Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է միջուկային ճառագայթման կենտրոն. վահանաձեւ գեղձի քաղցկեղը լիովին կբուժվի ՀՀ-ում

Նոյեմբեր 08,2019 16:58

«Էրեբունի» ԲԿ-ում բացվում է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն, որի գլխավոր ուղղություններից է վահանաձեւ գեղձի հիվանդությունների, մասնավորապես չարորակ ուռուցքների ախտորոշումն ու բուժումը: Բուժումն իրականացվելու է ռադիոակտիվ յոդի միջոցով՝ հատուկ կապարապատված հիվանդասենյակներում, եվրոպական չափորոշիչներին համապատասխան: Նոր կենտրոնն ունի մեկուսացված 4 հիվանդասենյակ:

Այս նորաստեղծ կենտրոն է այսօր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին մանրամասն ներկայացրել են, թե կենտրոնն ինչպես է աշխատելու, ինչ սարքավորումներ կան:
Սարքավորումները վերջին սերնդի են, բժիշկներն ասացին, որ անգամ եվրոպական շատ կլինիկաներում այսպիսի հագեցվածությամբ կենտրոն ու այսպիսի սարքավորումներ չկան:

«Էրեբունի» բուժկենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Միջուկային ճառագայթման կենտրոնը, որ բացել ենք, ամենաթրենդային ուղղությունն է աշխարհում, այստեղ բժիշկներն ու ֆիզիկներն այսօր կարողանում են բուժել այն հիվանդությունները, որոնք նախկինում չէին բուժվում: Ուստի պրոֆեսոր Հարություն Քուշկյանն որոշում կայացրեց «Էրեբունիում» ունենալ գերզարգացած կենտրոն»:
Մանուկյանի ներկայացմամբ՝ կենտրոնի ստեղծման համար ներդրվել է 600 մլն դրամ, անգամ շինարարության համար լուրջ ներդրումներ են կատարվել. «Դա սովորական շինարարություն չէ, կենտրոնի պատերը հատուկ նյութով են ծածկված, 70 տոննա «սվինես» է օգտագործվել, որն ապահովելու է հիվանդների եւ բուժաշխատողների անվտանգությունը»:

Գործադիր տնօրենը նաեւ նշեց, որ կան քաղցկեղային հիվանդություններն, որոնք լիովին բուժվում են միայն միջուկային բժշկությամբ. «Մենք իզոտոպ արտադրող եվրոպական գործարանից ենք ներմուծելու դեղերը, դրանք ինքնաթիռով ենք տեղափոխելու: Առաջին անգամ Հայաստանում գրանցել ենք իզոտոպային դեղ, որը բոլոր ընթացակարգերն անցել է: Վաղն արդեն հիվանդներ ենք ընդունելու»:

Մանուկյանի տեղեկացմամբ՝ հետազոտությունը կարժենա 40 հազար դրամ, իսկ բուժումը կախված է դեղի չափաքանակից:

«Տարեկան ամենաքիչը 300 հիվանդ էր Հայաստանից մեկնում արտերկիր ախտորոշման եւ բուժման համար: Հիմա արդեն Հայաստանում կլինի որակյալ բուժում: Մեր մասնագետները լուրջ վերապատրաստում են անցել: Մենք ունենք լավ մասնագետների, բժիշկների եւ ֆիզիկների թիմ: Ասեն, որ բայցի յոդոթերապիայից, կան քաղցկեղային հիվանդություններ, որոնք իզոտոպով են բուժվում, բանակցում ենք, որ այդ դեղերն էլ ներմուծենք, որպեսզի մեր ազգաբնակչությունը որակյալ բուժում ստանա: Այսինքն, այս պահին մեր ուղղությունը վահանաձեւ գեղձի չարորակ ուռուցքի բուժումն է, բայց շագանակագեղձի, արգանդի քաղցկեղների դեպքում իզոտոպային բուժումը նոր է Եվրոպայում, եւ մենք նույնպես ուզում ենք դա ներդնել մեր կլինիկայում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930