Լրահոս
Օրվա լրահոսը

«Արայիկ Հարությունյանը Քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության, առնվազն երկու հոդված կա». Արծվիկ Մինասյան

Նոյեմբեր 08,2019 17:21

ՀՅԴ ԳՄ անդամներն այսօր ասուլիս էին հրավիրել՝ ներքաղաքական վերջին զարգացումների, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին:

Արծվիկ Մինասյանը դատապարտեց «Արայիկ Հարությունյանի պահվածքը, երբ փորձեց երիտասարդների ազնիվ ընդվզումը որակել, այն դեպքում, երբ ոլորտի քաղաքականության հիմնական շահառուն հենց երիտասարդությունն է: Երբ երիտասարդությունը ընդվզում է, սա կրթության պատասխանատուի կողմից որակել, սա նշանակում է,որ մարդը չի հասկանում որտեղ է գտնվում ու ինչ գործառույթներ ունի»: Մինասյանը կարդաց Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին կոնկրետ հատված՝ ցույց տալու, որ Արայիկ Հարությունյանը ընդհանրապես չի գիտակցում ու չի պատկերացնում իր գործունեությունը, գործառույթները:

Ըստ Արծվիկ Մինասյանի, Արայիկ Հարությունյանը գործում է հակաօրինական ընթացքով: Երիտասարդների պայքարում ոչ թե կուսակցականությունն է, այլ ազգային ինքնությունը, հո պատահական չէ, որ այս ոլորտի կարեւոր դերակատարները, մտավորականները նույնպես իրենց բողոքի ձայնն են բարձրացնում այն քաղաքականության ու առաջարկների վերաբերյալ, որ նախարարության ու անձամբ նախարարի կողմից դրվում է շրջանառության մեջ. «Այս մարդը ոչ միայն չի տիրապետում իրավիճակին, այլ նաեւ կանխամտածված օտարածին սպասարկում է իրականացնում՝ կտրել ազգային օրակարգից մեր մատաղ սերնդին»:

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Արայիկ Հարությունյանի այն պնդմանը, որ ՀՅԴ-ականների ուղարկած արկղերը կլցնի քրգործերով ու հետ կուղարկի: Մինասյանի դիտարկմամբ՝ «Հրապարակային սպառնալիքներ են հնչում քրգործերի, արկղերը լցնելու մասին: Ես հիմա հրապարակային հայտարարում եմ, որ Արայիկ Հարությունյանը Քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության, թող հոդվածն ինքը որոշի, բայց առնվազն երկու հոդված կա՝ կա՛մ սուտ մատնության հոդվածն է, կա՛մ հանցագործություն է պարտակում, երբ ծանր հանցագործության գործիքը, առիթը, թեման քողարկում է: Հակառակ պարագայում Արայիկ Հարությունյանի արտահայտած այս սպառնալիքները ունեն մեկ կարեւոր նպատակ՝քաղաքական շանտաժի լեզվով փորձել իբր իրավական մեղադրանքների տարափ տեղալ: Գործ ունենք անպատասխանատու մի անձնավորության հետ, որը իշխանության վարկաբեկման, հեղինակազրկման գործընթաց է սկսել: Փոփոխությունները, որ դրվել են շրջանառության մեջ, ունեն բովանդակային հակասություններ նույնիսկ իրենց հայտարարած նպատակներին»:

Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ երիտասարդների բողոքը, ցասումը՝ ուղղված այդ փոփոխություններին, աջակցություն է ստանալու ՀՀ բոլոր բնակավայրերում ու հասարակության բոլոր շերտերում. «Մեր ազգային ինքնագիտակցությունը, ազգային նկարագիրը երբեք ու որեւէ արայիկ հարությունյաններ ու օտարածին օրակարգեր սպասարկելու պատրաստ անձինք չեն կարող ջարդել ու չեն կարող վնաս հասցնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930