Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա Ադրբեջանն ինքն է «երազանքով» խոսում լուծման այն փաթեթների մասին, որոնք ժամանակին մերժել է»

Նոյեմբեր 09,2019 09:00

Ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւիկ Հայրապետյանը

«Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի դինամիկան հասկանալու համար պետք է նախ դիտարկել, թե ինչ է փոխվել վերջին շրջանում։ ԴԵռեւս պաշտոնը ստանձնելիս ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեցին, որ Արցախի հարցի առնչությամբ հանդես են գալու նոր օրակարգով»,-«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «բանակցային գործընթացը դինամիկ է» հայտարարությանը, ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւիկ Հայրապետյանը։ «Այդ օրակարգը բաղկացած է մի քանի փուլից։ Առաջնային է այսպես կոչված մթնոլորտի առողջացումը։ Հայկական կողմին հնարավոր չէ հարկադրել գնալ բանակցությունների՝ սահմանին լարվածության պայմաններում։ Նման իրավիճակ չի կարող լինել։ Եթե ուզում ենք խաղաղություն, այն պետք է եռակողմ ձեւաչափով լինի ցանկալի՝ ՀՀ-ում, Ադրբեջանում, Արցախում»,-շեշտում է մեր զրուցակիցը։ Ըստ Տաթեւիկ Հայրապետյանի՝ երբ նշվածն ուզում են հակամարտող կողմերից միայն երկուսը, ապա խաղաղության մասին խոսելն իմաստ չունի։ Մթնոլորտի առողջացումը, ըստ Տաթեւիկ Հայրապետյանի, պետք է ներառի նաեւ հակամարտող կողմերի լրագրողների փոխայցելություններ, որոնք կարող են տեղավորվել մարդասիրական գործողությունների շրջանակում։

Մյուս կարեւոր փուլը, ըստ պատգամավորի, Արցախի վերադարձն է բանակցային սեղանի շուրջը, ասել է թե՝ ձեւաչափի լիարժեք վերականգնումը․ «Դրանից հետո միայն կարելի է անցնել ավելի առարկայական՝ խնդրի լուծման տարբերակի քննարկմանը»։

Հայրապետյանը փաստում է՝ սահմանին, ցավալի է, ունենում ենք զոհեր, բայց դինամիկան տեսանելի է զոհերի թվի եւ լարվածության նվազմամբ․ «Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հարցազրույցներից մեկում նկատում է՝ «առաջ մեր հետ բանակցում էին՝ առանց պայման դնելու, որ միաժամանակ սահմանին լարվածություն եւ կրակոցներ լինել չեն կարող»․․․ իսկ հիմա դրված է այդ պայմանը, այսինքն՝ փոխվել է նախկին տրամաբանությունը, երբ Ադրբեջանը շարունակ հոխորտալով գալիս էր բանակցելու՝ փորձելով հասնել առավելագույնի։ Իսկ հիմա ինքն է «երազանքով» խոսում լուծման այն փաթեթների մասին, որոնք ժամանակին մերժել է, օրինակ՝ կազանյան փաստաթուղթ։ Դա նշանակում է, որ քննարկումն այսօր այնպիսին չէ, ինչպիսին իրենք էին ցանկանում, եւ դա շատ կարեւոր ձեռքբերում եւ դիվանագիտական հաջողություն է։ Շեշտադրումն այսօր այն է, որ միջազգային հանրությունը պետք է դադարի Արցախյան հակամարտությունն ընկալել որպես տարածքային վեճ։ Դա մարդու իրավունքների եւ անվտանգության մասին է նախեւառաջ, որը զուգորդվում է պատմական եւ այլ գործոններով։ Ինչ վերաբերում է փոխզիջումներին, դրանք միակողմանի լինել չեն կարող։ Երբ կլինեն բազմակողմ, այդ ժամանակ քննարկելու առիթ կունենանք»։

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

09.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930