Թոշակառու Օֆելյա Հարությունյանը միայնակ ներկայացավ վերաքննիչ քրեական դատարան:
Նա բողոք էր բերել դատախազի, քննիչի որոշումների դեմ, որոնք «պաշտպանել» էր ընդհանուր իրավասության դատարանը: Ռուսախոս կնոջ բողոքը պարզ էր շարադրված, զերծ իրավաբանական խուճուճ հասկացություններից, օրենքի անհարկի հղումներից. նա պահանջում էր քրեական գործ հարուցել իր հետ կատարվածի համար, վերացնել դատախազ Անտոնյանի որոշումը, իր գործով քննիչին էր «ուղարկել վերապատրաստման»:
Մի քանի դատարաններում ներկա եմ գտնվել այս կնոջ պատմությանը, նրան չեն լսել, ասելով, թե հանրային պաշտպանը կներկայացնի:
Դատավոր Ս. Մարաբյանին դիմելով, խնդրեց լսել իրեն մինչեւ վերջ: Դատավորը ոչ միայն լսեց, այլ նրա օգտին կայացրած որոշումը հրապարակեց, արձանագրելով իրավունքի խախտման փաստը:
Կարդացեք նաև
Անցյալ տարվա հունվարի 8-ին Օֆելյա Հարությունյանը հաղորդումով դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին, հայտնելով, թե 2017թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Առաքելություն Հայաստան» Շենգավիթի կենտրոնում՝ Մանթաշյան փողոցի 1/2 հասցեում, սոցիալապես անապահով ապրող մարդկանց նվերներ բաժանելու ժամանակ Անահիտ Աբրահամյանն իրեն հրել է, որի ժամանակ ընկել է գետնին, եւ ստացել մարմնական վնասվածք: Նա տուն է գնացել, սակայն գիշերը բռնել են ցավերը, առավոտ գնացել է Քանաքեռ-Զեյթունի հիվանդանոց, նկարել են, տեսել կոտրվածքը: Այդ կոտրվածքով գնացել է բարեգործական կազմակերպություն, ասել է եղելությունը, նրան ասել են դիմիր ոստիկանություն: Երբ դիմել է ոստիկանություն, իրեն ուղարկել են դատաբժշկի մոտ:
Փորձագիտական եզրակացության համաձայն, տարեց կինը ստացել էր աջ բազկի շրջանում արյունազեղման եւ աջից երկրորդ կողոսկրի կոտրվածքի ձեւով առողջությանը տեւական ժամանակով քայքայող միջին ծանրության վնաս: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում: Քրեական գործը կարճել են, այդ պատճառով նա բողոք էր բերել քննիչի եւ դատախազի գործողությունների դեմ:
Նա դատարանում ասաց, թե իրեն չեն լսում, իսկ ճաշարանից օգտվող ծերերն էլ «չեն ներում» իրեն, որ հայտնել է ոստիկանություն:
Դատավոր Ս. Մարաբյանը դիմելով երիտասարդ դատախազին, հարցրեց. «Բողոքաբերն անուններ է նշում, իսկ դուք ինչ գործողություններ էիք անելու, որպեսզի բացահայտվեր գործը», նաեւ նկատեց, որ ձեւական է եղել գործի կասեցումը:
Դատարանը բեկանեց ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, պահանջեց վերացնել իրավունքի խախտումը:
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.11.2019