Այսօր «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարին նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած դրական փոփոխություններն, ինչպես ինքն ասաց, ուզեն, թե՝ չուզեն, հասնելու են նաեւ Արցախ, եւ արդեն իսկ կան շոշափելի ցուցանիշներ։
«Մենք այսօր տեսնում ենք, թե ինչ ծավալի ու որակ շինարարություն է իրականացնում Հայաստանի կառավարությունը, ինչպիսի քաղաքականություն է վարում աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ եւ մենք վստահ ենք՝ այն իրականացվելու է նաեւ Արցախում»,-ասաց Հարությունյանը:
Նա խոսելով ՀՀ-ի տնտեսական աճի մասին, նշեց, որ այն ազդելու է նաեւ Արցախի տնտեսության վրա, քանի որ միջպետական վարկը ձեւավորվում է ՀՀ-ի բյուջեով. «Հայաստանի հանրապետության փոփոխությունները դրական են ազդելու Արցախի վրա, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դրանց ընթացքը կասեցնող դավադիրները մնան քաղաքական լուսանցքում: Արցախը Հայաստանից ու Հայաստանի իշխանություններից իբր թե պաշտպանողներն այսօր ընդամենը զբաղված են այլոց շահերը սպասարկելով եւ այն խոչընդոտն են, որն առաջիկայում արմատախիլ ենք անելու միասնական: Արցախը Հայաստանի հանրապետությունից պաշտպանելու հակապետական տրամադրություններն հօդս են ցնդում, երբ տեսնում ենք, թե ինչպիսի բարեփոխումներ են կատարվում բանակում: ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ խմբակցության հետ լայն փակագծեր են բացվել: Ներկա մեր բոլոր պատգամավորները բավարարված չէին, այլ՝ գոհ էին այդ աշխատանքներից՝ սկսած սպայական անձնակազմի սոցիալական խնդրից, նյութական մատակարարման բարեփոխումներից, եւ ամենակարեւորը՝սպառազինության եւ պաշտպանունակության բարձրացման»:
Արտաքին քաղաքականության մասին էլ Հարությունյանն ասաց. «Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ՀՀ իշխանությունների եւ մեր պատկերացումները նույնական են: Արցախի ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը մեր այն առաջնահերթություններն են, որոնց հետ կապված որեւէ զիջման մասին խոսք անգամ չի կարող լինել: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի արդյունավետության ապահովման կարեւոր երաշխիք կարող է լինել Արցախի վերադարձը բանակցային սեղան: Թե՛ Ադրբեջանը, թե՛ համանախագահները պետք է հստակ գիտակցեն՝ բանակցային գործընթացին առանց Արցախի լիարժեք մասնակցության հնարավոր չէ հասնել հիմնախնդրի կարգավորման, քանի որ խնդրի լուծման հասցեատերը Արցախի ժողովուրդն է: Ողջունելի է նաեւ, որ ԼՂՀ կառավարությունն էլ հստակ բարձրաձայնում է՝ Արցախը պետք է որոշիչ ձայն եւ լիարժեք մասնակցություն ունենա բանակցային գործընթացում»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ