Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արծրուն Պեպանյան. «Հանրային խորհուրդը հանկարծ անիմաստ դարձավ այն պահից, երբ ՀԽ-ում սկսեցին որոշ քննարկումներ անել, որոնք իշխանահաճո չէին». «Փաստ»

Նոյեմբեր 09,2019 11:17

Քաղաքական վերլուծաբան, Հանրային խորհրդի անդամ Արծրուն Պեպանյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծեց. «Պարոն Փաշինյանը, գալով իշխանության, ձեռնամուխ եղավ Հանրային խորհրդի նոր կազմի ձևավորմանը, և այդ գործընթացի արդյունքում ընտրվեցին 45 անդամներ, որոնցից ընտրվեց ՀԽ նախագահը:

Հետո բյուջե սահմանեցին, որ Հանրային խորհուրդը գործի:

Ու հանկարծ հասկացան, որ ՀԽ-ն «անիմաստ» կառույց է:

Հիմա՝ հարց. ինչո՞ւ մինչ այս չէին հասկանում, որ ՀԽ-ն «անիմաստ» կառույց է, և այդ «անիմաստ» կառույցին ինչո՞ւ են բյուջե տվել:

Հետևաբար, պարզ է, որ նոր կազմը ձևավորելուց առաջ իմացել են, որ այն անիմաստ կառույց չէ, առավել ևս, որ ՀԽ-ն սահմանադրական կարգավիճակ ունի, և իշխանությունները պարտավոր են իրականացնել այդ փաստից բխող գործառույթները: Հանրային խորհուրդը հանկարծ անիմաստ դարձավ այն պահից, երբ ՀԽ-ում սկսեցին որոշ քննարկումներ անել, որոնք իշխանահաճո չէին:

Օրինակ, երբ Ն. Փաշինյանի հրամանով դատարանների մուտքերը շրջափակվեցին, ՀԽ-ում այդ հարցը քննվեց, և այդ առումով եղան դժգոհություններ:

Հաջորդը քննարկվեց Ստամբուլյան կոնվենցիան, որի շուրջ մտահոգություններ եղան:

Կար նաև տեսակետ, որ մեր իրավական համակարգը լիովին բավարարում է խնդրի առկայության դեպքում լուծումներ տալ, և ինչ-որ կոնվենցիաների ընդունման կարիք չկա:

Սրան էլ գումարենք Վազգեն Մանուկյան քաղաքացու մտահոգություն հայտնող ելույթները, որոնք ոչ թե քննադատական էին, այլ ուղղորդող:

Եվ փոխանակ իշխանությունները հաշվի առնեին, թե որտեղ ինչն են սխալ անում, որ ՀԽ-ում այսպիսի դիրքորոշում կա, որոշեցին, որ ՀԽ-ն ավելորդ կառույց է, իսկ Փաշինյանը ՀԽ նախագահի հեռախոսազանգերին չի պատասխանում:

Մեծ հաշվով, հիմնական պատճառն այն է, որ ՀԽ-ն իրեն չի դրսևորում այնպես, ինչպես Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը, որի պատգամավորներին վերևից ասում են՝ էսպես պետք է քվեարկեք, և բոլորը քվեարկում են:

ՀԽ-ն այդ մարմինը չէ, ԱԺ չէ, ՀԽ-ում բոլորը կայացած մարդիկ են, հարցեր են քննարկում, տարբեր տեսակետներ են լինում:

Իրականում իշխանությունները սովոր չեն, որ կարող է լինել ինչ-որ մի կառույց, որտեղ կասեն, թե մածունը սպիտակ է»:

«Եթե նայենք, թե ներկա իշխանությունները ինչ տեղ են տալիս քաղաքագիտական, տնտեսագիտական մտքին, կտեսնենք, որ այդ առումով աղետալի վիճակ է:

Եթե բավականին իմաստուն իշխանություն լինեին, պետք է տագնապ հնչեցնեին ու ասեին՝ այո՛, մենք եկանք իշխանության, նախկիններին հեռացրեցինք, բայց մենք այդ փորձը չունենք, օգնեք մեզ, եկեք, հավաքվեք, օժանդակեք, որ նորից չգահավիժենք: Իրենք սա պետք է անեին:

Փոխանակ Հանրային խորհրդին ասեին, որ ձեր փորձը պետք է մեզ պետությունը ճիշտ ուղով տանելու համար, ինչ-որ մարդիկ, որոնք մեծ-մեծ գումարներ են ստանում, պետության կառավարման գործից գլուխ չեն հանում, իրենց իրավունք են վերապահում գնահատել իրենցից հազար անգամ խելացի մարդկանց հավաքականությունը:

Մեր իշխանություններն, առհասարակ, միշտ մի խնդիր են ունեցել:

Պետության մեջ առկա միտքը չեն ներգրավել, որ օգտվեն այդ մտքի խորհուրդներից: Իրականում իշխանությունները պետք է բավարար համբերություն և խոհունություն ունենան, որ այդ մարդկանց հետ կարողանան շփվել:

Սա է պատճառը, որ միտք կրող մարդիկ միշտ էլ իշխանություններից հեռու են գտնվել, և սա մեր բոլոր իշխանությունների դժբախտությունն է:

Նույն ճանապարհով գնում է նաև այս իշխանությունը: Իշխանություններին միշտ պետք են եղել դրածո մտածողներ, միշտ անսկզբունքայիններով են իրենց շրջապատել, բայց մենք տեսել ենք, որ այդ ճանապարհն աղետի է տանում:

Նույն պատկերը նաև այսօր է»,-ասաց զրուցակիցը՝ հավելելով, որ այս ճանապարհը տանելու է այնտեղ, որտեղից եկել ենք:

«Նորից նույն անդունդի խորքում ու նույն փոսում ենք հայտնվելու, որն, իբրև թե, մերժեցին, ու որից, իբրև թե, դուրս եկան: Ցավով եմ ասում՝ այս իշխանությունները կունենան նախկինների ճակատագիրը, եթե շարունակեն այսպես:

Ժողովուրդը մի օր հոգնելու է իրենցից, որովհետև չեն անում այն, ինչ պետք է: Փոխարենը ով ինչ թթու խոսք է ասում իշխանություններին, գցում են սև ցուցակ ու վերջ:

Հիմա արդեն Վազգեն Մանուկյանի հետևից են ընկել: Գնում են Նաիրի Հունանյանի մոտ, որ նա Վազգեն Մանուկյանի անունը տա, որ «պողոսները» խանդավառվեն…»,-շեշտեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930