Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Խորապես անհամաձայն եմ Արայիկ Հարությունյանի որոշման հետ». Աղասի Ենոքյան

Նոյեմբեր 08,2019 19:07

«Խորապես անհամաձայն եմ նախարարի որոշման հետ,  որ հայոց լեզու և հայոց պատմություն առարկաներն այլևս չպետք է դասավանդվեն բուհերում»,-Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Նա մտահոգություն հայտնեց, թե մոդեռնիզացիա ասելով՝ այսօրվա իշխանությունները հասկանում են հայոց լեզու և հայոց պատմություն առարկաները բուհական կուրսից հանելը: Աղասի Ենոքյանը փաստեց, որ բուհերում այսօր հայոց լեզու և հայոց պատմություն առարկաների իմացությունը շատ ցածր մակարդակի վրա է և հավելեց. «Սա առաջին հերթին դպրոցների խնդիրն է, որոնք բավարար գիտելիքներ, կադրեր չեն տալիս համալսարանին: Բայց այս խնդիրը լուծելու համար ժամանակ, ֆինանսական միջոցներ, կադրեր են պետք: Իմ ուսանողները բուհերում գրավոր քննությունների ժամանակ հայոց լեզվի սարսափելի սխալներ են անում, որ անգամ միտքը չեմ հասկանում: Ուստի դպրոցում բաց թողածը բուհում բարձրացնելն օրախնդիր է»:

Նա պնդեց՝ բուհերում անհրաժեշտ է ըստ որոշ մասնագիտությունների՝ հայերեն լեզվամտածողության, տերմինաբանության ծանոթացման խնդիրը լուծել: Նա նշեց, որ դպրոցներում այս խնդիրը լուծել չեն կարողանում:

Օրինակ բերելով ամերիկյան համալսարանները՝ Աղասի Ենոքյանն ասաց, որ այնտեղ միշտ կա պահանջ, որ ուսանողները որոշակի քանակով հումանիտար առարկաներ, կուրսեր վերցնեն և հակառակը, հումանիտար առարկաներ ուսանող երիտասարդներից պահանջում են, որ որոշակի քանակությամբ բնագիտական առարկաներ վերցնեն. «Սա ընդհանուր կրթության խնդիր է: Դու չես պատրաստում նեղ մի հաստոցի ինժեների, այլ լայն սպեկտորի ինժեների. դրա համար անհրաժեշտ է հումանիտար կրթության լրացումը»:

Աղասի Ենոքյանի կարծիքով՝ բուհերում հայոց պատմություն և հայոց լեզու առարկաները որ ուսանում են, գոնե որոշակիորեն լրացնում է բացը, ստեղծում է նորմալ մտածող մարդ:

Կրկին, օրինակ բերելով ամերիկյան կրթական համակարգը՝ Աղասի Ենոքյանը հիշեց Սահմանադրությունը և զուգահեռներ տարավ հայկական իրականության հետ. «Ամերիկայում յուրաքանչյուր դպրոց ավարտած իր երկրի սահմանադրության մասին ունի հսկայական պատկերացումներ, իսկ մեզանում ամենաբարձր ռանգի քաղաքական գործիչները չեն հասկանում՝ ինչ է սահմանադրությունը, որն է Սահմանադրության նպատակը և կարող են ցանկացած պահի ոտնահարել այն: Սա նույնպես հայրենասիրական կրթության հարց է, այսինքն՝ այդ տիպի առարկաները գոնե որոշակի չափով լրացնում են այս բացը: Այնպես որ, Արայիկ Հարությունյանի որոշումը սխալ է»:

Դառնալով «Հուզանք ու զանգ» ներկայացմանը՝ ասաց. «Մոդեռնիզացիա անվան տակ դնում են «Հուզանք և զանգ» անճաշակությունը, որը ոչ մի դրական էներգիա չի տալիս: Թող ֆինանսավորում գտնեն, բեմադրեն, եթե ցանկանում են, բայց դա չանեն պետական փողերով: Այսպիսի դրամաշնորհներ տալու պատճառն այն է, որ չկա քաղաքականություն, չունեն ուղենիշներ և′ կառավարության անդամները, և′ դրամաշնորհներ բաշխող ստորին բյուրոկրատիան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930