ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը համամիտ է ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի այն որոշման հետ, որ հայոց լեզու և հայոց պատմություն առարկաներն այլևս չպետք է դասավանդվեն բուհերում:
«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց. «ՀՅԴ-ական երիտասարդներն այդ հարցը քաղաքականացնում են և նշեց. «Մենք լեզու չենք անցել ինստիտուտում: Ես գտնում եմ, որ դա չի խանգարել, և որևէ մեկը չի կարող ցույց տալ, որ ճարտարապետներն ապազգային են և կաղում են հայոց լեզվից: Եթե լեզուն բարձրագույն կրթության մասնագիտական առարկա է, դա այլ հարց է, բայց եթե մասնագիտական չէ, ժամանակ ենք ծախսում: Օրինակ՝ լավ կլիներ, որ հուշարձաններ վերականգնող ճարտարապետները բուհում անցնեին գրաբար: Մյուս կողմից բուհերն այնքան ուժեղ պիտի լինեն, որ իրենք իրենց ծրագրերը որոշեն: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ականներին՝ ապա բոլորս հիշում ենք նրանց կրթության նախարարներին: Սա այն հարցը չէ, որ պետք է դարձնել հրաժարականի պահանջ»:
Լևոն Վարդանյանը կարծում է, որ եթե ընտրել ենք իշխանություն, պետք է թույլ տանք նրան քայլեր անել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ