«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծի ե՛ւ քննադատները, ե՛ւ պաշտպանները անտեսում են մի կարեւոր խնդիր, որը դարձել է խոցելի գարշապարը մեր կրթական ողջ համակարգիՙ հանրակրթությունը, նկատի ունեմ այս բառի ամբողջ ծավալը՝ դպրոց, հեռուստատեսություն, սոցցանցեր, հանրային գովազդներ, հասարակություն, նույնիսկ՝ Ազգային ժողով ու կառավարություն: Ա-յախոսություն է ամեն տեղ, նույնիսկ վարչապետի, պատգամավորների, հայտնի մտավորականների, գիտնականների, արվեստագետների լեզվում: Իսկ հոռեգույնը՝ ժարգոնը, բարբառը, անգլերենի եւ ռուսերենի սխալուճիշտ կիրառումը, որը շատերին թվում է բնական ու նախընտրելի: Մեր երիտասարդներն արդեն չեն նախաճաշում, ոչ էլ ճաշում են կամ ընթրում, այլ՝ զավտրըկ են անում, լանչի են գնում, դինըրի են հրավիրվում, իսկ ուիքենդին փարթի են կազմակերպում ու դենսինգ անում: Փողոցում կամ խանութում մաքուր գրական հայերենը շրջապատի զարմանքն է առաջացնում, նույնիսկՙ արհամարհանքը: Մեր բրենդ ային խանութները, գրագետ ու տպավորիչ ներկայանալու համար, «ընդհուպ մինչեւ» 70 տոկոս զեղչով ապրանք են առաջարկում, բժիշկները խոստանում են «ցանկացած» հիվանդություն բուժել, բարձրաստիճան զինվորականը պատրաստակամություն է հայտնում հակառակորդի «ցանկացած» ոտնձգության արժանի հակահարված տալ, մեր զինվորները, ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրությունների, «վիրավորում» եւ ոչ թե վերք են ստանում, իսկ մանկապարտեզի երեխաներն արդեն ռուսաց լեզուն են «ուսումնասիրում» : Երեխա ասացի ու հիշեցի մեր դպրոցների շրջանավարտներին, որոնք, քիչ բացառությամբ, չեն կարողանում անսխալ մի քանի տողանի դիմում գրել, կամ նամակ:
Ինձ թվում էր, որ կրթության եւ գիտության նախարարը, ՀՀ վարչապետը եւ օրինագծի մյուս պաշտպանները հարցը ճիշտ հունի մեջ դրած եղան, երբ իրավամբ հարց տվեցին, թե այդ ինչպե՞ս է որ մեր երեխաները 12 տարի դպրոցում հայոց լեզու, գրականություն, հայոց պատմություն անցնելուց հետո դեռ անգրագետ են մնում, բայց իսկույն, մի կողմ թողնելով այդ ախտաճանաչումըՙ նրանք ոստում կատարեցին դեպի բուհական համակարգ, անգամ Հարվարդ, Քեմբրիջ ու Սորբոն: Այնինչ պետք էր մնային այդ՝ առաջին կետի վրա ու փորձեին կրթական բարեփոխումների հարցը քննարկել, լուծումներ փնտրել ա՛յդ սկզբնակետից, տարրական դասարաններից մինչեւ ավագ կոչված դպրոց:
Դպրոցական մեր համակարգը անցնող 28 տարվա ընթացքում ի՜նչ փորձերի, փորձարկումների ու փորձանքների ենթարկվեց: Բոլոնիայի համակարգից մինչեւ օպտիմալացում եւ նորամուծություններ՝ ինչպիսի՜ խառնաշփոթ առաջացրին, տարտղնեցին դպրոցականՙ թեկուզ խորհրդային կանոնակարգված համակարգը. դպրոցական ծրագրե՞րը, դասագրքերն ու ձեռնարկնե՞րը, մանկավարժական խոտա՞նը, հասարակության անտարբերությո՞ւնը: Ո՞րն է պատճառը կամ պատճառները, որ այսքան շատՙ անգամ կարմիրդիպլոմավոր կիսագրագետ պատանիներ ու երիտասարդներ ունենք: Կամ, դրական կողմից մոտենանք հարցին, ո՞րն է պատճառը, որ, օրինակ, Օձուն գյուղում ահել ու ջահել մաքուր հայերեն են խոսում: Մի՞թե տեղի 150-ամյա հրաշալի դպրոցի շնորհքը չէ:
Ահա թե որտեղից պետք է սկսել կրթական բարեփոխումները, ռեֆորմը, որը իսկապես անհրաժեշտ է մեր ժողովրդին ու պետությանը, մեր նորահաս սերունդներին:
Կարդացեք նաև
Հավանաբար շտապողականությունը, հեղափոխականությունը կամ մտքի ծուլությունն է պատճառը, որ մեր իշխանությունները համապետական ու համազգային հարցեր ու խնդիրներ լուծելիս, այս էլ քանիերորդ անգամ, սկսում են վերջից: Արդյունքըՙ քաոս:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում