Նոյեմբերի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Բարձր գնահատելով տարբեր մակարդակներում առկա երկխոսությունը՝ ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրեց, որ արքեպիսկոպոս Գալագերի այցը երկու կողմերի փոխադարձ պատրաստակամության վկայությունն է՝ որակապես նոր մակարդակի բարձրացնելու համընդհանուր արժեհամակարգի և պատմության խորքից եկող կապերի վրա հիմնված հարաբերությունները:
ԱԳ նախարար Մնացականյանը և Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Գալագերը մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ` դրանցում մեծապես կարևորելով մշակութային, հումանիտար ոլորտներում սերտ ավանդական համագործակցությունը: Այդ առնչությամբ ընդգծվեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի՝ հայ միջնադարյան հոգևորական, Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոս շնորհումը, ապա 2018թ. Վատիկանում Նարեկացու արձանի հանդիսավոր բացումը։
Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը՝ որպես առաջնահերթություն ընդգծելով դատաիրավական ոլորտի նկատմամբ հանրային վստահության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Կառավարության կողմից կյանքի կոչվող զարգացման օրակարգի առնչությամբ նախարար Մնացականյանն առանձնացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտներում Հայաստանի արձանագրած հաջողությունները և ձեռքբերումները՝ հիմնված դեռևս խորհրդային ժամանակհատվածում առկա փորձի վրա: Կարևորվեց մարզային համաչափ զարգացման ծրագրերի նախաձեռնումը և իրականացումը:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն արծարծեցին միջազագային և տարածաշրջանային հրատապության թեմաների լայն շրջանակ:
Կողմերն անդրադարձան ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի շրջանակներում ձեռնարկվող քայլերին և առկա մարտահրավերներին՝ կարևորելով այդ գործում միջազգային հանրության ջանքերի համախմբման և իրազեկվածության բարձրացումը։
Նախարար Մնացականյանը և Պոլ Ռիչարդ Գալագերը մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների, քրիստոնյաների պաշտպանության, քրիստոնեական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերի շուրջ:
Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանը և արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը հանդես եկան մամուլի համար հայտարարությամբ:
Նույն օրն առավոտյան Պոլ Գալագերի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ