Լրահոս
Օրվա լրահոսը

Պաթոս, մուննաթ, ամբոխահաճություն. «Իմ քայլի» պատգամավորները մեղադրեցին Տիգրան Ուրիխանյանին

Նոյեմբեր 12,2019 11:22

ԱԺ հերթական նիստում այսօր քննարկվեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած՝ «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը:

Այս օրինագիծը, հիշեցնենք, ԱԺ համապատասխան հանձնաժողովում արժանացել էր բացասական եզրակացության: Այն սահմանում է, որ համատեղության կարգով մեկից ավելի գործատուների մոտ աշխատող քաղաքացիները կենսաթոշակակային տարիքում պետք է ստանան նաև երկրորդ աշխատավարձին համարժեք կենսաթոշակ։

Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց. «Կենսաթոշակը ստանալուց մեկ շաբաթ անց անգամ գումարը չի հերիքում՝ նվազագույն կարիքները հոգալու համար: Կառավարությունը հիմնավորել է, թե հաշվարկելը դժվար է լինելու, որովհետեւ կան կես դրույքով կամ ժամով աշխատողներ: Եթե քաղաքացին դուրս եկավ փողոց իր կյանքում որակ փոխելու նպատակով եւ հիմա չի ստանալու այն, ինչի համար ձեզ սկուտեղի վրա մատուցեց իշխանությունը, ապա դուք կոտրելու եք աղքատների ոգու ճրագը, որը վառվեց 1,5 տարի առաջ: Շտկեք կառավարության սխալը»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հարցադրում արեց. «Դա ձեր մասնավո՞ր դիտարկումն է, որ մեզ սկուտեղի վրա իշխանություն է մատուցվել»:

Ապա ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, դիմելով Ուրիխանյանին, շեշտեց, որ հանձնաժողովում կառուցողական քննարկում են ունեցել. «Պաթոսով բառեր ասելով՝ կենսաթոշակառուներին ականջահաճո պետք չի լինել»:

Ուրիխանյանը պատասխանեց. «Իմ պաթոսի մասին անգամ մարմնի տարբեր մասեր հատելու սպառնալիքներով հայտնի նախկին գործիչները չեն կարողացել խոսել: Խնդրում եմ կոռեկտություն պահպանել: Իսկ իշխանությունը, այո, պարոն Միրզոյան, ձեզ մատուցեց ժողովուրդը»:

Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Մենք շատ լավ հիշում ենք մեր իշխանության աղբյուրը՝ ՀՀ քաղաքացին եւ նրա քվեն: Դուք չէ, որ այդ մասին մեզ անընդհատ պետք է հիշեցնեք: «Սկուտեղի վրա» արտահայտությունն էր ոչ ճիշտ արտացոլում իրականությունը: Իսկ ամբիոնը ձերն է, ինչ ուզեք՝ կարող եք խոսել, այ քեզ բան…»:

Ուրիխանյանի ելույթին արձագանքեց «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը. «Գուցե նման կերպ խոսելու իրավունքն ունեիք նախորդ գումարման խորհրդարաններում, բայց այս ԱԺ-ում նման բառամթերքով, մուննաթով եւ տոնայնությամբ խոսելու իրավունք չունեք: Մուննաթն այս ամբիոնից հիմնական դրսեւորման ձեւ է դարձել: Այդ իրավունքը չէիք կարող վաստակել, որովհետեւ այս ԱԺ-ն գոնե 70% վստահության քվե է ստացել: Ժամանակն է վերջ տալ ամբոխահաճո հայտարարություններին»:

«Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշեց. «Միանում եմ կոչին, որ պաթոսը պետք է վերջ տալ: Պաթոսախառը հայտարարություններն այս ԱԺ-ին հարիր չեն: Հիշեցնեմ, թե որ իշխանությունն է բարձրացրել ուսուցիչների, ԱԻՆ աշխատողների աշխատավարձերը եւ այսպես շարունակ»:

«Իմ քայլի» պատգամավոր Արփինե Դավոյանն էլ ասաց. «Մի խոսեք պաթոսախառը եւ մեղադրական տոնով՝ տպավորություն ստեղծելով, թե իշխանությունը նորից մերժեց ընդդիմության լավ օրինագիծը»:

Պատգամավորների մեծ մասը «դեմ» քվեարկեց, ուստի Ուրիխանյանի օրինագիծը չի քննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Դա ճիշտ կլինի այն դեպքում,եթե թոշակը հաշվարկվի ըստ ստացած եկամուտների՝այժմ հաշվարկվում է ըստ աշխատած տարիների….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930