Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. Բոլորովին համաձայն չեմ, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը առաջնային խնդիր չէ. «Ժամանակ»

Նոյեմբեր 09,2019 10:51

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով՝ նախագիծը մեկ հարց է, իսկ նախագծով լուծվելիք խնդիրը՝ մեկ այլ հարց։ Հետևաբար, եթե ինչ-որ մեկը դեմ է նախագծին, ապա պետք է հասկանալ՝ նա ընդունո՞ւմ է, որ քրեական ենթամշակույթ ասվածը գոյություն ունի, թե՞ ոչ, և եթե գոյություն չունի, ապա պետք է բնականաբար դեմ լինել նախագծին։ «Հետևաբար պետք է ոչ թե դեմ լինել նախագծին ընդհանրապես մերժելու առումով, այլ նախագիծն ավելի լավացնելու, ավելի արդյունավետ իրավական մեխանիզմներ ներդնելու տեսակետից։ Ինձ համար, հաշվի առնելով երկարամյա դիտարկումները, թե ՔԿՀ-ներում, դատապարտյալների և կալանավորված անձանց պահման վայրերում, դիտարկումները ընտրությունների ժամանակ և մարդու իրավունքների խախտումների գործերով առանձին դեպքերում այն գործոնները, որոնք էական նշանակություն են ունեցել, պնդում եմ, որ քրեական աշխարհ հասկացողությունը, իր հակամշակույթով, իր գործիքներով և իր հակամարդկային բովանդակությամբ, առկա է։ Այն տարիներ շարունակ օգտագործվել է նախորդ իշխանության կողմից կոռուպցիոն նպատակների համար, օգտագործվել է և հիմնական երաշխիքներից մեկն է հանդիսացել անպատժելիության համակարգի ձևավորման գործում։ Այն ունեցել է քաղաքական իշխանության բարձր հովանավորությունը և եղել է պետությունը զավթելու ինստիտուտներից մեկը ասաց Սաքունցը։ Նրա խոսքերով՝ այդ առումով պետք է, որ քրեական աշխարհի և քրեական հակամշակույթի դեմ առաջնային պայքար լինի։ Եվ այդ առումով շատ ողջունելի է կառավարության նախագիծը, որը հանդիսանում է պետության կողմից մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իր պարտավորությունների կատարման քայլերից մեկը։

«Քրեական աշխարհը ՔԿՀ-ներում, իրենց տարբեր ինստիտուտներով, մասնավորապես «օբշյագ»-ով, հիերարխիկ հարաբերություններով, տարիներ շարունակ հանդիսացել են մարդու իրավունքների մարտահրավերներ, փակ հաստատություններում կոռուպցիոն սխեմայի ապահովող։ Հետևաբար, ավելի քան անհրաժեշտ է դրա դեմ պայքարը։ Բոլորովին համաձայն չեմ այն տեսակետի համար, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը առաջնային խնդիր չէ։ Հակառակը, դա արմատավորվել է հենց անտարբերության հետևանքով։ Ներկայումս պետք է իրավական մշակույթը արմատավորվի, և այս նախագիծը այդ ճանապարհին առաջին քայլերից մեկն է։

Քրեական աշխարհի ներկայացուցիչները չպետք է ունենան այն պատկերացումը, թե թավշյա հեղափոխությունից հետո իրենք գտնվելու են այն արտոնյալ պայմաններում, որը ունեցել են նախորդ իշխանության ժամանակ։ Նրանք չպետք է նաև հույս ունենան, որ երբևիցե կարող են ակնկալել քաղաքական իշխանության ոչ թե լոյալությունը, այլ համագործակցությունը։ Սա հստակ ուղերձ է հանրությանը, առանձին պետական ինստիտուտներին և կրթական ոլորտին, որտեղ քրեական ենթամշակույթը մտել էր որպես օրինակելի վարքագիծ աշակերտների, ուսանողների մոտ։ Հետևաբար, եթե ոչ այս խնդիրը, ապա որ խնդիրն է առաջնահերթ»,- նկատեց իրավապաշտպանը։

Դիտարկմանը՝ տարօրինակ չէ, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ պատգամավորն է դեմ արտահայտվում քրեական ենթամշակույթի դեմ պայքարող նախագծին, Սաքունցը նկատեց. «Ամեն մեկն ըստ իր շարժառիթով է մոտենում հարցին, բայց իրավական և ժողովրդավարական երկրի մարտահրավերը հանդիսացող խնդիրը, ինչպիսին քրեական ենթամշակույթն է, այն չդիտարկելը առաջնային խնդիր՝ նշանակում է ոչինչ չհասկանալ կամ կանխամտածված չհասկացողի կեցվածք ընդունել։ Շատ ժողովրդավարական երկրների պրակտիկան հուշում է, որ քրեական աշխարհի դեմ պայքարը իրավական և ժողովրդավարական պետություն ունենալու գլխավոր երաշխիքներից է»։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930