Լրահոս
Օրվա լրահոսը

Զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց նրանց կատարած ծախսերը կրճատվել են

Նոյեմբեր 09,2019 14:30

Զբոսաշրջիկների ամենամեծ ներհոսքը Ռուսաստանից է, ԱՄՆ-ից եւ հարեւան Իրանից

«Անցյալ տարի Հայաստան է այցելել 1 միլիոն 651 հազար 782 զբոսաշրջիկ` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 10.5 տոկոսով: Մինչդեռ 2017-ին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակը գերազանցել է 2016 թվականի ցուցանիշը` 18.7 տոկոսով: Ստացվում է, որ արձանագրվել է աճ, սակայն աճի տեմպը 2018-ի նկատմամբ նվազել է 8.2 տոկոսային կետով»,-այս մասին նշված է Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի (ՏԶՆԿ)  «Թվերն ու արդյունքները» զեկույցում:  Ըստ զեկույցի հեղինակների, զբոսաշրջիկների ամենամեծ ներհոսքը Ռուսաստանի դաշնությունից է` 21 տոկոս եւ ԱՄՆ-ից` 13,9 տոկոս, որոնց մեծ մասը մեր հայրենակիցներն են:

2018-ի այցելությունների կառուցվածքում երրորդ տեղում հարեւան Իրանն է` 6,8 տոկոս:

Զեկույցի մասնագետները պարզել են, որ չնայած աճել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների քանակը, սակայն մեկ այցելուի հաշվով մեր երկրում կատարված ծախսերը 2018 թվականի առաջին չորս եռամսյակների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել են:

«Փաստորեն զբոսաշրջիկների թիվն ավելի արագ է աճել, քան զբոսաշրջությունից ստացված եկամուտը: Այս երեւույթը կարելի է բացատրել մի քանի հանգամանքով. բացատրություններից մեկն այն է, որ այցելուների թվաքանակի մեջ մեծ է սփյուռքահայերի քանակը, որոնք գերադասում են մնալ ավելի մատչելի հյուրանոցային օբյեկտներում կամ հարազատների եւ բարեկամների տանը»,-այսպիսի եզրահանգման են եկել զեկույցը պատրաստած մասնագետները: Նրանց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բարեկամի, հարազատի կամ վարձով տրվող բնակարաններում տեղավորվել են մեր երկիր ժամանած զբոսաշրջիկների 81,4 տոկոսը:

Ըստ մասնագետների, երկրորդ հանգամանքը պայմանավորված է այցելության տեւողությունով, երբ զբոսաշրջիկները ավելի քիչ օրեր են անցկացնում Հայաստանում:

Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների կողմից ՀՀ-ում կատարած ծախսերին, ապա 2018-ին զբոսաշրջիկների կողմից կատարվել է 1,21 միլիարդ ԱՄՆ դոլարի ծախս, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 7.26 տոկոսով, իսկ մեկ զբոսաշրջիկի հաշվով ծախսը կազմել է 731.3 ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատ կրճատվելով 2.42 տոկոսով: Ըստ զեկույցի մասնագետների, 2018 թվականի բոլոր եռամսյակներում, նախորդ տարվա նույն եռամսյակների համեմատ, մեկ զբոսաշրջիկի հաշվով ՀՀ-ում կատարված ծախսերի մեծությունները զիջել են 2017 թվականի ցուցանիշներին:

Ուշագրավ է, որ զբոսաշրջիկների կատարած ընդհանուր ծախսերի 89,5 տոկոսը բաժին է ընկել անձնական ծախսերին` առողջական, կրթական եւ այլն, իսկ 10.5 տոկոսը զբոսաշրջիկները գործնական նպատակներով են  ծախսել:

Զեկույցի հեղինակները հետաքրքրական են համարում, որ 2018-ին 2017-ի համեմատությամբ, առողջության հետ կապված ծախսերը գերազանցել են գործնական նպատակով ՀՀ այցելած զբոսաշրջիկների կողմից կատարած ծախսերին եւ արձանագրել են 18.61 տոկոս աճ: Մինչդեռ գործնական նպատակով այցելությունների ծախսերը կրճատվել են 0.59 տոկոսով: 2018-ին ծախսերի մեծ մասը` 72 տոկոսը բաժին է ընկել այլ նպատակով ՀՀ այցելածների ծախսերին` այցելություն ընտանիքի անդամներին, բարեկամներին, ընկերներին, մշակութային զբոսաշրջությանը եւ այլն, որոնք 2018-ին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճ են արձանագրել:

Անդրադառնալով առողջության հետ կապված ծախսերի աճին, ըստ մասնագետների, Հայաստանը համարվում է կոսմետիկ, պլաստիկ վիրաբուժության, ինչպես նաեւ ստոմատոլոգիական ծառայություններ ստանալու մատչելի կենտրոն: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս տիպի այցելությունների քանակի ավելացումը նաեւ որոշակիորեն նպաստել է  հիվանդանոցների գործունեության, ինչպես նաեւ բժշկական եւ ստոմատոլոգիական կենտրոնների գործունեության ցուցանիշի աճին:

Հետեւաբար, զեկույցի հեղինակները գտնում են, որ առողջական նպատակներով Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի աճը ոչ միայն կնպաստի ՀՀ-ում ծախսերի ավելացմանը, այլ նաեւ առողջապահության ցուցանիշների բարելավմանը եւ ոլորտի զարգացմանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930