Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անի Նիկոլը, դիմի Նիկոլ Փաշինյանի՞ն

Նոյեմբեր 09,2019 13:30

Անցյալ տարի լրատվամիջոցներով տեղեկացվեց նոր մետրոկայարանի աշխատանքների մասին:

2018թ. օգոստոսի 16-ին եւ սեպտեմբերի 18-ին քաղաքաշինության կոմիտեին դիմեց մինչեւ 2001թ. Հայաստանի մետրոպոլիտենում աշխատած ինժեներ-ճարտարագետ Նիկոլ Դավթյանը: Վերջինս ներկայումս բնակվում եւ աշխատում է Սանկտ Պետերբուրգում: Ն.Դավթյանը մի փաթեթ էլ՝ «զարգացման փաստաթղթային», ուղարկեց Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին, որը վերաբերում էր «Աջափնյակ» մետրոկայանի ժամանակակից, նորարարական կոնստրուկտիվ լուծումներով կառուցմանը:

Քաղաքաշինության կոմիտեից հոկտեմբերի վերջերին պատասխան ստացվեց. «Ներկայացված փաթեթը կտրամադրվի Երեւանի քաղաքապետարանին՝ մետրոպոլիտենի ընդլայնման աշխատանքներում ձեզ հետ համագործակցելու համար»: Քաղաքաշինության կոմիտեն առաջարկել էր. «Խնդրում ենք դիտարկել Նիկոլ Դավթյանի կողմից ներկայացված առաջարկները»:

Սակայն դրանից հետո տիրեց լռություն:

Նիկոլ Դավթյանի նամակը օրեր առաջ ուղարկվել է Ա. Մեսչյանին: Ն.Դավթյանի կինը՝ Հեղինե Գեւորգյանն «Առավոտին» ասաց՝ սպասում ենք պատասխանին: Հեղինե Գեւորգյանն անցյալ տարվա աշնանը, գտնվելով Հայաստանում, տասը րոպեով հանդիպել էր Ա. Մեսչյանին, ներկայացրել ամուսնու նամակը՝ կապված մետրոյի շինարարության, ՀՀ կառավարության թիվ 036-3899 հանձնարարականի հետ, որով հայտարարվել էր մրցույթ մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծային աշխատանքների վերաբերյալ: Ա. Մեսչյանը հանդիպման ժամանակ խոստացել էր՝ հարցը բարձրացվելու դեպքում դիմել Նիկոլ Դավթյանին:

Հույսի շող էր բացվել երեսուն տարի առաջվա նախագիծը կյանքի կոչելու համար: Դեռ 2000թ.-ին ԳԱԱ-ն ամփոփել էր «Աջափնյակ» կայարանի նախագծային աշխատանքները՝ Ն.Դավթյանի, «Մետրոշինվերանորոգում»-ի, «Թունելմետրոշին»-ի, Հայտրանսնախագծինը: Ն. Դավթյանը գրել է. «Իմ աշխատանքի համար նշվեց, որ այն հետաքրքրություն է ներկայացնում, ինչպես իր շինարարական տեխնոլոգիայով, այնպես էլ կոնստրուկտիվ լուծումներով»: Հանձնարարականում նշվել էր նաեւ. «Լրամշակել Դավթյանի աշխատանքը, որպեսզի հասցվի աշխատանքային նախագծի մակարդակին: Դա պետք է կատարվի մասնագիտացված կազմակերպության կողմից, հեղինակի՝ Ն.Դավթյանի մասնակցությամբ»:

Ն. Դավթյանի առաջարկած նախագծով, ինքնարժեքը երկու անգամ էժան էր, տարբեր՝ իր լուծումներով: 1998թ.-ին մետրոպոլիտենի այն ժամանակվա տնօրեն Տիգրան Մուշեղյանն «Առավոտին» հայտնել էր, որ պետությունը մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար նախատեսել է հատկացնել 500 մլն դրամ:

Սակայն մասնագետն իր թիկունքին այդպես էլ չունեցավ որեւէ կազմակերպություն, այդ իսկ պատճառով նրա նախագիծը մնաց երազանքի տիրույթում, չիրականացված:

«Աջափնյակի» համար վերջերս ասվում է, որ կառուցման մենաշնորհը պատկանելու է իրավահաջորդ ճանաչված «Արմթուն» կազմակերպությանը:

Զրուցակիցս՝ Հեղինե Գեւորգյանը հարցնում է. «Ինչպե՞ս կարող է իրավահաջորդը նախագիծը ժառանգություն ստանալ»:

Ու այս ամենը այն ժամանակ, երբ Ն. Դավթյանը քաղաքաշինության կոմիտեին, Երեւանի քաղաքապետարանին հայտնել էր իր պատրաստակամությունը. «Պատրաստ եմ մասնակցել «Բարեկամություն» կայարանից դեպի Աջափնյակ թաղամաս տարվող գծի շարունակության նախագծային աշխատանքներին, միջգերատեսչական հանձնաժողովի քննարկումներին, խնդրում եմ ինձ հնարավորություն տաք՝ պաշտպանել իմ հեղինակային իրավունքները, իմ գիտելիքներն ու փորձը ներդնել ի շահ իմ հայրենիքի եւ ժողովրդի»:

Ուշագրավն այն է, որ Մեխանիկայի ինստիտուտի հաղորդակցության ճանապարհների ինժեներ-շինարար Ա. Մեսչյանը, նույն ինքը՝ Երեւանի ներկայիս գլխավոր ճարտարապետ Ա. Մեսչյանն իր կարծիքն է տարիներ առաջ տվել ԳԱԱ փոխպրեզիդենտ, ակադեմիկոս Յու. Շուքուրյանին. «1998թ. Քաղաքաշինության նախարարության կողմից հայտարարված մրցույթին միայն Ն.Դավթյանի կողմից ներկայացված նախագիծն է արժանացել ուշադրության: Գտնում եմ, որ Երեւանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծման եւ շինարարական աշխատանքների կատարողների ընտրությունն անհրաժեշտ է իրականացնել փուլ առ փուլ՝ սկզբում պետք է մրցույթով ընտրել լավագույն նախագիծը եւ միայն դրանից հետո շինարարական կազմակերպությունը: Դա հնարավորություն կտա թե նախագծային, թե շինարարական աշխատանքներին մասնակից դարձնել հանրապետության կարող ուժերը, այդ թվում՝ Ն.Դավթյանը»:

Այս օրերին շրջանառվում է նաեւ մեկ այլ նախագծի մասին էլ՝ «Սուրմալու» կայարանի համար, սակայն հեռակա ոչ մասնագիտական խոսակցությունները կհերքվեն, եթե լավատեղյակ մասնագետները խոսեն, այդ թվում՝ Ն.Դավթյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտի» արխիվային նյութերից մեկում՝ «Բա ասում էիք արհեստավարժ» (11.08.98), գործընկերս անդրադառնալով «Աջափնյակ» մետրոկայարանի մրցույթին, թե ինչ են արել մասնագետ Ն.Դավթյանի հետ, գրել էր. «Ամենեւին չի բացառվում, որ Նիկոլ Դավթյանը հայրենիքում իրեն անպետք զգալով՝ թողնի ու հեռանա, ինչպես շատ արհեստավարժներ»: 2001-ին այդպես էլ եղավ: Տարբեր քաղաքներ հրավիրվող, կամուրջ-թունել-բազմաֆունկցիոնալ շենքերի կառուցման մեջ բազմաթիվ ձեռքբերումներ ունեցող մասնագետն այդպես էլ Հայաստան չի կանչվել:

«Առավոտ» օրաթերթ
08.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930