Բուհերում հայոց լեզու դասավանդելու-չդասավանդելու հարցը դարձավ քաղաքական շահարկումների առարկա: Կառավարության քննադատները դարձյալ սկսեցին խոսել «ապազգային» իշխանությունների մասին՝ գրեթե կրկնելով այն փաստարկները, որոնցով ժամանակին «հարվածում էին» Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա թիմին: Ներկայիս իշխանավորները դրան պատասխանում են նույնպես ավանդաբար՝ «բա որ դուք երկիր էիք թալանում, լա՞վ էր», «բա որ Տարոն Մարգարյանը եւ Լիսկան ձեր ժամանակ ատենախոսություններ են պաշտպանել»: (Ի դեպ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ոչ մի ատենախոսություն էլ չէր պաշտպանել, բոհը նրան ոչ մի աստիճան չէր շնորհել՝ նա իրեն պարզապես հռչակել էր «պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր»):
Մինչդեռ խնդիրն իսկապես գոյություն ունի, բայց, իմ կարծիքով, այն պետք է քննարկել ոչ թե քաղաքական դաշտում, ոչ թե «ներկաներ-նախկիններ» տաղտկալի հակադրության մեջ, ոչ թե լացակումած հայրենասիրության շղարշի տակ, այլ գործնականորեն, ռացիոնալ լուծումներ փնտրելով: Ներկայացնեմ իմ համեստ դիտարկումները.
1/ Հայոց լեզվից միասնական քննություն հանձնելը բացարձակապես չի վկայում լեզվին բավարար տիրապետելու եւ գրագիտության մասին: Սարսափելի տառասխալներով գրող «ֆեյսբուքյան ակտիվիստների» մեծ մասը հաջողությամբ հանձնել է միասնական քննությունը, շատերը ստացել են բարձր գնահատականներ: Հետեւաբար, պետք է մշակել օբյեկտիվ, ունիֆիկացված, համակարգչով վերահսկվող համակարգ (անգլերեն toefl-ի նման), որից ստացած բարձր գնահատականները հնարավորություն կտան ընդունվել ցանկացած բուհ, որտեղ ուսուցումն իրականացվում է հայոց լեզվով: Առանց «հայկական թոյֆըլի» բարձր գնահատականների՝ դպրոցների շրջանավարտները պիտի իրավունք չունենան դիմելու որեւէ բուհ:
2/ Հայոց լեզուն բուհերում պետք է դասավանդվի, բայց ոչ այնպես, ինչպես հիմա է դա արվում՝ ոչ թե դպրոցական, այլ բուհական մակարդակով: Սա նշանակում է, որ բուհերը պետք է ջանքեր եւ ռեսուրսներ ծախսեն պրոֆիլային առարկաների՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, ծրագրավորման եւ մյուս մասնագիտությունների լեզուն, գիտական ապարատը «հայկականացնելու» եւ հենց այդ «մասնագիտացված հայերենը» դասավանդելու համար: Դա շատ բարդ, աշխատատար, ծախսատար խնդիր է, բայց այդ ուղղությամբ աշխատելու պետական նշանակությունը, կարծում եմ, պետք չէ երկար բացատրել: Այո, հիմնական մասնագիտական գրականությունը ուսանողները կարդալու են ռուսերեն կամ անգլերեն: Բայց իրենց մասնագիտության «կիրառումը» մեր պետության մեջ կլինի հայերեն:
Կարդացեք նաև
3/ Թողնել ամեն ինչ բուհերի հայեցողությանը՝ սխալ է: Պետությունը, նախարարությունը հզոր լծակներ պիտի ունենա հայերենի ուսուցումը բուհերում զարգացնելու համար՝ բուհերին արտոնագիր տալուց, դրանց վարկանիշ շնորհելուց հայոց լեզվի դասավանդման մակարդակը պետք է կարեւորագույն չափանիշներից մեկը լինի:
Իհարկե, իմ այս առաջարկները հում են եւ գուցե մասնագետների համար անընդունելի: Պարզապես ուզում եմ հուշել, թե որ ուղղությամբ է պետք մտածել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այսօրուայ պայմաններու մէջ Չգիտեմ որքան իրականացնել կարելի է նման առաջարկներ, որ առաջին նայուածքով շատ տրամաբանական կը թուին բայց հայոց լեզուի վիճակի ահաւոր անկումը անկախութեան տարիներուն ,երկար շատ երկար խնամքի կը կարօտի -յատկապէս
օտարաբանութիւններու աննդունելի վիճակը ,սահմրկեցուցիչ դարձած է նոյնիսկ ամենայետին գիւղերու բնակիչներու մօտ, թողունք Վարչապետը կամ Առաւօտի նման լուրջ թերթի խմբագիրները …
Ուսանողական եւ դպրոցական տարիները այն ժամանակահատվածն է, որը հնարավորություն է տալիս ոչ միայն զանգվածային մասնագիտական, այլ նաեւ զանգվածային առողջական, ռազմական ու ազգային այլ մշակույթների ներարկման համար: Հայ գիտնականը պետք է լավ լեռնագնաց լինի, համով հայ խոհանոցի վարպետ, հայ երգի պարի կատարող, ձեռնամարտի ու հռետորաբանության գիտակ եւ լավ կենաց ասող լինի: Սա ազնվական խավին է վերաբերում, բայց քանի որ հայ չկա որ թագավոր չլինի, ուրեմն բոլորիս է վերաբերում:
Գերմանիայում 9-րդ դասարանից հետո դպրոցներում,քոլեջներում,ԲՈՒՀ-երում ֆիզկուլտուրա չի դասավանդվում,բայց դրանից այնտեղ սպորտի մակարդակը չի իջել՝մարդիկ ինքնուրույն սպորտով զբաղվում են՝ արտադասարանական…:Եթե ՀՀում մասնագետին գնահատեն հայերենի իմացությամբ,այլ ոչ թե անգլերենի,նա կսովորի հայերեն…