«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության նախկին անդամ Արմեն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ հայոց լեզվի պահպանման գործում իրենց նախաձեռնության նախկին անդամ, ներկայիս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնավարման ընթացքում որեւէ դրական քայլ չի ձեռնարկել. «Բայց նաեւ լեզվի պահպանման հարցում որեւէ ոտնձգություն չի կատարել, հայոց լեզվի հարցն այսօր դարձել է քաղաքական պայքարի մաս, իբրեւ թե ոտնձգություն կա լեզվի դերի վրա: Ես բացառում եմ, որ Արայիկը նման բան անի, ես խոսում եմ շարժման ակտիվիստ Արայիկ Հարությունյանի մասին: Մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզվի ժամերի կրճատումը եւ դրա փոխարեն դպրոցներում հայերենին մեծ ուշադրություն դարձնելը եղել է մեր շարժման ծրագրային փաստաթղթերում: Այսօր, մեղմ ասած, քաղաքական ուժերի կողմից թեման հեծնելու փորձեր են արվում, իշխանության են ուզում գալ, թող օրինական ճանապարհով փորձեն գալ՝ չշահարկելով այս թեման: Այդ թեմայի շահագործումն այնքան արհեստական է, զանգվածային օժանդակություն չեմ տեսնում »:
Մեր զրուցակցի խոսքով՝ մյուս շաբաթ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամներով պայմանավորվածություն ունեն հավաքվելու եւ քննարկելու խնդիրը, կլինեն ե՛ւ քննադատություններ, իսկ քննարկումից հետո կհայտնեն նախաձեռնության հավաքական կարծիքը:
Նախաձեռնության մեկ այլ անդամ Ռուբեն Թարումյանը Aravot.am-ի հետ զրույցում նույնպես ասաց, որ Արայիկ Հարությունյանը նախարարի պաշտոնում որեւէ քայլ չի արել հայոց լեզվի պահպանման ու դիրքերի ամրապնդման ուղղությամբ. «Շարժման այն անդամները, որոնց հետ խոսել եմ, հիացած չեն իր քայլերից: Ես գտնում եմ՝ եթե խոսքը վերաբերում է հայտնի օրինագծի քննարկմանը, ապա անկախ նրանից՝ ինչ է ասում Բոլոնիայի գործընթացը, Եվրոպան, Ռուսաստանը, հայոց լեզվի ազատականացման մասին խոսք լինել չի կարող, բուհը չպետք է որոշի` դասավանդել, թե` ոչ, կարող է որոշել՝ ինչ անկյան տակ դասավանդել, ուսման բոլոր տարիների ընթացքում էլ պետք է պարտադիր լինի: Պետք է նաեւ լեզվի մասնագիտական կողմը զարգացնել՝ եզրաբանություն, հռետորական խոսք եւ այլն:
Հայոց լեզվի, գրականության, պատմության դասավանդումը բուհերում պետք է լինի պարտադիր, եթե պարտադիր չլինի, չեն զբաղվի:
Կարդացեք նաև
Մի անգամ եմ հանդիպել Արայիկ Հարությունյանին պաշտոնավարման ընթացքում, ընդունելությունը տեւել է հինգ րոպե, չեմ էլ կարողացել հասկանալ՝ ինչ տեսակետներ ունի նոր պայմաններում, բայց այն գործողությունները, որ արվում են, չգիտեմ՝ ինչ ասել: Դպրոցի խայտառակ վիճակը հաշվի առնելով՝ պետք է վերականգնել սովետական դպրոցը, ոչ Բոլոնիայի գործընթացին: Առաջ գնալու համար պետք է հետ գնալ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ