Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է էմիրաթական Թավազուն («Tawazun») տնտեսական խորհրդի պատվիրակությանը՝ խորհրդի գործադիր տնօրեն Թարեք ալ Հոսանի գլխավորությամբ:
Թավազուն տնտեսական խորհուրդը հիմնադրվել է 1992 թվականին, Աբու Դաբիում և գործունեություն է ծավալում հիմնականում ռազմարդյունաբերական ոլորտի ժամանակակից տեխնոլոգիական ու նորարարական լուծումների ուղղությամբ:
Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ողջունելի է համարել այն, որ արդեն իսկ կան համագործակցության համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ: Նա վստահություն է հայտնել, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները սկիզբ կդառնան հետագա փոխգործակցության համար:
Խորհրդի գործադիր տնօրենը նշել է, որ այն, ինչ տեսել են հայաստանյան ինժեներական և նորարարական ընկերություններում, տպավորիչ է և լավ հիմք է ստեղծում հետագա գործընկերության համար: «Մենք ակնկալում ենք երկարատև ու արդյունավետ համագործակցություն»,- ընդգծել է նա:
Կարդացեք նաև
Զրուցակիցները խոսել են նորագույն տեխնոլոգիաների, կրթության, մասնավորապես ուսանողների փոխանակման և գիտահետազոտական ոլորտներում փոխգործակցության հնարավորությունների մասին: Այս համատեքստում նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը, որն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանը: Ծրագիրը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ գիտահետազոտական, ուսումնական ծրագրեր իրականացնելու նպատակով։ «Դա կստեղծի ճիշտ միջավայր և կօգնի սովորել խոշոր ընկերություններից»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: Նա առաջարկել է դիտարկել համագործակցության հնարավորությունները նաև այս ծրագրի շրջանակում։
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ