Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը՝ ներքաղաքական քարոզչության թեմա

Նոյեմբեր 12,2019 10:00

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հոդվածը «Սպուտնիկ Արմենիա» կայքում շատերի վրա տհաճ տպավորություն թողեց: Այս պարագայում համաձայն եմ մեծամասնության հետ. Իսկապես տգեղ է, երբ հայաստանյան որեւէ քաղաքական գործիչ այդքան անսքող կերպով հայցում է այլ պետության, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի աջակցությունը։ Չնայած հասկանալի է, որ անազատության մեջ գտնվող մարդիկ սովորաբար դիմում են ցանկացած միջոցի՝ իրենց կարգավիճակը բարելավելու համար:

Բայց եթե փորձենք վերանալ հույզերից եւ նախկին նախագահի հաշվարկներից, ապա կարելի է արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերություններում վերջին մեկուկես տարում որեւէ ուղղությամբ վատթարացում չի նկատվել՝ ի հեճուկս ընդդիմության պնդումների։ Ես ընդհանրապես չեմ պատկերացնում Հայաստանի որեւէ իշխանություն, որն այն աստիճանի արկածախնդիր կլինի, որ ցանկանա փչացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Կոնկրետ ներկայիս իշխանության՝ այս հարցում ոչ արկածախնդիր լինելը վերջերս հաստատել է նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը՝ նշելով, որ Հայաստանը վարում է պատասխանատու եւ բալանսավորված քաղաքականություն, իսկ երեկ Երեւանում, խոսելով ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին, հանդես է եկել մեզ համար, կարծում եմ, ընդունելի հայտարարություններով:

«Սպուտնիկի» հոդվածում Արցախի վերաբերյալ Քոչարյանի հնչեցրած մտահոգությունները տեղին են այնքանով, որքանով «ապրիլյան պատերազմի» նման կամ ավելի բարդ իրավիճակներ իսկապես կարող է ստեղծվել ամեն րոպե. ակտիվ ռազմական գործողությունների չկրկնվելու որեւէ երաշխիք չկա, եւ Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմին։ Բայց, հանուն արդարության, արժեր, երեւի, նկատել, որ հեղափոխությունից հետո հայ-ադրբեջանական սահմանին եւ Արցախ-Ադրբեջան շփման գծում լարվածությունը որոշակիորեն նվազել է: Ինձ համար բացարձակապես կարեւոր չէ, թե Փաշինյանն ու Ալիեւը որտեղ են դրա մասին պայմանավորվել՝ վերելակում, թե որեւէ այլ տարածքում: Ցանկացած նորմալ մարդ պետք է ուրախանա, որ զոհվածների եւ վիրավորների թիվը քչացել է:

Արդեն 30 տարուց ավելի է ՝ Արցախի հարցը շահարկվում է ներքաղաքական նպատակներին հասնելու համար: Դա միշտ արվում էր երկուստեք՝ թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմության կողմից: Վերջինիս դրսեւորումներից մեկն էր Երկրորդ նախագահի վերոհիշյալ հոդվածը: Բայց նաեւ իշխանությունն է գործում նույն ոճով: «Ապրիլյան պատերազմի» հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը հենց այդպիսի իշխանական քարոզչության մասն է: Խնդիրը ոչ թե ինչ-որ հարցերում ինչ-որ ճշմարտություններ պարզելն է, այլ «ապացուցելը», որ «ապրիլյան պատերազմը» նախորդ իշխանության դավադրության արդյունք է: Բնական է, որ ԱԺ-ն քաղաքական մարմին է եւ պետք է հրամցնի «քաղաքական ճշմարտություններ»: Պարզապես արժե, երեւի, մտածել ադրբեջանական ագրեսիայի այդ «յուրահատուկ» մատուցման հետեւանքների մասին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ 2007-ի ապրիլին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդունում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930