Անդրադառնալով «Մել» ֆիլմի ֆինանսավորման հարցին, Նիկոլ Փաշինյանը, հակադարձելով դժգոհություններին, ասաց, որ Մելինե Դալուզյանը, ում մասին նկարահանվելու է ֆիլմը, մի մարդ է, որի հաղթանակի համար երկու անգամ Հայաստանի դրոշ է բարձրացվել: Սակայն ակցիայի մասնակիցները հիշեցրին, որ ֆիլմի ռեժիսորը «Հայկական Ժամանակ» թերթի հետ զրույցում ասել է, որ պատմելու է սեռափոխված Մելինե Դալուզյանի մասին: Սրան հետևեց Նիկոլ Փաշինյանի ուշագրավ պատասխանը. «Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը չեմպիոնի մասին է»: Իհարկե, ամենավառ երևակայությունն ունենալու դեպքում էլ դժվար է պատկերացնել, թե ինչպես է դա տեղի ունենալու, կամ, ասենք՝ ինչպես է ֆիլմի վերջնագրերում նշվելու, որ ֆիլմի հենց այդ հատվածն է ֆինանսավորվել ՀՀ պետական բյուջեից, իսկ մնացածը՝ ոչ, բայցևայնպես հետաքրքիր է նաև մեկ այլ հանգամանք: Ինչպես հայտնի է՝ այդ ֆիլմի նկարահանման համար պետբյուջեից հատկացվելու է 20 մլն դրամ: Եվ եթե իսկապես ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվելու է ֆիլմի ընդամենը մի փոքր հատվածը (պատկերացնենք), ապա զարմանալի է, թե ինչու է դրա համար հատկացվում այդքան մեծ գումար՝ 20 մլն դրամ:
Երեկ հեռուստաընկերություններից մեկի նախկին պրոդյուսերն այս առիթով սոցիալական իր էջում պատրաստակամություն էր հայտնել 20 մլն դրամով 20 փաստագրական ֆիլմ նկարահանել: «Պաշտոնապես հայտարարում եմ՝ պատրաստ եմ այդ 20 միլիոն դրամով նկարահանել նորանկախ Հայաստանի Հանրապետության 20 չեմպիոնների մասին փաստավավերագրական ֆիլմեր: Ոչ թե մեկ ֆիլմ՝ անորոշ բովանդակությամբ, պարզ չի՝ ինչի մասին, այլ 20 փաստավավերագրական ֆիլմ նորանկախ Հայաստանի չեմպիոնների մասին, որոնց նվաճումներն իրոք շատ կարևոր են ու էական են Հայաստանի Հանրապետության համար»,- ասել է պրոդյուսերը:
Որպես 22 տարի հեռուստատեսային պրոդյուսերի փորձ ունեցող՝ նա նաև իր տարակուսանքն էր արտահայտել ֆիլմի հատվածական ֆինանսավորման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ՝ ասելով.
Կարդացեք նաև
«Հարգելի պարոն վարչապետ, ցավդ տանեմ, պարոն Փաշինյան ջան, նման բան չի կարող լինել պրոյեկտի ֆինանսավորման մեջ: Չի կարող մի քանի կազմակերպություն, որոնք ֆինանսավորում են մի պրոյեկտ, ասեն, թե՝ մենք ֆինանսավորում ենք այդ պրոյեկտի միայն այ այս հատվածը: Դա Ձեզ ասում եմ՝ որպես 22 տարի հեռուստատեսային պրոդյուսերի փորձ ունեցող մարդ»:
Երեկվա Նիկոլ Փաշինյան-բողոքող երիտասարդներ երկխոսությունից ուշագրավ էր նաև երիտասարդ աղջկա հորդորը Նիկոլ Փաշինյանին, որ՝ «եթե փաստեր ունեք, դիմեք ոստիկանություն»: Սա պատասխան էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ՝ «Արայիկ Հարությունյանը որ թալանչի լիներ, որ ընդունելության քննություններին փող առներ, նրա հրաժարականը չէիք պահանջի, չէ՞»:
Թե ում էր ակնարկում Նիկոլ Փաշինյանը՝ հայտնի չէ: Բայց եթե իսկապես Նիկոլ Փաշինյանը նման փաստեր ունի, կարող է դիմել ոչ միայն ոստիկանություն, այլև դատախազություն, Քննչական ու Հատուկ քննչական ծառայություններ: Հաստատ կընդունեն:
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում