«Ես ձեզ տալիս եմ ամերիկյան ամենահեղինակավոր չորս բուհերի անուններ՝ Հարվարդ, Կոլումբիա, UCLA, Բերքլի՝ այս բոլոր համալսարաններում պարտադիր անցնում են անգլերեն՝ անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն են ընտրել: Ավելին, անկախ մասնագիտությունից, նաեւ պարտադիր անցնում են մաթեմատիկա եւ որեւէ բնագիտական առարկա՝ ըստ ընտրության՝ քիմիա, կենսաբանություն կամ ֆիզիկա եւ հումանիտար՝ պատմություն, գրականություն, օտար լեզու: Այդ ամենը, որ կոչվում է ընդհանուր կրթություն՝ General Education, պարտադիր է, եւ եթե այդ առարկաները չանցնեն եւ քննություն չհանձնեն, չեն կարող ավարտել համալսարանը: Եվ թեեւ աշխարհում հսկայական թվով անգլախոսներ կան, ու անգլերենը, ի տարբերություն հայերենի, վտանգված չէ, միեւնույն է, այդ համալսարանները պարտադիր ուսուցանում են անգլերենը, որովհետեւ, անկախ նրանից, թե դպրոցում ինչ է սովորել երեխան, նա բուհում դեռ սովորելու բան ունի: Իսկ հայերենի պարագայում այդ հարցն ավելի սուր է դրված»,– «Առավոտի» հետ զրույցում ասում է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գործող ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի հայերենի ուսուցչուհի Աննա Յարալյանը:
Նա ասում է, որ ոչ միայն ինքն է վրդովված, այլեւ ողջ Սփյուռքը, առնվազն Սփյուռքի այն հատվածը, որը կարեւորում է սերունդների հայ մնալը: Այս դպրոցն ամեն տարի կազմակերպում է իր սաների Հայաստան այցելությունը՝ հայապահպանության նպատակով: Այս դպրոցի սաներից որոշները սովորում են հայաստանյան բուհերում: «Չեք պատկերացնի, թե ինչ մեծ դժգոհություն է հիմա ծնողների շրջանում: Կրթության նախարարության այս նախաձեռնությունը մի սարսափելի հարված էր թիկունքից: Ծնողները վրդովված են, նրանք տարեկան տասնյակ հազարավոր դոլարներ են տալիս, որպեսզի իրենց երեխաները հայկական դպրոց հաճախեն, հայերեն սովորեն՝ որքան հնարավոր է, իսկ հայրենիքում հայերենը դարձել է «խանգարող» հանգամա՞նք: Ի՞նչ է նշանակում՝ որքան սովորել են դպրոցում, բավական է: Դուք չե՞ք տեսնում անգրագիտության, հայերենի պարզ քերականական եւ ուղղագրական սխալների քանակը, որ սփռվում է համացանցում: Ի՞նչ է նշանակում՝ բուհերում պետք է մասնագիտականի վրա խորանան, եւ հայերենը խանգարում է: Ի՞նչ է, եթե տգետ ատամնաբույժը հիվանդ ատամի տեղը առողջն է հանում կամ մսագործ բժիշկը ծննդկանի մահվան պատճառ է դառնում՝ հայերե՞նն է մեղավոր»,-ասում է ուսուցչուհին:
Տիկին Յարալյանը նաեւ ասում է, որ իրենց դպրոցի երեխաները, ծնողները, ուսուցիչները նախորդ տարվա հեղափոխության ամենավառ ջատագովներից էին, մեծ ոգեւորություն էին ապրում եւ մինչեւ հիմա էլ իրենց դպրոցի աշակերտները «Դուխով» գլխարկներ ու շապիկներ են կրում, սակայն, եթե կառավարությունը ԿԳՄՍՆ-ի այս առաջարկն ընդունի եւ բուհերում հայերենի ուսուցումը հանվի պարտադիր ուսուցման ցանկից, ապա հիասթափությունն ահռելի կլինի. «Նախարարին հազար մեղքեր են վերագրվում, այդ ամենը մեզ չի հուզում, մեզ հուզում է հայերենի հարցը: Մենք Ամերիկայում ահռելի ջանքեր ենք թափում, մեր ծնողները կաշվից դուրս են գալիս, որ իրենց երեխաներին հայ պահպանեն, հայերեն սովորեն, իսկ Հայրենիքում հակառակ պրոցես է գնում: Եվ թող չխոսեն դպրոցում անցածի մասին: Այո, դպրոցում անցնում են հայերեն, սակայն դպրոցում երեխայի կամ դեռահասի սովորածը մի փոքր ավելի հասուն մարդու՝ այլ աշխարհայացքով, այլ ընկալումով սովորելու հետ չես համեմատի: Եվ եթե ուսուցման որակը բուհերում բավարար չէ, պետք է որակը բարձրացնել, եւ ոչ թե ուսուցումը հանել»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարում՝ ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի սաները եւ մանկավարժները 2019թ. ամռանը՝ ՀՀ վարչապետին հյուրընկալվելիս: