Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Մաթեւոսյանը՝ նախարարության բացակա հայեցակարգի եւ «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոնի շնորհանդեսի մասին

Նոյեմբեր 08,2019 22:02
hrant matevosyan

Aravot,am-ը «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանից հետաքրքրվեց, թե ի վերջո որ փուլում է «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոնի խնդրի լուծումը: «Վարչապետի մոտ սեպտեմբերի 18-ին կայացած, մինչ այդ պահն ինձ համար անակնկալ խորհրդակցության արդյունքում ես խորհրդակցության վերջում առաջարկեցի, որպեսզի բոլոր անհասկանալիությունները, տարակարծությունները, չձեւակերպված մտքերը, որ շատ հաճախ էին հնչում, ի մի բերվեն եւ վերջանան,որոշեցի ներկայացնել էսքիզ-նախագծի շնորհանդես, այսինքն` անել պրեզենտացիա այն հայեցակարգի, որ ձեւավորել էինք եւ մի մասը տեղեկանքի տեսքով տրամադրել մի շարք պաշտոնյաների այդ թվում եւ վարչապետին,որ նյութին ծանոթանան: Նա համաձայնեց եւ դա իր ձեւակերպումը գտավ խորհրդակցության ամփոփաթերթում:

Այնտեղ հստակ ձեւակերպված է, որ ԿԳՄՍ նախարարին հանձնարարվում են մի շարք բաներ, այդ թվում՝ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի ընդգրկմամբ խնդիրը քննարկելը եւ առաջարկություններ ներկայացնելը վարչապետին: Այնուհետեւ հոկտեմբերի 3-ին մի խորհրդակցություն ունեցանք ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանի մոտ, ինչն անարդյունավետ եմ համարում»,-ասաց Դավիթ Մաթեւոսյանը:

Ապա` մանրամասնեց, թե ինչու է անարդյունավետ համարում. «Նախարարության պաշտոնական տեսակետը հայեցակարգի եւ մնացած բոլոր խնդիրների, այն բոլոր կետերի վերաբերյալ, որ հանձնարարել էր վարչապետը, բացարձակապես պարզ չդարձավ, իսկ մենք զբաղված էինք շնորհանդեսի պատրաստմամբ: Ես հետս տարել էի նախագծի համահեղինակներին, իրենք իրենց տեսակետներն ասացին: Հետո բոլորովին վերջերս մեզ կանչեցին խորհրդակցության, սակայն մենք չգնացինք եւ խնդրեցինք չեղարկել, ասելով, որ մեր շնորհանդեսը պատրաստել ենք, սակայն մինչ օրս ոչ մի պաշտոնական կարծիք չենք ստացել: Քանի որ մշակույթի լիազոր մարմինն իր տեսակետը չի հայտնել, բնականաբար մյուս գերատեսչությունները չէին կարող իրենց դիրքորոշումները ձեւավորել ԿԳՄՍ նախարարության բացակա հայեցակարգի պայմաններում»:

«Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրենն ասում է, որ առհասարակ մշակույթի կառավարող մարմինն ինքն է ինչ-որ բաներ առաջարկում, ինչն իրենց պարագայում չեղավ, որպեսզի իրենք էլ դրան ընդառաջ ինչ-որ բան առաջարկեին. «Հիմա այս շնորհանդեսը նոր ձեւով, որ մենք ենք անում՝ բիզնես պլան ներկայացնելով, դա անում ենք ոչ քաղցր կյանքից, անում ենք քանի, որ նախարարությունը եւ կառավարությունը չեն անում: Այստեղ հասկացությունների շփոթություն է, եւ ես վախենամ, որ պաշտոնեական անգործություն: Սա կոնսոլիդացիոն, միախմբման ի մի գալու, միասնաբար ինչ-որ բան անելու նախագիծ է, որ բոլորս մեր մշակույթի, գրականության ու հեռանկարի համար մի բան ենք առաջարկում անել, որտեղ բոլորի ներդրումը, լինեն դրանք ,մասնավոր անձինք, առավել եւս պետական կառույցներ, պետք է ստեղծի այն միջավայրը, որ մենք ակնկալում ենք, բայց առայժմ ամենասթափ մոտեցումը ոլորտին մոտ կանգնած պաշտոնյաներից միայն վարչապետն է ցուցաբերել՝ հանձնարարելով, որ մենք շնորհանդեսն անենք:

Նոյեմբերի 16-ին ժամը 14:30-ին Մատենադարանում կայանալու է «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շնորհանդեսը, դրանից մեկուկես ժամ առաջ ես կլինեմ կենտրոն-թանգարանի տարածքում: Մինչ այդ թանգարանը չտեսած մարդկանց համար էքսկուրսիա եմ կազմակերպելու եւ բացատրություններ եմ տալու: Ուզում ենք շենքը ցույց տալ, որովհետեւ իրականում ոչ մի պատկան պաշտոնյա՝ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության մասնակիցներից շենքը չի տեսել կամ լավագույն դեպքում տեսել է կողքից անցնելիս ու տեղեկություն չունի շենքի մասին: Եթե միայն գծագրերն են տեսել, արդեն իսկ անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ էին այս կամ այն մարդիկ շենքի մասին դատողություններ անում…Օրինակ, ասում էին, որ շենքը հարեւան շենքերից բարձր է, չափազանց մեծ է, այսինքն նման բաներ կարող էր ասել շենքը չտեսած եւ անտեղյակ մարդը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930