Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Առանց մերկապարանոց հայտարարությունների

Նոյեմբեր 10,2019 12:00

Երբեք այսքան լարված ու այսքան հետաքրքրությամբ չենք սպասել Ղարաբաղի նախագահի ընտրություններին, որքան այս տարի: Պատճառները մի քանիսն են: Պատճառներից գլխավորն ու հիմնականն, իհարկե, Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն էր, որը չէր կարող չանդրադառնալ եւ հնարավորինս անդրադարձել է Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանական վերնախավի հարաբերությունների վրա:

Խորհրդային Միության փլուզումից, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից եւ Հայաստանի անկախացումից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրությունները մշտապես տեղի են ունեցել Հայաստանի իշխանությունների «ճաշակով» եւ կամքին ներդաշնակ, եւ դժվար է պատկերացնել, օրինակ, որ ժամանակին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Լեռնային Ղարաբաղի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ որեւէ հարցում կարող էր նույնիսկ չնչին տարակարծություն կամ անհամաձայնություն լինել: Եվ դա միանգամայն բնական ու տրամաբանական էր, որովհետեւ դժվար է գտնել ուրիշ երկու երկիր, քան Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, որոնց շահերն այդաստիճան նույնական լինեն, գումարած՝ որ երկուսի բնակչությունն էլ հայեր են:

Այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի նախագահի հերթական ընտրություններին ընդառաջ որոշ տարաձայնություններ ընդհանուր առմամբ ի հայտ են եկել: Ոչ թե կոնկրետ Բակո Սահակյանի ու Նիկոլ Փաշինյանի միջեւ, այլ՝ ընդհանուր առմամբ: Օրինակ, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում սխալ քաղաքականություն է վարում՝ շարունակելով Լեւոն Տեր-Պետրոսյանի Արցախյան քաղաքականությունը եւ Արցախի հարցում հանդես բերելով ընդգծված ամերիկամետ կողմնորոշում: Վիտալի Բալասանյանն այդ մասին հրապարակավ արտահայտվել է, սակայն փաստ է, որ Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք Վիտալի Բալասանյանն այս մասին երբեւէ չի արտահայտվել:

Ինչեւէ. շատ հնարավոր է, որ Բալասանյանը նույնպես իր թեկնածությունն առաջադրի Արցախի նախագահի հերթական ընտրություններում: Նրա ընտրվելու դեպքում, կարծում ենք, նրա ու Փաշինյանի միջեւ տարաձայնությունները ոչ միայն հնարավոր, այլեւ անխուսափելի կլինեն: Մինչդեռ Փաշինյանն ու Բակո Սահակյանը Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջեւ մշտապես գոյություն ունեցած փոխհամաձայնեցված եւ ներդաշնակ հարաբերություններն առ այս պահը հնարավորինս շարունակում են, եւ եթե մի պահ պատկերացնենք, որ Բակո Սահակյանը կարող էր առաջիկա ընտրություններում վերընտրվել Արցախի նախագահ, ապա վստահ կարող ենք ասել, որ այդ դեպքում Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջեւ տարաձայնություններ ու խնդիրներ հաստատ չէին լինի: Քանի որ սկսեցինք երեւակայել ու ենթադրություններ անել, ապա կարող ենք ենթադրել, որ Արցախում նույնպես հնարավոր էր անցկացնել Սահմանադրական փոփոխություններ եւ հաստատել Վարչապետական իշխանություն, եւ թերեւս դա մեզ համար ամենացանկալի, ամենատրամաբանական ու ամենաբնական տարբերակը կլիներ, եւ այդ դեպքում հաստատ Հայաստանի ու Արցախի իշխանությունների փոխհարաբերությունները հնարավորինս ներդաշնակ, փոխհամաձայնեցված եւ մեզ համար ամենացանկալի տարբերակով կընթանային. ճիշտ այնպես, ինչպես որ առ այսօր եղել ու ընթացել են: Բայց երեւակայությունների գիրկը չընկնենք, եւ որոշ չափով մենք էլ Բալասանյանի ասածի մասին մտածենք ու հավատանք, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն Արցախի հարցում ունեն միանգամայն հակասական շահեր, եւ եթե դրան նույնիսկ փոքր-ինչ հավատանք, կհասկանանք, որ Արցախում հնարավոր են նաեւ մեզ համար միանգամայն անցանկանալի տարբերակներ, եւ որպեսզի դա տեղի չունենա եւ այդպես չլինի, պետք է մշտապես զգոնություն եւ նույնիսկ զգուշավորություն հանդես բերենք: Զգուշություն՝ միմյանց մասին հայտարարություններ անելիս: Ընդ որում՝ ասվածը վերաբերում է ոչ միայն Վիտալի Բալասանյանին:

Ասացինք, որ երբեւէ այսքան լարված ու այսքան հետաքրքրությամբ չենք սպասել Արցախի նախագահի ընտրություններին: Ընդ որում, չենք կարծում, որ Վիտալի Բալասանյանը Հայաստանի իշխանությունների համար ամենաանցանկալի տարբերակն է: Պակաս անկանխատեսելի չէ նաեւ Սամվել Բաբայանի տարբերակը, որը նույնպես հնարավոր է: Նույնիսկ խոսակցություններ կան, որ Արցախի նախագահի ընտրություններում իր թեկնածությունը կարող է առաջադրել նաեւ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, եւ չնայած Թավշյա հեղափոխությամբ Փաշինյանն անձամբ Սերժ Սարգսյանին է հաղթել, չենք կարծում, որ Արցախի նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակի տարբերակն ամենաանհաջող տարբերակն է: Համենայնդեպս, նույնպես անկանխատեսելի տարբերակ է:

Ինչեւէ, սպասենք եւ հուսանք: Զգուշությամբ, խելամտորեն եւ առանց մերկապարանոց ու իրարամերժ հայտարարությունների:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ

08.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930