Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակչության շրջանում ի հայտ եկած յուրաքանչյուր դժգոհություն կառավարությունը ներկայացնում է որպես քաղաքական ենթատեքստ ունեցող հարց. «Փաստ»

Նոյեմբեր 09,2019 12:22

Երբ Փաշինյանի կառավարությունը չի կարողանում տեսանելի արդյունքներ արձանագրել և այնպիսի քայլեր է ձեռնարկում, որոնք հանրության շրջանում դժգոհություններ են առաջացնում, սկսում են մեղադրել նախկինների հետ կապված ինչ-որ դավադիր ուժերի, որոնք ոչ մի կերպ չեն ուզում երկիրը զարգանա և անընդհատ սաբոտաժի ձևեր են փնտրում: Մի խոսքով՝ ամենուրեք պատվեր տեսնելու մոլուցքն ու ստվերների դեմ պատերազմը շարունակվում է:

Ինչ-որ առումով այսքան ժամանակ այս թեզն աշխատել է, քանի որ Փաշինյանին հաջողվել է հանրությանը համոզել, թե իրեն չի հաջողվում լուրջ դրական փոփոխություններ բերել, որովհետև «դավադիր ուժերը» չեն թողնում:

Եվ ստացվում է, որ Փաշինյանը կառավարության վարկանիշը պահելու համար օգտագործում է «դավադիր ուժերի» ստվերը, իսկ եթե նույնիսկ անհրաժեշտ լինի, ապա ինքը կհորինի այդ դավադիրներին, քանի որ նրանց գոյությունը բխում է իր շահերից:

Երկրի տնտեսությունը զարգացնելու փոխարեն կառավարության ղեկավարը փաստորեն ավելի շատ զբաղված է թյուրըմբռնում առաջացնելով:

Իշխանություններին քննադատելը, հասարակության ներսում կուտակված խնդիրները և դժգոհությունները վեր հանելը ընդդիմության գործն է, սակայն բնակչության շրջանում ի հայտ եկած յուրաքանչյուր դժգոհություն կառավարությունը ներկայացնում է որպես քաղաքական ենթատեքստ ունեցող հարց՝ դրանով փորձելով այն տեղափոխել այլ դաշտ:

Այսպես, օրինակ՝ Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման, հայագիտական առարկաների դասավանդումը բուհերում ոչ պարտադիր դարձնելու, ԿԳՄՍ նախարարության կողմից խնդրահարույց միջոցառումներ և ֆիլմեր նկարահանելու նպատակով ֆինանսներ տրամադրելու հարցերի շուրջ հանրության շրջանում առաջ եկած մտահոգությունը իշխանությունները ներկայացնում են մութ ուժերի գործունեության արդյունք:

Եվ պատահական չէ, որ կառավարության նիստում վարչապետը հայտարարում է, թե Հայաստանում սակավամտության և բացամտության պայքար է տեղի ունենում.

«Դա արվում է մարդկանց անընդհատ ինչ-որ անհեթեթ վախեր ներշնչելով, օգտվելով մարդկանց տեղեկացվածության պակասից, ինչ-որ կեղծ կարգախոսներ դնելով շրջանառության մեջ»:

Իսկ ԿԳՄՍ նախարարն էլ իր հերթին բուհերում սկսված շարժումը ներկայացնում է որպես այնպիսի հարց, որը միայն քաղաքական նպատակներով են ուզում իր դեմ օգտագործել:

Արդյունքում այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ իշխանությունը կտրվում է հանրությունից, և փոխանակ հանրությունը օրակարգ թելադրի իշխանություններին, կառավարությունն է փորձում իր ուզած օրակարգը թելադրել հանրությանը և այն ներկայացնել ժողովրդի անունից:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930