Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Աննա Կարապետյանը քննարկման ներկայացրեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին ու «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով առաջարկում է խորհրդարանական կառավարման երկրում ԱԺ-ի դերը բարձրացնել:
Աննա Կարապետյանն ասաց, որ ԱԺ նախագահը պետք է հնարավորություն ունենա իր լիազորությունները իրականացնել պատշաճ. «Անվտանգության խորհուրդը գործադիր լիազորություններով օժտված սահմանադրական մարմին է եւ նրա անդամները գործադրի ներկայացուցիչներն են: Անվտանգության խորհուրդը գլխավորում է վարչապետը, ըստ Սահմանադրության: Օրենքում լրացում կատարելով՝ ԱԺ- նախագահին իրավունք է տրվում մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին ու առաջարկություն ներկայացնելու քննարկվելիք օրակարգի, հարցերի վերաբերյալ: Նա նիստից 5 օր առաջ իրավունք ունի ստանալ Անվտանգության խորհրդի նիստի օրակարգը»:
Աննա Կարապետյանը թվարկեց, թե ինչ մեծ լիազորություններ ունի ԱԺ-ն ու ԱԺ նախագահը: Արտակարգ դրություն հայտարարվելու, պատերազմական գործողությունների ժամանակ իրավունքի ուժով անհապաղ ԱԺ նիստ է հրավիրվում, բացի այդ, ԱԺ նախագահը, ըստ անհրաժեշտության, քաղաքական խորհրդակցություններ անելու իրավունք ունի, որի ժամանակ կարող է քննարկվել ինչպես ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականությանը,սահմանների անձեռնմխելիությանը, այնպես էլ պաշտպանության ոլորտի քաղաքականությանը վերաբերող հարցեր: ԱԺ նախագահը պետք է նաեւ իրավունք ունենա մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որը հարակից զեկուցող էր, ասաց, որ Սահմանադրական փոփոխություններից հետո Անվտանգության խորհրդի դերակատարությունը ՀՀ-ում վերափոխվել է. «Այն ավելի վերածվեց պաշտպանության խորհրդի, քան անվտանգության խորհրդի ու սա էր պատճառը, որ այն ավելի շատ դարձավ գործադիրի տիրույթում գործող մարմին: Այս նախագծի ընդունումը չափազանց կարեւոր է, կան մի շարք հարցեր, որոնք կարող են քննարկման առարկա դառնան Անվտանգության խորհրդում, կարող են առնչվել ԱԺ լիազորություններին ու ԱԺ նախագահը, որպես ԱԺ գործունեությունն ապահովող սուբյեկտ, պարտավոր է այդ գործընթացներին ներկա լինել: Առնվազն արտակարգ իրավիճակ հայտարարելու, ռազմական դրություն հայտարարելու, պատերազմ հայտարարելու պարագայում ԱԺ-ն ունի լիազորություններ ու ԱԺ-ի բնականոն գործունեությունը պետք է ապահովի: Խոսքը վերաբերում է նիստերին մասնակցելու իրավունքի մասին, ոչ թե պարտադրանքի: Նա կարող է ծանոթանալ Անվտանգության խորհրդում քննարկվող փաստաթղթերին»:
Կարդացեք նաև
Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանն ասաց, որ կառավարությունը դեմ չէ, որ ԱԺ նախագահը մասնակցի Անվտանգության խորհրդի նիստերին, բայց գտնում են, որ առաջարկություն ներկայացնելու իրավունքից պետք է ձեռնպահ մնալ:
Պատգամավորներն ընդդիմացան՝ ԱԺ նախագահը, եթե ուղղակի լուռ մասնակցի, արդյունավետ չի լինի, նա պետք է ներկայացնի իր եւ խորհրդարանի կարծիքը: Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ԱԺ նախագահը միայն օրակարգի վերաբերյալ կարող է առաջարկություն ներկայացնել, բայց քվեարկելու իրավունք չունի, ի՞նչ խնդիր կարող է լինել. «Ըստ էության, ԱԺ նախագահը նիստերին մասնակցում է խորհրդակցական ձայնի իրավունքով: Թե՞ պետք է տանեք, ասեք՝ խնդրում եմ, նստիր էստեղ ու բան չանես: Նա իրավունք ունի քննարկումներին մասնակցել ու քննարկում ծավալել»:
Աննա Կարապետյանն ասաց. «Մենք այլեւս անցել ենք խորհրդարանական մոդելի ու ՀՀ ԱԺ-ն վերահսկողություն է իրականացնում գործադիրի նկատմամբ: Ո՞վ է ասել, որ պաշտպանության ոլորտը պետք է բացառություն լինի այդ վերահսկողությունից: ՀՀ ԱԺ-ն առաջնային մանդատ ունեցող միակ քաղաքական մարմինն է այսօր ՀՀ-ում, ԱԺ-ն է ի վերջո ընտրում վարչապետին ու գործադիրի նկատմամբ ամբողջական վերահսկողություն իրականացնելու կոնտեքստում դիտարկելով սա ՝ ԱԺ նախագահի ինստիտուտի պաշտոնի գերկարեւորությունը շեշտադրվում է նաեւ հենց նրանով, որ նրան տրվում է իրավունք մասնակցելու նիստերին ու առաջարկություններ անելու»:
Վադիմիր Վարդանյանն ասաց, որ բոլորն ընդունում են, որ Անվտանգության խորհրդի կանոնակարգումները Սահմանադրությունում խնդրահարույց են: Կառավարության նիստերին մասնակցում է դատախազությունը, որը անկախ մարմին է, նա առաջարկություններ չի՞ անում: Փոխնախարարը պատասխանեց, որ ոչ, իրավունք չունի: Պատգամավորը հարցրեց՝ այդ դեպքում ինչի՞ է մասնակցում: Պատասխանը պարզ էր՝ «որպեսզի հարցեր լինեն՝ պատասխանի»:
Վլադիմիր Վարդանյանն ասաց՝ Անվտանգության խորհուրդը գործադիր չի, ով ինչ ուզում է՝ ասի: Աննա Կարապետյանը ճշտեց, որ ԱԺ նախագահին չեն ասում, որ ԶՈՒ պլանի վերաբերյալ առաջարկ ներկայացնի, նա կարող է դա անել միայն ԱԺ-ին վերաբերող հարցերի դեպքում:
«Լուսավոր Հայաստանն» էլ իր հերթին էր առաջարկել ներառել, որ խմբակցությունների ղեկավարները կարող են մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին: Այդ առաջարկը մերժվեց: Իսկ Աննա Կարապետյանի նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ