Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի համար օրենք են փոխում

Նոյեմբեր 08,2019 17:35

Նոյեմբերի 2-ին ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցուցադրեց կառավարական այն առանձնատունը, որտեղ վերջերս է տեղափոխվել ընտանիքի հետ: Նա նաեւ ասաց, որ այդ առանձնատանը նախկինում բնակվել է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը, եւ ինքն այդ առանձնատունն անվանում է հանրապետության թիվ մեկ առանձնատուն: Ուղիղ եթերն էլ այդպես էր վերնագրված`«Պատմություն հանրապետության թիվ մեկ առանձնատան մասին»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ առանձնատան վերանորոգման վրա ծախսվել է մոտ 95 000 000 դրամ: Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ կառավարությունը պետական բյուջեից, շուրջ երկու միլիոն դոլար է հատկացրել առանձնատան վերանորոգման համար, իսկ լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան, կառավարության լրատվական ծառայությունից ասել էին, որ ծախսված գումարի չափն ասել չեն կարող, քանի որ հարցումը պարունակում է պետական գաղտնիք:
2018-ի մարտի 29-ին կառավարությունը որոշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան: Այս որոշումն այն ժամանակ մեծ աղմուկ բարձրացրեց: Այն պարզաբանվեց այսպես`պետության համար ավելի նպատակահարմար է`ծախսի առումով, կառավարական այդ մասնաշենքը տրամադրել պաշտոնաթող նախագահին, քան նոր տուն կառուցել-վերակառուցել եւ կահավորել:

Ինչեւէ, իրադարձությունների զարգացումը բերեց նրան, որ վարչապետ ընտրվելուց երկու օր անց, Սերժ Սարգսյանը հրաժարվեց կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից`պատճառաբանելով, որ դրա ժամանակը չէ: Այդ օրերին Հայաստանի փողոցներում բողոքի ցույցեր էին ընթանում:

Ավելի ուշ, ՀՀ նորընտիր կառավարությունն իր առաջին նիստում չեղյալ համարեց նախորդ կառավարության որոշումը: Սերժ Սարգսյանի տան հարցը դեռեւս լուծված չէ: Նա շարունակում է բնակվել Ձորաղբյուր գյուղում:

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (լրացված 07.03.18 ՀՕ-143-Ն) 7.2-րդ և 7.6-րդ հոդվածների համաձայն, Հանրապետության նախագահին և վարչապետին տրամադրվում են ծառայողական առանձնատներ Երևանում՝ Ձորափի 74 հասցեի՝ համապատասխանաբար 8-րդ և 3-րդ մասնաշենքերը: Նույն օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն, մինչև Հանրապետության նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնման օրը, պաշտոնաթող նախագահներին կառավարության որոշմամբ տրամադրվում են «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված համապատասխան երաշխիքները:

Aravot.am-ը երեկ հրապարակել էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից ստացված հարցման պատասխանը: Հետաքրքրվել էինք` պաշտոնի բերումով երբվանի՞ց է նա բնակվել Երևանում՝ Ձորափի 74 հասցեում գտնվող ծառայողական թիվ 6 մասնաշենքում և ինչո՞ւ չի տեղափոխվել օրենքով ՀՀ վարչապետի համար նախատեսված թիվ 3 մասնաշենք, իսկ մինչ այդ ՀՀ նախագահի համար նախատեսված թիվ 8 մասնաշենք: Սերժ Սարգսյանի գրասենյակից ստացած պատասխանի համաձայն, «Սերժ Սարգսյանը Ձորափի 74 հասցեում գտնվող ծառայողական մասնաշենքերից մեկում բնակություն է հաստատել դեռևս ՀՀ պաշտպանության նախարարությունը ղեկավարելու ժամանակ՝ 1993 թվականից»: Նաեւ պարզաբանել էին, որ սույն օրենքում, ըստ պաշտոնների կցված մասնաշենքեր եւ առանձին կարգավորումներ մինչեւ 07.03.2018թ. ՀՕ-143-Ն լրացումը, չեն եղել: «ՀՀ անկախության առաջին տարիներից սկսած ծառայողական առանձնատներում բնակվող բարձրաստիճան պաշտոնյաներին Ձորափի 74 հասցեում մասնաշենքերը տրամադրվել են ծառայողական անհրաժեշտության նպատակահարմարությամբ պայմանավորված, քանի որ բացակայել է օրենքով սահմանված կոնկրետ հասցեականության չափանիշը»,- ասված է պատասխանում:

Ի դեպ, այդ տարիների հետ կապված մի ուշագրավ պատմություն մեզ պատմեց նախկին բարձրաստիճան մի պաշտոնյա, ով չցանկացավ անունը հրապարակել: Ըստ այդմ, Վազգեն Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանն այդ առանձնատանը 1993-95 թվականները միասին են բնակվել. ելնելով այդ տարիների առանձնահատկություններից եւ բյուջեի սուղ պայմաններից: Այդ շրջանում Սերժ Սարգսյանի ընտանիքը դեռեւս Ստեփանակերտում էր բնակվում, նրանք Երեւան էին գալիս արձակուրդների շրջանում: 1995-ից, երբ Սերժ Սարգսյանի ընտանիքը տեղափոխվում է Երեւան, նա եւ իր ընտանիքը բնակություն են հաստատում հարեւանությամբ գտնվող մասնաշենքում:

Ինչեւէ, վարչապետի ընտանիքը որոշել է, փաստորեն, խախտել օրենքը եւ տեղափոխվել մի առանձնատուն, որը Նիկոլ Փաշինյանը համարում է թիվ մեկը:

Aravot.am-ն այսօր կառավարության լրատվական ծառայությունից հետաքրքրվեց`ի՞նչ իրավական ակտի հիման վրա է վարչապետի ընտանիքը տեղափոխվել բնակվելու Ձորափի 74 հասցեում գտնվող ծառայողական առանձնատան թիվ 6 մասնաշենք, երբ ՀՀ վարչապետի համար նախատեսված է թիվ 3 մասնաշենքը:

«Հայտնում ենք, որ ս.թ. նոյեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում`ուղիղ հեռարձակմամբ, մանրամասն անդրադարձել է ծառայողական առանձնատան հետ կապված հարցերին: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ հասցեն փոխելու հետ կապված արդեն իսկ շրջանառության մեջ է դրված օրենսդրական փոփոխությունների համապատասխան նախագիծ»,- ասված է կառավարության տրամադրած պատասխանում:

Փաստորեն, ինչպես կասեր լրագրող Նիկոլ Փաշինյանը, «վարչապետի հագով օրենք են կարում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930