Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուրեն Աբրահամյան. «Բոլորի մտահոգությունն էլ կանոնադրությունը պահելն էր: Ընդգծված ողջույններով հաստատեցինք Աբրահամի թեկնածությունը». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 09,2019 10:17

Երբ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 6-ին Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակեց, ՀՖՖ գործկոմի շատ անդամներ գրոհ սկսեցին նրա դեմ։ «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել ՀՖՖ գործկոմի նիստից. մասնավորապես` ներկաների մոտ տպավորություն է եղել, որ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանն ու Արեն Մկրտչյանը պլանավորած են եղել տապալելու նիստը՝ պնդելով, թե ՀՖՖ կանոնադրությունը խախտվել է։ Վանեցյանն էլ հակադարձել է, որ ընդամենը տեխնիկական վրիպակ է եղել։

Խնդիրն այն է, որ ՀՖՖ նախկին կանոնադրությամբ է մարզչին գործկոմը նշանակում, իսկ հունիսին ընդունված նոր կանոնադրությամբ՝ նշանակողը ՀՖՖ նախագահն է։ Ու երբ Վանեցյանը պարզաբանել է, որ նշանակման պահին կանոնադրությունը պետռեգիստրում դեռեւս հաստատված չի եղել, այլ հաջորդող օրն է հաստատվել, աղաղակողներն ընկրկել են։ Նիստի ընթացքում երիտասարդ պատգամավորներին նախատել է Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ գործկոմի անդամ Մարինա Թաշչյանը՝ ամոթանք տալով պարզ հարցն այդպես քաղաքականացնելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «հարձակվողները» արձագանքել են, թե չեն ուզում` լարվածություն ստեղծվի: Հակոբ Սիմիդյանն ասել է՝ պարզապես լավ կլիներ նախապես տեղյակ լինեինք: Վանեցյանն է հակադարձել՝ տեղեկանալ ու մարդկային շփում էիք ուզում, կարող էիք գալ կամ զանգել:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Սուրեն Աբրահամյանը, որ գործկոմը ներկայացնող «ծանր քաշայիններից» է, խրատական խոսք է ասել:

Թեժ մթնոլորտը, ի վերջո, պարպվել է, երբ Վանեցյանն առաջարկել է կողմ քվեարկել Խաշմանյանին, ու, ըստ էության, դատարկ տեղը փոթորկվողները մի մարդու պես կողմ են քվեարկել:

Ալեն Սիմոնյանը, որ գործկոմի նիստում լռել է, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Արտառոց ոչինչ չի եղել»:

Գործկոմի մյուս ներկայացուցիչ, դատավոր Արթուր Օհանյանն ասել է. «Տեխնիկական թյուրիմացություն է ընդամենը եղել, աշխատանքային հարաբերություն է»: Սուրեն Աբրահամյանն ամփոփել է. «Բոլորի մտահոգությունն էլ կանոնադրությունը պահելն էր, շահագրգիռ, բովանդակային քննարկում եղավ, ընդգծված ողջույններով հաստատեցինք Աբրահամի թեկնածությունը»: Իսկ լրագրողներին այս ամենը բացատրելու գործառույթն իր վրա է վերցրել Վանեցյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930