Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է աստծո նման (վիպակ)

Նոյեմբեր 09,2019 16:31

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ՝ ԳԼՈՒԽ 1, ԳԼՈՒԽ 2, ԳԼՈՒԽ 3, ԳԼՈՒԽ 4, ԳԼՈՒԽ 5, ԳԼՈՒԽ 6, ԳԼՈՒԽ 7, ԳԼՈՒԽ 8, ԳԼՈՒԽ 9, ԳԼՈՒԽ 10, ԳԼՈՒԽ 11, ԳԼՈՒԽ 12, ԳԼՈՒԽ 13, ԳԼՈՒԽ 14, ԳԼՈՒԽ 15, ԳԼՈՒԽ 16, ԳԼՈՒԽ 17, ԳԼՈՒԽ 18, ԳԼՈՒԽ 19, ԳԼՈԻԽ 20

ԳԼՈՒԽ 21

Վերջին հաղթանակը

 

Մառախլապա՜տ, մառախլապա՜տ գիշերներ…

Ի՞նչ կա այնտեղ…

Ո՞ւմ երազն է կորցրել տունդարձի ճանապարհը։

Եվ ո՞վ է այս երեխան, որ ծիրանագույն մահիկի շողերով է խաղում։

Ահա ագռավն է թառել մերկ ծառի ճյուղին, իսկ խավարում պսպղուն նրա բիբերից ծորում են չարագույժ մտածմունքներ։

Ծառն իր փայտ եղունգներով ճանկռոտում է պատուհանի ապակիները՝ հնամյա խրճիթի հառաչանքից ոգեսպառվելով։ Եվ տանը չկա մեկ այլ շնչավոր՝ մենավոր մարդուց բացի։ Գիշերն է գերեվարել նրան, ու անկողնում անքուն բանականությունն ուզում է այլևս չմտածել։

Ավգուստան տարավ իր հետ բաշնարձակ նժույգներ, և մերկասարսուռ14 (ՏՈՂԱՏԱԿ 14. Բաշնարձակ, մերկասարսուռ. հեղինակային բառեր են): ջրվեժներ համրացան։ Սարդերը լռության ոստայններ հյուսեցին՝ անկյուններ գրավելով, իսկ ջրհորից ջուր բարձրացնող շղթան կտրվեց։

Ալեքսանդր Գոմեսը մահանում էր։

Նրա թմբկաթաղանթներին հարվածող մուրճերը գամում էին մեխեր՝ խաչափայտին բևեռելով հավերժության մահկանացու մարմինը։

Անկողնուն մեկնված այրը մարգարեացել էր ապագան։ Նա կանխավ գիտեր, որ լուսաբացն այրվելու է հրաշեկ բոցերում, իսկ Հարդագողի ճանապարհով քայլող Մարդը հագնելու է արևաշապիկ։15  (ՏՈՂԱՏԱԿ 15. Արևաշապիկ. հեղինակային բառ է):

Ալեքսանդր Գոմեսը սպասում էր։

Աշխարհում հայտնի իր բոլոր գործերից հետո նա ավարտին էր հասցրել  յուր վերջին աշխատանքը՝ ինքնաշեն պայթուցիկ պատրաստելով։ Դժոխային սարքը դրված էր անկյունում, իսկ զարթուցիչը համրում էր ակնթարթներ։

ԴԱ ԿԼԻՆԻ ՀԵՏՈ…

Իսկ հիմա, անկողնուն մեկնված տղամարդն ականջալուր էր իր սրտի զարկերին, որ դանդաղում էին համաչափ հնազանդությամբ՝ քնաբերի մահացու չափաբաժնից հաղթվելով։ Երանելի թմբիրն էր տիրում մարմնին, իսկ բանականության մեջ նավարկում էին սիրո մակույկներ։ Եվ, ի վերջո, ինքնաբավ մի ժպիտ հայտնվեց Ալեքսանդր Գոմեսի շուրթերին, և նա շշնջաց բառեր, որ երբևէ մի անգամ արձագանքել են տիեզերքի գմբեթում. «Ես հաղթեցի՛ աշխարհին16»։ (ՏՈՂԱՏԱԿ 16. «Ես հաղթեցի՛ աշխարհին». Հիսուս Քրիստոսի խոսքերն են։ (Հովհաննեսի ավետարան, 16։33):

* * *

Մնա ինձ հետ, սիրելի ընթերցող, և մենք միասին կապրենք ակնթարթներ, որ ափսոսանքով են հիշվելու հետո։

Ահա արթնանում է կինը, բայց երեխան խաղաղ քնած է իր անկողնում։ Մայրը համբուրում է ոսկեգանգուր աղջնակի ճակատը՝ վերմակի ծայրը թիկունքի վրա ծալելով։

Դիաննա…

Ի՞նչ թրթիռներ կարթնացնի մայրական գորովանքը երեխայի երազներում։ Մենք չգիտենք։

Եվ չգիտենք, թե կսկիծն ի՛նչ երգեր է մանում խաժ աչքերով գեղեցկուհու սրտի մեջ։

– Ինչ-որ մի բան հեռացավ անվերադարձ,- շշնջաց Ավգուստան՝ պաղ քրտինքը ճակատից սրբելով,- ես դա զգո՛ւմ եմ։

Աքաղաղը երրորդ անգամ էր կանչում, բայց դեռ թանձր էր խավարից ծորուն լույսը, իսկ մարդիկ արբած էին քաղցր քնով։ Հողմը կռացնում էր մերկանդամ ծառեր՝ նրանց ծեծված գլուխները հողին քսելով, և գիշերվա վհուկները զարզանդում էին ծառերի տարաբախտ հառաչանքներից։ Մենավոր մի խրճիթ կար Վեսթլենդ գյուղի ծայրում, փայտաշեն մի կացարան, որ տուն չէր այլևս, քանզի մահացել էր այնտեղ բնակվող մարդը։

Սգավոր անձրև…

Եվ հառաչեց տունը՝ դժոխային պայթյունից խլանալով, և հրաշեկ լեզվակներ խոյացան պատերն ի վեր, և ցրիվ եկան տանիքի թիթեղներն ու գերանները՝ հազարաթև կայծեր սփռելով։ Սոսկ ակնթարթ էր, բայց կրակը լափեց ողջ կառույցը, խուլ զրնգոցով փշրվեցին ապակիներ, և հսկայական ջահ հիշեցնող կացարանն արտացոլվեց հայլեփայլ երկնքում։

Մարդիկ…

Քնաթաթախ ու խելազուրկ…

Նրանք չգիտեն, թե կենդանական ինչ բնազդներ կան իրենց բանականության մութ խոռոչներում և չգիտեն, թե ինչ հարցեր են թափվում բանական արարածի ակնաբիբերից, երբ սարսափն է հալածում նրան՝ բնության գիրկը նետելով։

– Հրդե՜հ, հրդե՜հ,- բղավում էին ոմանք՝ իրենց կացարանները հապշտապ լքելով, իսկ ծերուկ Մորիս Հարպերը մեքենայի շարժիչն էր գործի գցում։

Խաժ աչքերով մի կին էր արտասվում իր բնակարանում՝ ինքն իր վրա զարմանալով, քանզի արցունք թափելու որևէ պատճառ չկար։ Նա չգիտեր, որ իր բանականության Անհայտը տեսել էր ապագան։

*  *  *

Ո՜վ դու, մարդ հողեղեն, ճանաչո՞ւմ ես արդյոք ի վերուստ տրվող քո ներշնչանքը և գիտե՞ս արդյոք, թե ինչպես է այլակերպվում մարդը, երբ ժամն է ոգեշնչման, և սիրատուր է ժամանակը։

Աստծո ներկայությունը գտնվում է այնտեղ, ուր սիրո նշտարով են հատում կյանքի երակը՝ արարելով մեկ այլ գոյություն և հոգենյութ մեկ այլ։

Ո՜վ դու, հանճար անավարտ…

Դու կտեսնես երկինքների երկինքը և կվկայես ճշմարտություններ, որոնք շնորհվում են իր պատկերի մեջ Աստծո պատկերը որոնող մարդուն։

Դու սահմաններ կջնջես՝ հավիտենության մեջ հավիտյան քո սկիզբը հայտնաբերելով, ինքդ քեզ ժխտելով այնտեղ, ուր հող է հավատը։

Հողեղեն տիեզերք…

Բանական աստղ, որ չգիտես երկինք վերադառնալու ճանապարհը և չգիտես քո տեղը ո՛չ երկնքում և ո՛չ էլ երկրի վրա։

Ո՞վ ես դու՝ անսպառ քո հույսերի, անեզր հավատի և արտասովոր քո սիրո մեջ։

Քամիներ…

Նրանք ծակում են թիկունքդ՝ ետևում անգո օրեր վկայելով, նրանք ապտակում են՝ դիմասլաց17  (ՏՈՂԱՏԱԿ 17. Դիմասլաց. հեղինակային բառ է)  արշավելով ապագայից։ Իսկ դու ապրում ես՝ քաջ գիտակցելով, թե ինչպես է այլակերպվում մարդը, սակայն չունես վերերկրային զորություն, որով կկարողանայիր վերադարձնել նվիրական ակնթարթներ։

Օ՜ ծանր է մահամերձ ցանկության չարչարանքը։

Իսկ հեռացողն ակամա շռայլում է ապրումներ, որոնք դու վերապրելու ես հետո…

Նրանք բոլորը անցորդներ են։

Նրանք բաժակ են բարձրացրել քեզ հետ, իսկ նրանց հեռու-մոտիկ ներկայությամբ իմաստավորվել է քո քաղաքը, առօրյա քո զբաղմունքն ու հետագայում ցանկալի հանդիպումը։

Նրանք ևս ճանաչել են Աստծո ներկայությունը, որ գտնվում է այնտեղ, ուր սիրո նշտարով են հատում կյանքի երակը՝ արարելով մեկ այլ գոյություն և հոգենյութ մեկ այլ։

Սակայն ո՞վ ես դու ի վերջո, և որտե՞ղ, որտե՞ղ, որտե՛ղ է իմաստավորվում Աստծո պատկերով արարված քո մոխիրը։

 

(շարունակելի)

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

 «Ով է Աստծո նման» վիպակը վաճառվում է «Նոյյան տապան» (Աբովյան 8) և «Բուկինիստ» (Մաշտոցի 20) գրախանութներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել