Լրահոս
Օրվա լրահոսը

«Արայիկ Հարությունյանն ո՞վ էր մինչեւ հեղափոխությունը, ո՞ւմ ֆինանսավորմամբ է կրթություն ստացել». Արծվիկ Մինասյանը հորդորում է՝ եթե էդքան վստահ է իր ուժերին, թող գա բանավեճի

Նոյեմբեր 08,2019 18:07

Այսօր ՀՅԴ ԳՄ անդամներն ասուլիս էին հրավիրել՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքի ու հայտարարությունների մասին իրենց գնահատականները ներկայացնելու:

Նրանք նախարարին անվանեցին «տրոյական ձի», «անպատասխանատու անձ» եւ պահանջեցին ներողություն խնդրել:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ եթե Նիկոլ Փաշինյանը պաշտպանում է նույն տեսակետները, ազգային արժեքների ոտնահարման Արայիկ Հարությունյանի վարքագիծը, նույն գնահատականները իրեն էլ են տալու ու ավելի խիստ. «Մենք ակնկալում ենք գոնե ողջամտություն ու ողջախոհություն»:

Լրագրողները փոխանցեցին Արայիկ Հարությունյանի այն փաստարկները, որ ՀՅԴ-ական նախարար Լեւոն Մկրտչյանի օրոք էր, որ դպրոցների կուսակցականացվում էին, քաղաքականացվում էր բուհական համակարգը, կրթական համակարգը առհասարակ, որ Լեւոն Մկրտչյանի պաշտոնավարման ժամանակ կոռուպցիա է եղել: Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ Արայիկ Հարությունյանին պետք է պատասխանատվության ենթարկել՝ իր այդ մտքերի համար. «Ինչ վերաբերում է քաղաքականությանը, Լեւոն Մկրտչյանն օրերս հայտարարեց, որ պատրաստ է բովանդակային բանավեճի: Դե եթե էդքան ցանկություն կա, էդքան վստահ է իր ուժերին, դե թող բանավեճի: Երբ մարդը մտնում է իր պատյանի մեջ ու իրեն թվում է, թե չորս կողմը այլեւս այնպիսի օդ է, ինքը կարող է ամեն ինչ անել: Հիմա ինքը կարող է գնա, Տիգրան Մեծից գա, ես էլ կարող եմ ասել՝ Արայիկ Հարությունյանն ո՞վ էր մինչեւ հեղափոխությունը, ո՞ւմ ֆինանսավորմամբ է կրթություն ստացել»:

Լրագրողները հարցրեցին՝ ո՞ւմ՝ Մինասյանն էլ արձագանքեց. «Դուք գնացեք իրեն հարցրեք, ես էստեղ չեմ ասի»:

Դիտարկմանը, որ իսկապես ՀՅԴ-ական նախարար մի քանի շրջան պաշտոնավարել է ու բուհերը եղել են քաղաքականացված՝ Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Եթե օրենքով նախատեսված խախտումներ են տեղի ունեցել, դրա համար պատասխանատվության հստակ մեխանիզմներ կան, փոխարեն սպառնալիքների, թող կոնկրետ հանդես գա: Բանավեճի պատրաստ ենք, քրեականով պետք է գործ անի, հակառակ դեպքում իր նկատմամբ պետք է հարուցվի, ի վերջո կրթական ոլորտում ինքը ի՞նչ է արել: Ուսուցչի արժանապատվությունն է վիրավորում՝ դուք անգլերեն չգիտեք եւ այլն, է՞ս է նախարարի դաստիարակությունը»:

Արծվիկ Մինասյանը գտնում է, որ սա բերելու է համազգային պայքարի, ազգային մտածելակերպով մարդիկ իշխանություններին կքշեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930