ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը վստահեցրեց՝ «Հին Երևան» թաղամասի կառուցման աշխատանքները ձգձգվում են իրացման գործընթացի ձգձգման պատճառով:
«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա մանրամասնեց. «Աշխատանքների ձգձգվելու հիմնական խնդիրը իրացման աշխատանքներն են: Այդ աշխատանքները կատարում է կառավարությունը. ստեղծվել է իրացման աշխատանքների հատուկ հանձնաժողով: Բնակիչների պահանջի, իրացման աշխատանքների ձգձգման հետևանքով է ծրագրի երկարաձգումը: Հույս ունեմ, որ գարնանը գոնե կկարողանանք արդեն այն, ինչ կառուցել ենք Բուզանդի վրա, այդտեղից մինչև Քոչինյան փողոց այդ հատվածն էլ իրացնել: 30-35 տոկոս գույքն է իրացված, մնացածը ցաքուցրիվ է»:
Հարցին՝ ի՞նչ հատվածների մասին է խոսքը, որտե՞ղ է լինելու է «Հին Երևանը» և կա՞ն հստակ ժամկետներ, Լևոն Վարդանյանը պատասխանեց. «Աբովյան փողոց, Արամ, Կողբացի, Բուզանդ. Արամի և Բուզանդի միջև ընկած հատվածն է: Մինչև իրացման աշխատանքները չլինեն, մենք չենք կարող ավարտել: Վերջնաժամկետ լինել չի կարող. այն, ինչ կապված է իրացման աշխատանքների հետ, հնարավոր չէ ասել վերջնաժամկետ: Եթե Պողոսն իր տնից դուրս չի գալիս, ի՞նչ ժամկետ: Նախնականով տրվել էր հինգ տարի ժամանակ»:
Հարցին՝ Մետաքսի գործարանի հատվածի հետ կապված ի՞նչ վիճակ է, ճարտարապետը պատասխանեց. «Բոլորն ապամոնտաժված շենքեր են, դրանց տերն ու հսկողը մշակույթի նախարարությունն է: Այն բոլոր արհեստական աղմուկները, խոսակցությունները, որ լինում են, բողոքում են և հարցերը բարձրացնում այն մարդիկ, որոնք իրենք պիտի հսկեն այդ հարցերը: Պատասխանատու չենք և կապված էլ չենք եղել: Երբ ես նախագիծ եմ ներկայացրել, այդ շենքերն արդեն ապամոնտաժված են եղել, քարերն ինչ-որ տեղեր լցված»:
Կարդացեք նաև
Լևոն Վարդանյանն ասաց, որ Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումն իր վրա է վերցրել, դա համար էլ քարերը չեն վնասվել. «Աֆրիկյանների քարերը կօգտագործեմ 95 տոկոս, քանի որ հատ առ հատ ապամոնտաժել ենք: Բուզանդ 17 շենքի քարերն էլ քիչ թե շատ լավ վիճակում են. քանդակի կոմբինատում են: Իսկ մնացած շենքերի քարերն այնքան էլ լավ վիճակում չեն: Աֆրիկյանների շենքի քարերի կորելու մասին խոսակցությունները սուտ են: Այդ շենքի ապամոնտաժումը եղել է անձամբ իմ վերահսկողության տակ»:
Հարցին՝ Արամի 23 հասցեում գտնվող շենքը հե՞տ կքաշվի, թե՞ կմնա, Լևոն Վարդանյանը պատասխանեց. «ՀՀ Երրորդ Հանրապետությունը, երբ կայացավ, ժամանակին հարցադրում կար, որ սեփականատերերը հին գույքերի իրավունքները վերականգնեն: Բայց պարզվեց, որ այդ հատվածներում ապրող մարդիկ նման իրավունք չունեն: Ժառանգները չեն, բոլորը բանվորներ էին, որոնք քշել էին այդ ժառանգներին: Ուստի ատելությամբ լցված էին վերաբերվել այդ շենքերին: Իսկ Նոր Նորքում, որտեղ մարդիկ իրենց պապական տներում են ապրում, այդտեղ մարդիկ պահպանել են իրենց պապերի տները: Տիգրան Հեքեքյանը նույն կերպ ժամանակին հայտնվեց այս տարածքում: Տարոն Մարգարյանի ժամանակ էր: Այդ շենքը ոչ մի բանով չի համապատասխանում երգչախմբին՝ օդի ծավալ, որ անհրաժեշտ է փոքրիկներին, համապատասխան սենյակներ. նման չափանիշներ պահպանված չեն»:
Հիշեցնենք՝«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը ահազանգել էր, որ պատմամշակութային արժեք ներկայացնող շենքը, որտեղ անցկացվում են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը, փլուզման շեմին է:
Լրագրողների հստակեցմանը՝ Արամի 23-ը պետք է հե՞տ քաշվի, Լևոն Վարդանյանը պատասխանեց. «Իմ նախագծում Արամի 23-ը պետք է հետ քաշվեր, այս աղմուկը եղավ, ես քաշվել եմ մի կողմ. ասել եմ՝ ինչ ուզում եք, արել: Դիմել են մասնագետների: Թող ամրացնեն տեղում: Ինչպես ինձ կհանձնեն, այնպես էլ ես կպահեմ: Աֆրիկյանների շենքը մոտ չորս մետր երթևեկության մեջ հայտնված շենք էր: Իմ կոլեգաներն են դրել ձեզ թյուրիմացության մեջ: Այդ շենքի չորս կողմը կառուցապատել էին բարձրահարկ շենքեր, երբ այդ ամենը սկսում էր, այն ժամանակ էր պետք տեր կանգնել»:
Հարցին՝ Հին Երևանի կառուցման համար որևէ բան ապամոնտաժելու մտադրություն կա՞, Լևոն Վարդանյանը վստահեցրեց՝ ոչ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ