«Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, որքան հիշում եմ, երբեւէ չի ասվել, որ կարգավորման հարցում Հայաստանի եւ Արցախի իշխանությունների մոտեցումները նույնական են: Այսօր ասվում է: Եթե դա է «անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունը»՝ եզրակացությունը թողնում եմ ընթերցողին». «Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը:
– 1,5 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք «թավշյա հեղափոխություն» անունը ստացան, մեծ սպասելիքներ առաջացրին: Եթե փորձենք ամփոփել`արդարացվո՞ւմ են սպասելիքները:
– Վերջերս տեղեկություն էր հրապարակվել հարավ-կովկասյան երեք ազգերի, այսպես ասած, համախառն հարստության մասին: Առաջինն ադրբեջանցիներն են, հաջորդում ենք հայերս, վերջում՝ վրացիները: Բայց հարցումներով վրացիներն իրենց ավելի երջանիկ են համարում, քան՝ մենք: Պարադո՞քս է: Իհարկե: Եւ հենց դա էլ պիտի դառնա քաղաքական-հանրային, լրագրողական դիսկուրսի թեմա՝ ի՞նչ ենք ուզում մենք, ի՞նչ է պետք, որպեսզի հայերս մեզ երջանիկ զգանք ավելի, քան՝ ադրբեջանցիներն ու վրացիները կամ ռուսներն ու գերմանացիներն՝ իրենց: Դա, կարծում եմ, ամենեւին էլ կենցաղային խնդիր չէ: Գործ ունենք աշխարհընկալման, ինքնաճանաչման եւ ըստ այդմ՝ դրսեւորման, աշխարհում հաստատվելու, կայուն տեղ զբաղեցնելու չափազանց բարդ խնդրի հետ: Հայաստանի քաղաքական, հանրային կյանքում դարաշրջան է փակվում, բացվում է նորը: Ո՞րն է մեր ազգային հեռանկարը. դա պիտի ձեւակերպվի, կարծում եմ, ոչ միայն եւ ոչ այնքան իշխանություններից, որքան որ՝ հանրային նոր էլիտայից: Ունե՞նք այդ էլիտան: Թե բոլորն իրականությունը եւ ապագան գնահատում են իրենց դրամապանակի կամ սառնարանի պարունակությա՞մբ: Երբ խորհրդային Հայաստանի կառավարության նախագահ Մյասնիկյանը Երեւան էր հրավիրում աշխարհով մեկ սփռված մտավորականներին, նրանցից ոչ ոք ապահովության եւ բարձրակարգ կենցաղի խնդիր չդրեց: Արձագանքեցին հայրենիքի կանչին, եկան եւ գավառական-կավաշեն Երեւանը դարձրին քաղաքակրթության կենտրոն, մայրաքաղաք: Հոգեւոր-մշակութային այդ էներգիայի վրա կայացած Երեւանը, ցավոք, մեր աչքի առաջ վերջին երկու տասնամյակներին դիմազրկվեց, դեգրադացվեց: Նոր իշխանությունը կկարողանա՞ համախմբել եւ ձեւավորել 21-րդ դարի մարտահրավերները դիմագրավելու ունակ գիտական, գրական-մշակութային նոր էլիտա՝ թավշյա հեղափոխությունը կկայանա որպես քաղաքական արժեք, Հայաստանի ապագայի քաղաքակրթական հիմք: Սա է, կարծում եմ, գլխավորը: Եւ մտավորականության, այդ թվում գուցե առաջին հերթին՝ մամուլի խնդիրն է սեւեռվել ոչ թե հանրության կենցաղային-մերկանտիլ պատկերացումների, դրանցից ածանցված «խոհանոցային» քննարկումների, այլ գլխավոր հարցի վրա՝ ո՞րն է ապագայի Հայաստանը:
– Հայաստանի գործող իշխանավորները «նախկինների» շրջապտույտից չեն կարողանում դուրս գալ: Ձեր կարծիքով, նախկինների ազդեցությունն այնքան է, որ խանգարո՞ւմ է եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի՞ կարողանում ապագայի իր տեսլականները կառուցել, թե՞ այլ պատճառներ կան:
Կարդացեք նաև
– Իշխանությունն իր տեսլականը ձեւակերպել է՝ ավելի անվտանգ, ավելի բարեկեցիկ, ավելի ժողովրդավարական Հայաստան, դեպի ուր կձգտի աշխարհասփյուռ հայությունը: Այլ բան, որ հակազդեցությունն, իրոք, ահռելի է: Եւ ես չեմ հասկանում, թե որտեղի՞ց այդքան անհանդուրժողականություն: Տպավորություն է, թե նախկիններն ու նրանց հովանու ներքո տասնամյակներ ի վեր «քաղաքականությամբ» զբաղված բոլոր անհատները Փաշինյանի կառավարությանը սրբազան պատերազմ են հայտարարել: Այնքան, որ հայ կուսակցապետը, որ վաղուց ինքնուրույնությունից զրկված է եւ ԱԺ պատգամավորի աթոռ էր զբաղեցնում ՀՀԿ համամասնական ցուցակով, ռուսական մամուլում բացեիբաց հորդոր է հնչեցնում ՌԴ նախագահին՝ իշխանությունից հեռացնելու Փաշինյանին: Նույնը՝ հայ քաղաքագետներից մեկն է անում: Սա արդեն նողկալի է:
– Վերջին շրջանում հաճախ են համեմատություններ լինում`նախկին եւ ներկայիս իշխանավորների վարքագծի: Ձեր կարծիքով, ինչո՞ւ ներկաներն այդքան արագ կտրվեցին իրականությունից եւ տրվեցին գայթակղություններին, մի բան, ինչում իրենք մեղադրում էին նախկիններին:
– Որքան հիշում եմ, նախկիններին ոչ ոք չէր մեղադրում կառավարական ամառանոցներում ապրելու, թիկնազոր ունենալու մեջ: Այսօր Փաշինյանների «զգեստապահարանն են քրքրում»: Դա տգեղ է, մերժելի: Իսկ որ Փաշինյանից տարիքով ավագ լրագրողը բանակռվի մեջ է մտնում վարչապետի դստեր հետ, պարզապես անտանելի է: Ընդ որում, նա ազգային արժեքների, ավանդական հայ ընտանիքի եւ չգիտեմ էլ ինչ դիրքերից է խոսում: Մինչդեռ երեւույթը, որ վաթսունամյա տղամարդը թիրախ է ընտրում հայ օրիորդին, բոլորովին այլ մտահանգումների է մղում: Կամ երբ հայ, թեկուզ պաշտոնաթող, գեներալն ասում է՝ Փաշինյանի որդու ներկայությունն առաջնագծի զորամասում «սպառնալիք է նրա ծառայակիցների համար, հակառակորդը կարող է հավաստանշել նրա զորանոցի տեղն ու մի հարվածով հարյուրավոր զինվորների շարքից հանել»` ի՞նչ է ուզում ասել: Արդարացնու՞մ է երկրորդ նախագահին, ում որդիները բանակային ծառայություն Արցախում չեն անցել: Ուզում եմ հավատալ, դեռեւս հավատում եմ, որ նրա հիմնական նպատակը միայն դա է, այլ ենթադրությունների չեմ տրվում, բայց… Ինչ-որ մի տեղ վկայակոչել էին Անգելա Մերկելին, ով ամուսնու հետ ապրում է քաղաքային բնակարանում: Գուցե այդպես է: Բայց նույն Եվրոպայում կան չէ՞ կառավարական նստավայրեր: Նայած երկրի ավանդույթին: Հայաստանում դեռեւս խորհրդային ժամանակներից ավանդույթ է, որ երկրի առաջին դեմքն ապրի կառավարական ամառանոցում, որը նաեւ վերանորոգման, կահավորման, սպասարկման կարիք ունի: Եւ բնական է, որ այդ ծախսերն արվում են պետական բյուջեի միջոցներով կամ, ինչպես հիմա սիրում են ասել՝ հարկատուների հաշվին: Երբ կառավարության քաղաքական ընդդիմախոսներն են ամեն ինչ սեւ գույներով ներկայացնում, ինչ-որ տեղ հասկանալի է: Արտառոցն այն է, որ մեզանում մի խումբ ստատուսագիր մտավորականներ կան, անուններ չտամ, որ առավոտից մինչեւ կեսգիշեր «քլնգում են» Փաշինյանին, առանձին նախարարների, ԱԺ մեծամասնության պատգամավորներին: Այդ եռանդը միայն մի բացատրություն ունի՝ վարձահրավիրվածություն: Եւ երբ վարչապետ Փաշինյանի ասածը, թե նախկինները հակաքարոզչության վրա միլիոնավոր դոլարներ են ծախսում, դիտարկում ես հիշյալ ստատուսագիրների վարքի նկատառմամբ, համոզվում ես, որ, այո, գործող իշխանության դեմ զորակոչված է սեւ հակաքարոզիչների մի բանակ, որտեղ, ցավոք, կան մարդիկ, որ դեռ իրենց լրագրող են համարում:
– Սակայն, վարչապետն ու իր ընտանիքի անդամներն են ի ցույց դնում իրենց առօրյան, կենցաղը: Նաեւ`վարչապետի դուստրն է իրեն իրավունք վերապահում լրագրողների աշխատանքի եւ լրատվամիջոցների գործունեության մասին կարծիքներ հայտնել:
– Վարչապետի եւ նրա ընտանիքի առօրյան հանրային ուշադրության թեմա չէ՞: Թեմա է: Վարչապետն էլ ընդառաջում է հանրությանը, իրազեկում՝ որտեղ է ապրում, ինչ է անում ազատ ժամերին, ինչպես է հանգստանում: Ինչ վերաբերում է մամուլի մասին վարչապետի դստեր գրառումներին, ապա նա հանրության մի անդամ է եւ ունի ազատ խոսքի իրավունք: Ուղղակի պետք է կարողանալ հարմարվել նոր իրավիճակին եւ տարբերակել, որ դա վարչապետ Փաշինյանի գնահատականը չէ, նրա դստեր մոտեցումն է:
– Նախօրեին, հերթական ֆեյսբուքյան ուղիղ եթերում, Նիկոլ Փաշինյանը խոսեց Արցախի հարցի մասին, ակնարկեց հարցի`հանրաքվեով լուծման մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում սրան, մանավանդ, որ ԵԱՀԿ համանախագահներից ՌԴ ԱԳ նախարարը փաստում է`բանակցությունները փակուղում են, իսկ Ադրբեջանական կողմն էլ թե Արցախի, թե Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգությունները շարունակում է:
– Անկեղծ ասած, ֆեյսբուքյան այդ ուղիղ եթերը հիմնականում ցրեց իմ տպավորությունը, թե իրավիճակը փակուղային է, եւ պատերազմի սպառնալիքը՝ մեծ: Մանավանդ, որ գրեթե նույն ժամերին անոնսավորվեց դեկտեմբերի առաջին օրերին Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը: Ես մի սկզբունք ունեմ՝ գնահատելու համար առաջին հերթին ուսումնասիրել հակառակորդի մամուլը: Հակառակորդը պարտադրված է շրջանառության դնել կարգավորման մասին Փաշինյանի տեսակետը, որ այն պետք է բավարարի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդներին: Ադրբեջանի նման ավտորիտար երկրում այս տեղեկատվական քայլն առանձնակի ենթատեքստային նշանակություն է ստանում: Ընդ որում, թեմայի շուրջ հրապարակումներում ադրբեջանցի հեղինակներն արձանագրում են, որ բանակցություններում սկզբունքային, քաղաքական հարցեր չեն շոշափվում, խոսքը մարդասիրական միջոցառումների մասին է, այն քայլերի, որոնց իրականացման դեպքում հետագա լուրջ քննարկումների համար բարենպաստ մթնոլորտ կստեղծվի: Սա, իհարկե, չի նշանակում, թե Ադրբեջանի մոտեցումներում արմատական տեղաշարժ է եղել: Բայց մի բան ակնհայտ է՝ Բաքվում համոզվել են, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւը չի աշխատում: Եւ եթե ադրբեջանական քարոզչությունը դժգոհում է, որ Ռուսաստանը չկարողացավ Հայաստանի նոր կառավարությանը վերադարձնել Պուտին-Սարգսյան-Ալիեւ պայմանավորվածություններին, ուրեմն պիտի ընդունել, որ բանակցային գործընթացում, իրոք, հետաքրքիր դինամիկա կա:
– Այդ դեպքում`ինչո՞վ եք պայմանավորում նախկին իշխանավորների անհանգստությունները: Օրինակ Սերժ Սարգսյանն ասաց` վախենում է «…անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից»: Օրերս նա այսպես էր արտահայտվել. «Իմ անձի հետ կապված վախենալու որեւէ բան չունեմ: Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե ինձ ձերբակալելով «Մարտի 1»-ը, «Հոկտեմբերի 27»-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, եթե ինձ ձերբակալելով մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, եթե ինձ ձերբակալելով Լեռնային Ղարաբաղի բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, ապա թող ձերբակալեն»:
– Պատկերացումների հարց է՝ ով ինչ է հասկանում «Լեռնային Ղարաբաղի բանակցությունների ճիշտ ուղի»: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն օրերս ֆեյսբուքում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը քանդել է Սերժ Սարգսյանի կառուցած դիվանագիտական խրամատները: Ես մամուլում հակադարձեցի. եթե դա կազանյան խրամատն է, ապա այն քանդելու համար Փաշինյանին պետք է ոչ թե քննադատել, այլ գովել: Ի վերջո, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, որքան հիշում եմ, երբեւէ չի ասվել, որ կարգավորման հարցում Հայաստանի եւ Արցախի իշխանությունների մոտեցումները նույնական են: Այսօր ասվում է: Եթե դա է «անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունը»՝ եզրակացությունը թողնում եմ ընթերցողին:
Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
08.11.2019