Լրահոս
Օրվա լրահոսը

«Ողջ երկրում շինհրապարակները պետք է ընդլայնվեն». Վարչապետը ծանոթացել է Գորիսում, Վայքում և Եղեգնաձորում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Նոյեմբեր 10,2019 21:54

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր: Կառավարության ղեկավարը նախ եղել է Գորիսում, որտեղ ծանոթացել է իրականացվող սուբվենցիոն և այլ ծրագրերի ընթացքին: Մարզում ներկայում իրականացվում են ճանապարհաշինական, ենթակառուցվածքների բարելավման, զբոսաշրջության խթանման մի շարք ծրագրեր:

Մասնավորապես, վարչապետին են ներկայացվել Մաշտոցի՝ 670 մետր երկարությամբ փողոցի, ինչպես նաև դեպի Վերիշեն գյուղ տանող 700 մետր ճանապարհի վերանորոգման աշխատանքները: Մաշտոցի փողոցի վերանորոգման համար ներդրվել է 250, իսկ Վերին տանող փողոցի համար՝ 153 մլն դրամ: Զեկուցվել է, որ վերջինս չէր վերանորոգվել շուրջ 40 տարի: Բացի ճանապարհների վերանորոգումից, իրականացվում են նաև մայթերի վերակառուցման և սալիկապատման աշխատանքներ:

Այնուհետև վարչապետն այցելել է Վերիշեն գյուղ, որը մտնում է խոշորացված Գորիս համայնքի մեջ, ծանոթացել 4-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու շուրջ իրականացվող զբոսաշրջային կենտրոնի կապիտալ բարեկարգման աշխատանքներին: Այստեղ գործելու են նաև տաղավարներ, որոնք զբոսաշրջիկներին կներկայացնեն մարզի զբոսաշրջային գրավչություններն ու կոլորիտը: Ծրագիրը գնահատվում է 100 մլն դրամ:

Կառավարության ղեկավարին է ներկայացվել նաև Վերիշենի մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները, որոնց համար ծախսվելու է 68 մլն դրամ:

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել նաև Հին Գորիսի վերականգնման ծրագրի ուղղությամբ կատարվող աշխատանքներին, որի շրջանակում վերանորոգվում են քարանձավները, զբոսաշրջիկների համար հիմնվում է Գորիսի կոլորիտին համապատասխան ճեմուղի։ Կապիտալ վերանորոգվում է նաև քաղաքի թատրոնը, որի համար ներդրվել է 500 մլն դրամ:

Վարչապետին է ներկայացվել նաև Գորիսի քաղաքային մարզադաշտի կառուցման աշխատանքները: Ծրագրով նախատեսվում է, որ մարզադաշտը կունենա 4000 նստատեղ, կբարեկարգվեն հարակից տարածքները:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը զեկուցել է, որ 2019 թվականին 2017-ի համեմատ սուբվենցիոն ծրագրերը 450 մլն դրամից հասել են 3 մլրդ 900 մլն դրամի: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն էլ նշել է, որ միայն գլխավորած համայնքն իրականացնում է 1,5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր, քաղաքում մեծ թափ է ստացել շինարարությունը, ներդրումային ծրագրեր են իրականացվում զբոսաշրջության ոլորտում: Ըստ քաղաքապետի, առկա է նաև աշխատուժի ներգրավման խնդիր. բանվորի միջին աշխատավարձը Գորիսում կազմում է 180 հազար դրամ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա ընթացքում մարզային համայնքների սեփական եկամուտներն աճել են 2,5 մլրդ դրամով, ինչը ևս խթանել է կառավարության և համայնքների համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընդլայնումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է սուբվենցիոն բոլոր ծրագրերի որակյալ իրականացումն ու այդ ուղղությամբ պատշաճ վերահսկողության ապահովումը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերը Տեղական ինքնակառավարման մարմինների և կառավարության համագործակցության լավ օրինակներ են։ 2020 թվականին ևս կառավարությունը պատրաստվում է սուբվենցիոն ծրագրերի համար հատկացնել 10 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ հանրապետությունում շինարարության տեմպերն աճելու են: «Ողջ երկրում շինհրապարակները պետք է ընդլայնվեն»,– ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ տարածքային համաչափ զարգացման լավագույն խթաններից մեկը հենց սուբվենցիոն ծրագրերն են։

Գորիսում վարչապետ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, ով Բրյուսել կատարած աշխատանքային այցից հետո վերադառնում էր Արցախ:

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի ու Արցախի կառավարությունների միջև համագործակցությանը, տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:

Այնուհետև Հայաստանի ու Արցախի ղեկավարները ծաղիկներ են խոնարհել Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Վայոց ձորի Վայք և Եղեգնաձոր համայնքներում: Վարչապետն այցելել է Վայքի նորարարական ռեսուրս կենտրոն, որտեղ դասավանդվում է ռոբոտաշինություն: Կենտրոնն ունի 10 աշակերտ և կարող է ընդունել ևս 10-ին: Վարչապետը կարևորել է նոր աշակերտների ներգրավումը ռոբոտաշինության խմբակ և պատրաստակամություն հայտնել ֆինանսավորել նրանց մեկ տարվա ուսման վարձը: Կառավարության ղեկավարն այցելել է նաև քաղաքի սեղանի թենիսի մարզադպրոց, մանկապարտեզ, ծանոթացել առկա պայմաններին: Վայքի համայնքապետը նշել է, որ քաղաքն ընթացիկ տարում հնարավորություն չի ունեցել ներկայացնելու սուբվենցիոն ծրագրերի հայտ՝ ֆինանսական խնդիրները նկարգավորելու արդյունքում հաջորդ տարի կներկայացվեն տարբեր ծրագրեր: Վարչպետը կարևորել է համայնքում տարբեր ուղղություններով ծրագրերի իրականացումն ու նշել, որ դրանք պետք է միտված լինեն քաղաքում կյանքի աշխուժացմանն ու մարդկանց համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Եղեգնաձորում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող բակային տարածքների ու լուսավորության վերականգնման ծրագրերի ընթացքին: Վարչապետը դժգոհություն է հայտնել դրանց ընթացքից ու որակից և պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ: Մասնավորապես, վարչապետը մարզպետ Արարատ Գրիգորյանին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել բոլոր սուբվենցիոն ծրագրերը, իրականացնել խիստ վերահսկողություն և զեկուցել դրանց արդյունքների մասին:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930