Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող՝ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերին:
Նախագահ Սարգսյանը ողջունել է արքեպիսկոպոս Գալագերի այցը Հայաստան` գոհունակությամբ նշելով, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ:
Արքեպիսկոպոս Գալագերը Հայաստանի նախագահին իր տպավորություններն է փոխանցել այցից: «Ուրախ եմ տեսնել մի երկիր, որն ունի հնագույն քրիստոնեական ավանդույթներ և, միաժամանակ, շատ ժամանակակից ու կենսունակ հասարակություն»,-նշել է նա՝ խրախուսելի համարելով, որ հայ ժողովուրդն առաջ է նայում՝ պահպանելով ավանդույթներն ու քրիստոնեական արժեքները:
Նախագահ Սարգսյանը ընդգծել է եկեղեցու՝ պատմականորեն կարևոր նշանակությունը հայ ժողովրդի կյանքում՝ նշելով, որ դարեր շարունակ, երբ պետականություն չենք ունեցել, եկեղեցին եղել է մեր ժողովրդի միակ ամուր հենարանը:
Կարդացեք նաև
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժամանանակից աշխարհում եկեղեցու դերի շուրջ: Անդրադարձ է եղել նաև Վենետիկի Մխիթարյան միաբանության գործունեությանը:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ