Շատ կարեւոր տեղեկատվություն ենք ստացել ՀՀ Պաշտպանության նախարարությունից, որը պահանջվել էր մեր կողմից։ Նախարարը մեզ ուղարկել է լրացուցիչ նյութեր
2016թ․-ի ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովն այսօր հերթական փակ նիստն էր հրավիրել։ Ավարտին հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ասաց․ «Շատ կարեւոր տեղեկատվություն ենք ստացել ՀՀ Պաշտպանության նախարարությունից, որը պահանջվել էր մեր կողմից։ Նախարարը մեզ ուղարկել է լրացուցիչ նյութեր։ ՊՆ-ի տրամադրածը վերաբերում է մինչեւ ռազմական գործողությունների սկիզբն առկա տեղեկատվությանը եւ դրանց ընթացքում հետախուզական մարմինների ունեցած տեղեկատվությանը»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «նախարար Դավիթ Տոնոյանն ասում է, որ ապրիլյան դեպքերի առնչությամբ ՊՆ-ն ամեն ինչ գիտի, ուստի հանձնաժողովի աշխատանքն իրենց համար նորություն չէ․ նման պարագայում ի՞նչ առաքելություն ունի հանձնաժողովը»։ Անդրանիկ Քոչարյանը նախ ասաց, որ Դավիթ Տոնոյանի դիտարկումը չի մեկնաբանի․ «Իհարկե, ՊՆ-ին շատ բան հասանելի է եղել, բայց խնդիրը հետեւյալն է․ արդյոք դրանից հետո որոշումները եղե՞լ են ճիշտ, որոշումները կատարվե՞լ են, թե ոչ։ Դրա համար պետք է հասկանանք, թե ինչպիսին է եղել բանակի կառավարելիության մակարդակը, եւ թե ապրիլին ինչ ծավալի եւ բնույթի գործողություններ են եղել»։
Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանի կարծիքին, թե ապրիլյան դեպքերը դավադրություն էին Ադրբեջանի կողմից, Քոչարյանը նկատեց․ «Կարեւոր տեսակետ է։ «Դավադրություն» բառը խոսում է այն մասին, որ կողմեր կան։ Ուզում եմ հասկանալ՝ Ադրբեջանի դավադրությունն ինչի՞ հիման վրա էր ծրագրված։ Դա դավադրություն էր խաղաղությա՞ն դեմ»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ