Երկու օր առաջ լուր տարածվեց, որ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանին հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Մինասյանին հարցաքննել են վկայի կարգավիճակում՝ կապված իր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած մի ենթադրյալ խախտման հետ։ Երեկ Արծվիկ Մինասյանը ասաց, որ առաջին անգամ չէ, որ իրեն կանչում են հարցաքննության, բայց նաեւ նշեց, որ սա կապ չունի ՀՅԴ երիտթեւի՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ սկսված ակցիաների ու նախարարի հրաժարականի պահանջի հետ։ Արծվիկ Մինասյանը դեռ չի շտապում այս քրգործերին ու իր հարցաքննություններին քաղաքական աստառ տալ եւ համարել, որ սա քաղաքական հետապնդում է իր դեմ՝ որպես դաշնակցականի։
«Բոլոր գործերը կապված են իմ նախկին պաշտոնների հետ, հիմնականում՝ բնապահպանության նախարար աշխատած շրջանի հետ, որտեղ ուղղակի վկայի կարգավիճակով ինձնից որոշակի բացատրություններ են ուզում ստանալ։ Որեւէ խնդիր չեմ տեսնում այստեղ, կոնկրետ այս գործով, օրինակ»,- ասաց Մինասյանը։
– Իսկ ի՞նչ գործ է սա։
– Ես 2017 թվականի փետրվարին պաշտոնից ազատել եմ մի տնօրենի՝ Սարգիս Բարսեղյանին, ում պաշտոնավարման ժամանակ բազմաթիվ ապօրինություններ են եղել։ Ընդ որում, ազատելուց հետո նա օրենքով նախատեսված իր բոլոր վճարումներն ստացել է, իսկ հետագայում հարուցվել է քրեական գործ նրա՝ նախկինում կատարած արարքների համար։ Ավելին ասեմ՝ այդ ընթացքում ինքը, տեսնելով, որ իրավիճակ է փոխվել՝ հայտնի ձեւակերպմամբ ասած, որոշել է հաղորդում տալ, թե իբր ես իրեն ապօրինի հանձնարարական եմ տվել, դրա համար եմ ես իրեն ազատել աշխատանքից։ Իմ հանձնարարականը եղել է «Բրիտանական ավիաուղիների» եւ «Ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՓԲԸ միջեւ դրամական վեճի հարցը, որը գտնվում է դատական ատյաններում, եւ, ըստ գործող օրենսդրության, քանի որ բրիտանական կողմից կար հաշտության համաձայնության առաջարկություն, ես այս առաջարկությունը փոխանցել եմ Գլխավոր դատախազությանը, դատախազությունը տվել է իր համաձայնությունը, եւ դատական կարգով կնքվել է այդ համաձայնությունը։
Կարդացեք նաև
– Այսինքն՝ իր տված հաղորդման վրա՞ են Ձեզ հրավիրել հարցաքննության։
– Այո, հարուցված մեծ գործի շրջանակներում ինքն է հաղորդում տվել, որ իրեն պաշտոնից ազատել եմ, որ իբր իմ՝ ենթադրյալ ապօրինի հանձնարարականը չի կատարել։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում