Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը և Սուրբ Աթոռն ունեն բազմակողմ հարթակներում համագործակցության դրական փորձ․ Զոհրաբ Մնացականյան

Նոյեմբեր 09,2019 14:20

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ հանդիպման արդյունքներով

Բարի օր, հարգելի՛ գործընկերներ,

Այսօր ես անչափ ուրախ եմ ողջունելու իմ գործընկերոջը՝ Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերին, ով գտնվում է Հայաստանում պաշտոնական այցով:

Այս այցը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև զարգացում ապրող  երկկողմ հարաբերություններում: Ուրախ եմ, որ մենք պահպանում ենք երկկողմ բարձրաստիճան այցերի դինամիկան:

Հատկանշական է, որ իմ գործընկերոջ այցը համընկնում է իր պաշտոնավարման հնգամյա տարեդարձին․ հատկանշական է այն առումով, որ արքեպիսկոպոս Գալագերն  իր մեծ ավանդն ունի, ինչպես հայ-վատիկանյան միջպետական հարաբերությունների խորացման գործում, այնպես էլ առհասարակ միջազգային հարաբերություններում։

Ինչպես հայտնի է մեր պատմական առնչությունները և հարաբերությունները, թեև դարերի պատմություն ունեն, սակայն դրանք նոր լիցք ստացան ՀՀ անկախությունից ի վեր։

90-ականների սկզբին Հռոմի Պապ՝ այժմ Սուրբ Հովհաննես Պողոսի կողմից Աշոցքի շրջանին որպես նվիրատվություն տրվեց «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը, որը գործում է մինչ օրս և սպասարկում է անվճար։

Հայաստանն ու Սուրբ Աթոռն ունեն նաև մշակութային բնագավառում համագործակցության հարուստ փորձ։

Հայ ժողովուրդը ջերմությամբ է հիշում Հռոմի Պապ Հովհաննես-Պողոս Բ-ի գլխավորած բարձրաստիճան պատվիրակության` 2001թ. այցը Հայաստանում Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ: Կարող եմ ասել, որ այդ այցով նաև հայ-վատիկանյան  միջեկեղեցական հարաբերությունները որակական նոր փուլ թևակոխեցին:

Երկկողմ հարաբերություններում նշանակալի իրադարձություններից էին նաև 2015թ. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի՝ հայ միջնադարյան հոգևորական, Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոս շնորհումը, ապա Նարեկացու արձանի հանդիսավոր բացումը Վատիկանում  2018թ․։

Պետք է նշեմ, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը նաև Նորին Սրբության անձնական շահագրգռվածության արդյունքն է, որի համար մենք երախտապարտ ենք։ Կցանկանայի մեկ անգամ ևս վերահաստատել Հայաստանի շահագրգռվածությունը խորացնելու հարաբերությունները Սուրբ Աթոռի հետ, որոնք հիմնված են ընդհանուր արժեհամակարգի ու միջազգային հարաբերությունների խնդիրների վերաբերյալ համընկնող մոտեցումների վրա։

Բնականաբար իմ գործըներոջ հետ անդրադարձանք միջազգային և տարածաշրջանային արդի հարցերին, փոխադարձաբար ներկայացրեցինք դրանց հասցեագրման ուղղությամբ մեր դիրքորոշումները և մոտեցումները:

Մեր քաղաքական օրակարգում է Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների, քրիստոնյաների պաշտպանության հարցերը, քրիստոնեական պատմամշակութային ժառանգության պահպանումը։

Ես իմ գործընկերոջը ներկայացրեցի նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները և այդ առնչությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:Որպես միջազգային հարթակում ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջամարտիկ, բնականաբար, անդրադարձ կատարեցինք նաև այդ օրակարգի շրջանակներում ձեռնարկվող քայլերին և առկա մարտահրավերներին:

Ընդգծեմ, որ պաշտոնական Երևանը ու հայ ժողովուրդը երախտապարտ է Հռոմի Սրբազան Քահանայապետի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային ու միանաշանակ ուղերձի համար: Այդ հանցագործության աներկբա դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության տեսակետից, այլև մեծ ներդրում է ապագա նմանօրինակ ոճիրների կանխարգելման և ազգերի ու պետությունների միջև հարատև համերաշխությանը հասնելու համար:

Առիթ ունեցա նաև իմ գործընկերոջը ներկայացնել Հայաստանի ներկայիս ներքաղաքական օրակարգը և Կառավարության բարեփոխումների աշխատանքը։

Հայաստանը և Սուրբ Աթոռն ունեն բազմակողմ հարթակներում համագործակցության դրական փորձ, ուղղված միջազգային ասպարեզում մարդասիրական սկզբունքների ու համամարդկային արժեքների ամրապնդմանը, և մենք հանձնառու ենք շարունակելու և առավել խորացնելու մեր սերտ համագործակցությունն ու գործընկերությունը։

Այսքանը իմ կողմից։ Հարգելի գործընկեր, բարի գալուստ Հայաստան։ Իրապես երախտապարտ եմ, որ մենք այս մեկ տարվա ընթացքում բազմակողմ հարթակներում տարբեր առիթներով շփվել ենք, զրույցներ ու քննարկումներ ենք ունեցել բազմաթիվ հարցերի շուրջ: Եվ այդ զրույցների և քննարկումների ժամանակ ես առիթը ունեցել եմ հրավիրելու ձեզ Հայաստան և շատ ուրախ եմ և ոգևորված,որ ընդունեցիք իմ հրավերը, և այս այցը տեղի է ունենում, ինչը շատ կարևոր նշանակություն ունի և մեծ ներդրում է մեր հարաբերությունների հետագա զարգացման համար: Շնորհակալ եմ  և խոսքը փոխանցում եմ Ձեզ։

 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930