւ մարդն արդարացվում է, այսինքն մարդն այլեւս անմեղ է: Սակայն նախագծով սահմանված է, որ մարդուն արդարացնելը հիմք չէ գույքը չբռնագանձելու համար:

Որեւէ մեկը ինձ կարող է բացատրել ինչու՞: Բա որ մարդն անմեղ է, գույքն ինչու՞ ենք բռնագանձում:

Եթե այդպես է, ուրեմն պետք չէ գույքի բռնագանձման գործընթացը առհասարակ կապել հանցագործություն կատարելու հետ: Պետք է հստակ սահմանել, որ այն քաղաքացիները, որոնք ունեն որոշակի շեմից բարձր արժեք ունեցող գույք, պետք է հիմնավորեն այդ գույքի ծագումնաբանությունը, հակառակ դեպքում գույքը բռնագանձվում է: Այստեղ պետք է հասկանալ, թե մենք առհասարակ ինչ ենք ուզում անել՝ ուզում ենք գողո՞նը վերադարձնել, ուզում ենք «կուլակաթափությու՞ն» անել, թե ի՞նչ ենք ուզում անել:

Վերոհիշյալից ելնելով, ես կարծում եմ, որ օրենքի նպատակը պետք է լինի մեր երկրից թալանվածը վերադարձնելը, եւ սա պետք է նկատի ունենալ գույքի արժեքի շեմը սահմանելիս:

Կարծում եմ՝ կարելի է քննարկել նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում գումարների փոխանցման հնարավորությունը ոչ թե պետական բյուջե, այլ հատուկ ստեղծված հիմնադրամ, որտեղից կֆինանսավորվեն երկրի համար ռազմավարական նշանակության ծրագրեր:

Նախագծի վերաբերյալ կան նաեւ բազմաթիվ այլ դիտարկումներ, բայց առայժմ կբավարարվեմ այսքանով:

Արկադի ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀ ԱԺ պատգամավոր
«Լուսավոր Հայաստան» խմբակցություն

«Առավոտ» օրաթերթ
12.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930