Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա հաճախ չպատճառաբանված, հաճախ ուղղորդված ակտիվությունը չեմ ընկալում»

Նոյեմբեր 09,2019 12:30

Ասում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը

– Տիկին Արզումանյան, քանի որ դուք այսօր բուհի ռեկտոր եք, նաեւ բանասիրական գիտությունների դոկտոր, ուզում եմ խոսենք վերջին շրջանում շատ ակտիվ քննարկվող մի հարցի շուրջ. հայոց լեզու եւ պատմություն առարկաների ոչ պարտադիր լինելու մասին:

– Նախ, եթե թույլ տաք, մինչ կարծիքս հայտնելը, փոքր նախաբան խոսելու իրավունքի մասին: Այսօր համատարած բոլորն իրենց պարտքն են համարում կարծիք հայտնել ու քննադատել, ընդ որում` գոռալով ու հոխորտալով: Կարծում եմ` այդ իրավունքը ոչ բոլորն ունեն: Վատ բան եմ ասում, բայց փորձեմ հիմնավորել: Վերջին 30 տարիները մեր ժողովրդի համար ծանր փորձության տարիներ էին, եւ այդ փորձությունը մենք չհաղթահարեցինք. որովհետեւ, եթե սեփականաշնորհվել են Ծաղկաձորի անտառները, ուրեմն մենք սեփական երկրում հիմնավոր խախտել ենք իրավական ու բարոյական բոլոր սահմանները: Եվ այդ ընթացքում, երբ մեր իրականությունը հագեցած էր անքանակ նեգատիվ երեւույթներով, եղան նաեւ մեղանչումներ մեր կրթության եւ մեր լեզվի հանդեպ: Կարծում եմ` օրինակ, մեր հեռուստատեսությունը տարիներ շարունակ հետեւողական պղծել է մեր լեզուն` պետական թողտվությամբ… Ու մենք լռել ենք: Ինչո՞ւ էինք լռում եւ ինչո՞ւ չէինք մտահոգվում… Երբ ով պատահի դպրոցի համար դասագիրք էր գրում/թարգմանում, իսկ մեր ուսուցիչները լաց էին լինում, ինչո՞ւ չէինք անհանգստանում… Երբ չգիտես ինչու դասագրքում «վ» եւ «օ» տառերը գումարում էին «ո» տառը ստանալու համար, ինչո՞ւ ոչ մեկը չէր ասում, որ այդպես գրագետ չեն դառնում, այլ հակառակը… Երբ մեր եկեղեցու պատմությունը հանկարծ առանձնացավ հայոց պատմությունից, ինչո՞ւ չզարմացանք ու չասեցինք, որ մեր եկեղեցականը ժողովրդի կողքին մաքառել ու պայքարել է, իբր ի՞նչ եք անում… Այսպես կարելի է երկար թվել… Ու հանկարծ, չգիտես ինչու, բոլորը դարձան ազգի ցավով տոչորված: Ես ութ հոդված ունեմ հեռուստատեսության դեմ, երեք տասնյակից ավելի հոդված` մեր խեղված արժեհամակարգի դեմ, եւ նաեւ տարիներ առաջ փոքրաթիվ կազմով փողոցում պայքարում էինք Լեզվի օրենքի համար… Ուզում եմ ասել, որ ես այսօր խոսելու իրավունքը վաստակել եմ: Եվ ներողություն, կարծում եմ` շատերն այսօր պարզապես իրավունք չունեն խոսելու, որովհետեւ ոչ միայն լռել են այն ժամանակ, երբ անքանակ առիթներ կային խոսելու, այլեւ մասն են կազմել բարոյական ու իրավական նորմերի խաթարման ակտիվ գործընթացին: Այսօր խոսում են հանո՞ւն հայրենիքի:

– Անցնենք բուն թեմային, տիկին Արզումանյան:

– Այո, կներեք: Նախ ասեմ, որ երկու շաբաթ առաջ մեր նախարարի մոտ բոլոր ռեկտորների մասնակցությամբ քննարկվել է այդ Օրենքի աշխատանքային տարբերակը` ժամը 11-ից մինչեւ 16.30-ը: Եվ ոչ մի ռեկտոր Հայոց լեզվի եւ պատմության առարկաների մասին չի բարձրաձայնել. սա ի գիտություն: Մեկը ես՝ չեմ խոսել, որովհետեւ համոզված եմ, որ բուհում դասավանդվող առարկաների ցանկը օրենքով չպետք է կարգավորվի, դա բուհի իրավունքն ու որոշելիքն է: Ընդ որում, լուծումները պետք է լինեն քննարկումների արդյունքով եւ ըստ անհրաժեշտության: Օրինակ, հայոց պատմությունը, եթե բուհում նույն ծրագիրն է, ինչ դպրոցում, պետք է հասկանալ` ինչ տրամաբանությամբ ենք կրկնում. իսկ գուցե ճիշտ է այդ ժամերը տրամադրել մասնագիտական առարկաներին: Բնականաբար, մասնագիտական ֆակուլտետներում պետք է կրկնել` գիտական ու քննական վերլուծություններով: Ինչ վերաբերում է Հայոց լեզվին. կարծում եմ՝ իրականում մեր լեզվի իմացության եւ գրագիտության խնդիրը լուրջ վտանգված է. այսօր լեզվի հարցը պետական մակարդակով պետք է դառնա ամենամեծ եւ առաջնահերթ մտահոգությունը: Բայց այդ հարցը բուհը չպետք է լուծի, դա դպրոցի խնդիրն է. պետք է արագ վերանայվեն թե՛ դասագրքերը, թե՛ ավարտական եւ ընդունելության թեստերը: Իսկ բուհն այսօր պետք է փորձի ինչ-որ կերպ լրացնել այն բացը, որ գալիս է դպրոցից, ընդ որում` յուրաքանչյուր բուհ յուրովի, շեշտը դնելով մասնագիտական լեզվի վրա: Նորից ասեմ. դա բուհի ներքին խնդիրն է. կա կառավարման խորհուրդ եւ գիտական խորհուրդ:

– Այսինքն՝ դուք այս աղմուկը անիմաստ եք համարում եւ կարծում եք, որ Օրենքով այս առարկաները «չպարտադրելը» չի վնասելու:

– Փորձենք հասկանալ ինչ է ստացվում. մենք սարսափում ենք օրենքներից կամ «ներխուժած» ինչ-որ փաստաթղթերից, որ հանկարծ չկորցնենք մեր ազգային նկարագիրը, որ հանկարծ չմոռանանք մեր լեզո՞ւն: Ի սեր բոլոր սրբերի, եկեք մի քիչ լրջանանք ու մի պահ մտածենք` ի՞նչ մազից են կախված մեր ազգային արժեքները, որ կարող են խաթարվել մի թուղթ ստորագրելով, օրենքի մի կետով, կամ անկատար մի ներկայացումով: Արդյո՞ք իրականում այդքան թույլ ենք մենք: Ինչքանո՞վ է լուրջ այս ամենը… 70 տարի սովետական քարոզարշավը մեր նկարագրի վրա այնքան «ազդեց», որ Արցախը հետ բերեցինք: Ազգային արժեքների համար պայքարում են իրար հարգելով, հերոսի գերեզմանի առաջ խոնարհվելով, հայատառ խոսքով ու գովազդով, երկրում օրենքը գերակա դարձնելով, անցյալի սխալները չկրկնելով, զինվորին սիրելով, հոգեւոր ժառանգությունը ու երկիրը մաքուր պահելով… Բայց ոչ երբեք պառակտվելով ու իրար քրքրելով: Մի խոսքով` այսօրվա հաճախ չպատճառաբանված, հաճախ արհեստական, հաճախ ուղղորդված ակտիվությունը չեմ ընկալում եւ չեմ ընդունում:

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
08.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930