Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ ԳՄ անդամները Արայիկ Հարությունյանից պահանջում են ներողություն խնդրել. «Արայիկ Հարությունյանը ոչ այլ ոք է, քան տրոյական ձի Հայաստանի համար»

Նոյեմբեր 08,2019 18:00

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՀՅԴ ԳՄ անդամներն ասուլիս էին հրավիրել՝ ներքաղաքական վերջին զարգացումների, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարության հետ կապված:

Աշոտ Սիմոնյանը հիշեցրեց, որ Արայիկ Հարությունյանը ՀՅԴ երիտասարդների գործելաոճը որակել էր անդաստիարակ պահվածք, ուստի արձագանքեց. «Ես չգիտեմ Արայիկ Հարությունյանի մանկության շրջանում ստացած դաստիարակությունն իր արժեհամակարգով ինչպիսին է եղել, բայց եթե ազգային արժեքների ոտնահարման դեմ պայքարող երիտասարդներից որեւէ մեկը անվանում է անդաստիարակ, ուրեմն խնդիրը պետք է պարոն Հարությունյանն իր արժեհամակարգի մեջ փնտրի: Նա կոչ է անում մեր սփյուռքի կառույցների ղեկավարներին գալ եւ տեր կանգնել հայաստանյան դաշնակցականներին, անդաստիարակ ՀՅԴ-ականներին: Եթե մեր սփյուռքի կառույցների ղեկավարները գան Հայաստան ու ավելի մոտիկից ծանոթանան այն ապազգային գործելաոճին, որ պարոն Հարությունյանը կրթության ոլորտում ցանկանում է իրականացնել, նրանք կհորդորեն հայաստանյան կառույցի ՀՅԴ-ականներին ավելի վճռական լինել ու օր առաջ պարոն Հարությունյանին ու նման մտածելակերպ ունեցող անձանց դուրս մղել քաղաքականությունից ու առհասարակ պետական կառավարման համակարգից»:

Աշոտ Սիմոնյանն ասաց, որ Արայիկ Հարությունյանին լավ են ընդունել դրսում ու եթե դրա հակառակ կողմն է ուզում տեսնել, դրան էլ կարժանանա: Նա վստահեցրեց, որ դրսի ու ներսի ՀՅԴ-ականների ջրբաժան գոյություն չունի:

Իսկ Տարոն Տոնոյանը հավելեց, որ անհանգստացնում է կրթության, գիտության, մշակույթի ոլորտում քաղաքականությունը, որը մեր հասարակությանը տանում է ապազգայնացման. «Սա տանում է ապազգային հասարակության, որի համար խաղաղությունը ցանկացած տարբերակով ընդունելի է: Մենք այս հարցը դիտարկում ենք ազգային անվտանգության դիտանկյունից, սա արժեհամակարգ թելադրելու ծրագրավորված քաղաքականություն է, որը վարվում է այսօր, մասնավորաբար կրթության, գիտության ու մշակույթի նախարարի, կառավարության կողմից: Քաղաքական ուժ, որը Երեւանում ստացավ 80 տոկոս, իսկ ԱԺ-ում՝ 70 տոկոս, պետք է որ կարողանար օգտագործել այդ հոյակապ ռեսուրսը՝ բերելու այն բանավոր խոսքերը, որ ասվեցին՝ մարմին դարձնելու, թավշյա հեղափոխություն, համերաշխություն, ազգային միասնություն…բայց առաջին բաժանարար գծողները հենց իշխանությունները դարձան: Եթե որեւէ մեկը մեզ քննադատում է քննադատելու համար՝ մեր քննադատելը միշտ եղել է ի շահ պետության, երբեք բամբասելու մակարդակին չենք իջել:

Ինչ վերաբերում է պարոն նախարարի դաստիարակությանը, որ մեր երիտասարդներին, հայաստանյան կառույցին անվանում է անդաստիարակ, պիտի ասեմ, որ մեր դաստիարակությունը հետեւյալն է՝ ՀՅԴ-ն որպես ընտանիք մեզ դաստիարակել է սիրել ընկերոջը, մերձավորին, հայրենիքը ոչ միայն լեզվով, այլ սրտով ու գործով, ինչը մենք արել ենք պատերազմի ժամանակ: Ով անմիջական մասնակցություն չի ունեցել, զենք ու զինամթերք ենք ուղարկել մեր բարեկեցության հաշվին, որ արցախյան պատերազմ հաղթենք: Այսօր նստացույց անող երիտասարդները ապրիլյան պատերազմի ժամանակ առաջին իսկ արձագանքողն են եղել, հայտնվել են Թալիշի առաջնագծում, ոչ թե խրամատներ են փորել: Սա է մեր դաստիարակությունը, ոչ թե նրանք, ովքեր ուզում են Մայր աթոռը շրջապատել ու այնտեղ վրան խփել, մեր համար անդաստիարակներն այն մարդիկ են, ովքեր դատարաններն են շրջափակում: Հանրության մի ստվար զանգվածի անդաստիարակ անվանե՞լ՝ ես պիտի միանամ մեր երիտասարդների պահանջին՝ հրաժարականին եւ եւս մի պահանջ ավելացնեմ՝ եթե ինքը այդքան դաստիարակված է, թող ներողություն խնդրի այն մարդկանցից , ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են ու Եռաբլուրում են թաղված, նրանց մայրերն ու հայրերին, ովքեր ՀՅԴ-ականներ են: Այս անհանդուրժողականությունը մեր պետությունը թուլացնում է»:

Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ Արայիկ Հարությունյանին հրավիրում էին հրապարակային բանավեճի, հրաժարվում էր, այն ժամանակ իր պատվից ցածր էր դասում. «Բանից պարզվեց, որ Արայիկ Հարությունյանը ոչ այլ ոք է, քան տրոյական ձի Հայաստանի համար, որ ներդրված է ու որի նպատակը պարզապես քանդել ՀՀ, հայ ժողովրդի ազգային ինքնատիպությունը ու եթե կա նրան աջակցող անձ, նույնքան մերժելի է նաեւ այդ անձը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930