Նոյեմբերի 16-ին Երևանում առաջին անգամ անցկացվելու է Arm Cocktail Festival-ը, որն արդեն հասցրել է հետաքրքրություն առաջացնել ոլորտի ներկայացուցիչների շրջանում և ոչ միայն: Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի անցկացման միջոցով ցանկանում են նաև զարկ տալ հայկական կոկտեյլների տարածմանը:
«Շատ քիչ կոկտեյլներ կան, որոնք կարող են բացառապես հայկական համարվել: Դա նկատի ունենալով էլ՝ որոշեցինք ներառել փառատոնի մեջ նաև ծիրանի կոնյակ: Մեր փառատոնին մասնակցող բոլոր բարերը, որոնք պետք է երեքական կոկտեյլ պատրաստեն, դրանց պետք է հիմքում ներառեն ծիրանի կոնյակ: Սա համային նոր փունջ կլինի, որ շատ ստացված է: Վստահ ենք, որ կոկտեյլները փառատոնից հետո էլ մեծ տարածում կգտնեն»,- Aravot-ի հետ զրույցում նշեց Լիլիթ Գալստյանը, որը Arm Cocktail Festival-ի տնօրենն ու կազմակերպիչն է:
Վերջինիս խոսքով՝ առաջին անգամ անցկացվող փառատոնին մասնակցելու են երևանյան թվով 5 բարեր, դրանք կներկայանան իրենց յուրահատուկ կոկտեյլներով, կլինեն նոր կոկտեյլներ, որոնք շուկա կմտնեն և կներառվեն մենյուում: Փառատոնի ընթացքում հենց բարմեններն էլ իրենց յուրահատուկ կոկտեյլներով կապահովեն օրվա տրամադրությունը: Փառատոնը տևելու է մոտ 4 ժամ՝ տեղի է ունենալու մեգափարթիի ձևաչափով, որի ընթացքում փառատոնի այցելուները կվայելեն լավ երաժշտություն և համեղ կոկտեյլներ:
Arm Cocktail Festival-ի տնօրենը նշեց նաև, որ փառատոնի շրջանակներում տեղի է ունենալու է նաև Սոնայի և Gypsy Kings խմբի Մանոլոյի համերգը:
Կարդացեք նաև
«Սոնան իսկական կրակ է, իսկ նրա և Մանոլոյի զուգերգն առ այսօր մեծ պահանջարկ ունի: Նման մեծ էներգետիկայով արտիստները մոտ 1.5 ժամ ելույթ են ունենալու և, բնականաբար, իրենց էներգետիկան են փոխանցելու: Բացի դրանից՝ ունենալու ենք նաև DJ, իսկ հաղորդավար Եգոր Գլումովն էլ երեկոն ամբողջական կդարձնի»,- ասաց Լիլիթ Գալստյանը:
Նա հավելեց, որ Arm Cocktail Festival-ի հաղթողը ստանալու է 500.000 դրամ պարգևավավճար և «Տարվա լավագույն բար» կոչման սերտիֆիկատ: «Տոմսերի վրա լինելու են վաուչերներ, որոնց քանակով էլ հասկանալու ենք, թե որ բարն է հաղթողը, քանի որ ամեն կոկտեյլ վերցնելիս այցելուները պետք է բարմենին հանձնեն վաուչեր: Թափանցիկ արկղեր են լինելու, ամեն ինչ լինելու է շատ բաց: Ընդհանուր առմամբ՝ մեր փառատոն կնպաստի Հայաստանում ալկո-մշակույթի ձևավորմանը, որպեսզի մարդիկ սովորեն, թե ինչպես պետք է խմիչքները գրագետ օգտագործել»-ասաց կազմակերպիչը:
Անի ՍԱՂԱԹԵԼՅԱՆ